Մ. թ. ա. II հազարամյակի վերջին-I հազարամյակի սկզբին Հայկական լեռնաշխարհում բնակվող ցեղերը, որոնք սեպագիր արձանագրություններում հիշատակվում են տարբեր անուններով, ունեցել են պետ-քաղ. կազմավորումներ։ Հայերի՝ որպես ժողովրդի, կազմավորման ընթացքն ավարտվել է Վանի թագավորության (Ուրարտու) ժամանակաշրջանում (մ. թ. ա. IX-VI դդ.), երբ այդ միասնական և կայուն պետականության ներքո Հայկական լեռնաշխարհի ցեղերը հասել են տարածաքաղաքական միասնության։ Արդեն մ. թ. ա. VII դ-ի վերջի և VI դ-ի սկզբնաղբյուրներում (Հին կտակարանի մի շարք գրքեր, աքեմենյան արձանագրություններ, հին հույն հեղինակների երկեր) Հայկական լ-աշխարհը ներկայացվում է որպես հայերով բնակեցված միատարր երկիր։
Հայ ժողովրդի կազմավորման գործընթացին մասնակցել են զանազան ցեղեր ու ցեղամիություններ. առաջատար դեր են խաղացել հնդեվրոպ. լեզվաընտանիքին պատկանող ցեղերը։ Հայկական լ-աշխարհի հս-արևմ-ումում բնակված Հայասա (Խայաշա) ցեղամիությունից է ծագել հայերի ինքնանվանումը՝ հայ (խայ)։ Ըստ Պատմահայր Մովսես Խորենացու՝ հայոց անվանադիր նախնին Հայկ դյուցազն է, որի անունով էլ հայոց նահապետական տոհմը և արքայատոհմը կոչվել են Հայկազունք կամ Հայկյան։
Մ. թ. ա. XXIV-XXIII դդ-ից հիշատակվում է օտարների՝ հայերին տված ամենատարածված անվան նախաձևը՝ արման(ում), որից առաջացել է ներկայիս «Արմենիա» անվանումը։
Հայերի բնօրրանի՝ Հայկական լեռնաշխարհի տարածքը մոտ 400 հազար կմ2 է (ներկայիս ՀՀ, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի ու Վրաստանի պետական սահմաններում)։ Ըստ Աստվածաշնչի՝ Համաշխ. ջրհեղեղից հետո Արարատ լեռն է դարձել մարդկության փրկության ու վերածննդի սկզբնավայրը։
Հին դարերում Հայաստանը Մերձավոր Արևելքի ամենաշատ բնակչություն ունեցող պետություններից էր (գիտ. գնահատմամբ՝ մ. թ. ա. I դ-ում աշխարհում բնակվող շուրջ 130 մլն մարդուց 3,5 մլն-ը բնակվել են այստեղ և, հույն հեղինակների վկայությամբ, «խոսել են մեկ լեզվով՝ հայերեն»)։ Ըստ գրավոր աղբյուրների՝ Հայաստանի բնակչության թվաքանակը կայուն կերպով աճել է մինչև XII դ. (առնվազն՝ 7 մլն, որից շուրջ 6 մլն-ը եղել են հայեր, «Հայաստանի ազգային ատլաս», 2007, էջ 96)։ Հաջորդ դարերում պետականության կորստի և արտաքին ծայրահեղ աննպաստ գործոնների ազդեցությամբ հայ բնակչության թիվն սկսել է նվազել։ Զանգվածային է դարձել արտագաղթը՝ պայմանավորված ասպատակություններով ու տնտեսական դժվարություններով, կրոն, հալածանքներով, բնական աղետներով, հաճախ նաև օտար նվաճողների բռնի տեղահանումներով։
301-ին հայերը, աշխարհում առաջինը, քրիստոնեությունն ընդունել են որպես պետական կրոն։ Հայերի եկեղեցին Հայաստանյաց առաքել. եկեղեցին է, կան նաև կաթոլիկության, բողոքականության և այլ ուղղությունների հետևորդներ։
Հայ բնակչության զանգվածային տեղաշարժերը նոր ուժով դրսևորվել են XIX դ-ում, երբ, 1801-ից սկսած, Ռուս. կայսրության սահմաններում են հայտնվել Կովկասը և ապա Հայաստանի արլ. շրջանները, որոնք մինչ այդ Պարսկաստանի և Օսմ. կայսրության կազմում էին։
Սկսած XVII—XVIII դդ-ից և հատկապես Հայոց ցեղասպանության տարիներին Օսմ. կայսրությունում շատ հայեր բռնի մահմեդականացվել են. նրանց ժառանգներն այսօր Արմ. Հայաստանում զգալի թիվ են կազմում (մոտ 2 մլն)։
1914-ին օսմ. Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արմ. Հայաստանում բնակվել է 2,1 մլն հայ։ Թուրքիայում 1915-22-ին սրի է քաշվել շուրջ 1,5 մլն հայ, հարյուրհազարավորներ բռնի տեղահանվել են։ XX դ-ի առաջին ցեղասպանության հետևանքով Հայկական լ-աշխարհի գրեթե 4/5-ը կազմող Արմ. Հայաստանը զրկվել է իր արմատական (բնիկ) բնակչությունից։ Տասնյակհազարավոր հայեր հայրենազրկվել են և արտագաղթել Արլ. Հայաստան, Ռուսաստան, Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի երկրներ, ձևավորվել է հայկական Սփյուռքը։ Սփյուռքի հայկական գաղթավայրերը տարբեր ժամանակներում որոշակի պատմ. իրադարձությունների հետևանքով նվազել են կամ ստվարացել։ Ցայսօր շարունակվում է հայերի տեղաշարժը ողջ աշխարհում։
Հայերենը հնդեվրոպ. լեզվաընտանիքում առանձին, ինքնուրույն ճյուղ է, աշխարհի հնագույն գրավոր լեզուներից է, հայ ժողովրդի ազգ., ՀՀ և ԼՂՀ պետական լեզուն։