Մինչև հայոց գրերի և հայալեզու դպրոցների ստեղծումը Հայաստանում գործել են հուն., մասամբ նաև ասոր. ուսուցմամբ դպրոցներ։ Դրանք ազգային դպրոցներ չէին, բայց նպաստել են հայ դպրության զարգացմանը։
Հայոց դպրոցի բուն պատմությունն սկսվել է հայոց գրերի ստեղծումով (405), որից անմիջապես հետո Մեսրոպ Մաշտոցը Սահակ Պարթևի աջակցությամբ ձեռնամուխ է եղել կրթատների բացմանը։ Առաջին դպրոցը (վարդապետարան) բացել է Վաղարշապատում (գոյատևել է մինչև 510-ը), այնուհետև դպրոցներ է հիմնել Հայաստանի այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում, առաջինը՝ Ամարասում։ Մեսրոպյան դպրոցներում դասավանդվել են հայոց լեզու, երգ, երաժշտություն, գրչության արվեստ և այլն։ Խոշոր դպրոցները միաժամանակ եղել են գրչության կենտրոններ, ունեցել են ձեռագրատներ։ Գործել են նաև որոշակի թեքումով (գրիչների, թարգմանիչների) դպրոցներ։
Դպրոցներում նախապես դասավանդվել են Սուրբ Գիրքը, վարքաբանություն և եռյակ գիտությունները (քերականություն, ճարտասանություն, դիալեկտիկա), ապա նաև աստղաբաշխություն, բարոյագիտություն, թվաբանություն ևն։ Ավելի ուշ Դավիթ Անհաղթը (V դ.) առաջարկել է քառյակ գիտությունների (թվաբանություն, երկրաչափություն, աստղագիտություն և երաժշտություն) ուսուցում բարձր տիպի դպրոցներում։ Այն իրականացրել է Անանիա Շիրակացին (VII դ.)՝ ստեղծելով հայ աշխարհիկ առաջին գիտական դասագիրքը՝ «Քննիկոնը» (ընդգրկված էին «Յոթ ազատ արվեստները»)։ VIII-IX դդ-ում վերելք են ապրել Սյունյաց դպրոցը, Գեղարքունիքի գավառի Մաքենյաց ուխտը ևն։
IX դ-ում արաբ․ լծի թոթափումը, հայկական պետականության վերականգնումը, տնտեսական կյանքի, ինչպես նաև քաղաքների զարգացումը նպաստավոր պայմաններ են ստեղծել հայկական մշակույթի զարգացման համար։ Բագրատունիների և Զաքարյանների հովանավորությամբ՝ Հայաստանում, Ռուբինյանների հովանավորությամբ Կիլիկիայում բացվել են տարբեր տիպերի դպրոցներ, այդ թվում՝ աշխարհիկ։ Այդպիսի դպրոցներ գործել են Անիում, Արգինայում, Վանում, Կարսում և այլուր. սաներին ուսուցանել են գրել-կարդալ, երգեցողություն, տարրական թվաբանություն։ Կազմակերպվել են նաև մասնավոր դպրոցներ (առանձնական, իմաստնոց, տուն-դպրանոց), որտեղ տալիս էին քահանայական կրթություն։ Տարածված էին նաև խոշոր վանքերին կից վանական դպրոցները, եղել են 2 կարգի՝ տարրական և բարձր։ Այդ շրջանում նկատելի էր դպրոցների աշխարհականացման գործընթացը։ Նշանավոր դեմքերից էին Հովհաննես Կոզեռնը, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Հովհաննես Սարկավագը և ուր․։
Կիլիկյան Հայաստանում արդեն XI դ-ի վերջին դեռահաս սերնդի համընդհանուր ուսուցման և դաստիարակության համար բացվել են բազմաթիվ դպրոցներ, կրթությունը եղել է անվճար ու մատչելի բոլոր խավերի համար։ Նախն․ կրթությունն սկսվել է 7 տարեկանից և տևել է 3-5 տարի, սովորեցրել են գրաճանաչություն, ընթերցանություն, թվաբանություն, երաժշտություն, նկարչություն, նախնական գիտելիքներ են տվել կրոնից, պատմությունից, աշխարհագրությունից ևն։ Միջնակարգ դպրոցում ուսուցանել են քերականություն, ճարտասանություն, գրչության արվեստ, նկարչություն, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, օտար լեզուներ և այլն ։ Վարդապետարաններում դասավանդել են աստվածաբանություն, իմաստասիրություն, տրամաբանություն, իրավագիտություն, դիվանագիտություն, բժշկագիտություն և այլն, պատրաստել են գիտնականներ, պետական և հոգևոր աստիճանավորներ։ Ուսուցման լեզուն եղել է կիլիկյան միջին հայ-ը։ Կիլիկյան խոշոր ուսումնագիտական կենտրոններից էին Ակները, Արքայակաղնին, Դրազարկը, Կրական, Հեսվանցը, Մաշկևորը, Մեծքարը, Սկևռան, Սիսը, Տարսոնը և այլն։
XII դ-ի վերջին աչքի ընկնող ուսումնական հաստատություններից էին Նոր Գետիկում