Այս էջը հաստատված է

պատրաստելու նպատակով մանկավարժական տեխնիկումներում ստեղծվել են նախադպրոցական բաժիններ, իսկ 1938-ին Երևանում հիմնադրվել է նախադպրոցական ուսումնարան՝ հեռակա բաժնով։ 1939-ին Երևանի մանկավարժական ինստ-ում բացվել է նախադպրոցական (այժմ՝ նախադպրոցայան, սկզբնական և հատուկ կրթության) ֆակ-ը։

Հետպատերազմյան տարիներին զգալիորեն ավելացել է նախադպրոցական հիմնարկների ցանցը։ Ստեղծվել է նախադպրոց. հիմնարկի նոր տիպ՝ մսուր-մանկապարտեզ։ 1989-ին հանրապետությունում գործել են 1335 նախադպրոց․ հիմնարկներ, ինչպես նաև գերատեսչական ենթակայության 80 մսուր-մանկապարտեզ (130 հզ. երեխա), որոնց ավելի քան 70 %-ը՝ տիպային շենքերում։

ՀՀ-ի անկախացումից հետո անցումային փուլի դժվարությունները բացասաբար են անդրադարձել նաև նախադպրոց. հիմնարկների վրա. բազմաթիվ մանկապարտեզներ դադարել են գործելուց, նվազել է նաև դրանցում ընդգրկված երեխաների թիվը։

1990-ական թթ. կեսերից, հանրապետությունում կրթական բնագավառի բարեփոխումների իրականացմանը զուգահեռ, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կրտսեր տարիքի երեխաների կրթությանը և դաստիարակությանը։ Դրան նպաստում է նաև «Նախադպրոցական կրթության մասին» (2005) ՀՀ օրենքը, որով կարգավորվում են նախադպրոց. կրթության համակարգի գործունեության և զարգացման իրավական, կազմակերպչական և ֆինանս. հիմքերը։

Նախադպրոց․ կրթությունը ՀՀ-ում իրականացվում է հիմնականում համայնքային ենթակայության (1996-ից) նախադպրոց․ հաստատություններում և մասնակիորեն՝ գերատեսչական ենթակայության մանկապարտեզներում, ինչպես նաև 17 ոչ պետական նախակրթարաններում (առաջինը բացվել է 1999-ին), կրթահամալիրների կազմում գործող առանձին բաժիններում (մանկապարտեզ-կրտսեր դպրոց) կամ նախադպրոց․ դասարաններում։ Նախադպրոց․ հաստատություններում ապահովվում են երեխայի խնամքը, առողջությունը, դաստիարակությունը, կրթությունը։

Նախադպրոց․ տարիքի երեխաների կրթության և խնամքի կազմակերպման աջակցության ծրագրեր են իրականացրել տարբեր միջազգ. կառույցներ՝ ՄԱԿ-ի Մանկ․ հիմնադրամը, Բաց հասարակության ինստ-ը, «Վորլդ Վիժն» և «Փրկեցեք երեխաներին» կազմակերպությունները։

Ներկայումս ՀՀ-ում գործում է պետական և համայնքային ենթակայության (2011-ից՝ անվճար հիմունքներով) նախադպրոց. 622 հաստատություն (403-ը՝ քաղաքներում, 219-ը՝ գյուղերում), որտեղ հաճախում է 1-6 տարեկան շուրջ 54 հզ. երեխա՝ տարիքային 3 փուլով՝ վաղ տարիքի (մինչև 3 տարեկան), կրտսեր տարիքի (3-5 տարեկան) և ավագ տարիքի (5-6 տարեկան)։


Հանրակրթություն

Հայոց անկախ պետականության վերականգնումից (1918-ի մայիսի 28) անմիջապես հետո Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարությունը քայլեր է ձեռնարկել դպրոց․ գործի կարգավորման և հետագա զարգացման ուղղությամբ։ 1918-ի օգոստ-ին Հայաստանի խորհուրդն ընդունել է «Դպրոցի կառավարման մասին» օրինագիծը, որով հանրապետության տարածքում գործող նախկին պետական, եկեղեցածխական և այլ տիպերի դպրոցներ ազատ գործելու հնարավորություն են ստացել։ Կրթությունը դարձել է աշխարհիկ, որդեգրվել է դպրոցի կառավարման հասարակական սկզբունքը, տարրական դպրոցներում ուսումը եղել է անվճար ու պարտադիր, միջնակարգ ու բարձրագույն դպրոցներում՝ չափավոր վարձավճարով, կարիքավոր աշակերտները և ուսանողներն ստացել են կրթաթոշակ։

1918-19 ուսումնական տարում հանրապետությունում գործել են 133 տարրական (11,2 հազար աշակերտ, 113 ուսուցիչ) և 10 միջնակարգ (3,2 հազար աշակերտ, 177 ուսուցիչ) դպրոցներ։

Կրթ. գործի հետագա կազմակերպման և զարգացման մեջ մեծ է հանրային կրթության և արվ-ի նախարար, ականավոր գրականագետ ու մանկավարժ Նիկոլ Աղբալյանի դերը, որի օրոք մշակվել և հաստատվել են մի շարք օրենսդրական ակտեր, որոնցով ազգ. կրթական նոր համակարգի հիմքն է դրվել։ 1919-ի դեկտ-ին ընդունվել է «Օրենք պետական լեզվի մասին»