Այս էջը հաստատված է

պատմ. որոշումը, որով հայերենը պաշտոնապես ճանաչվել է պետական լեզու։ Առաջադրվել է նոր, ազատ ժողովրդավար․ դպրոցի գաղափարը, հատուկ ուշադրություն է դարձվել աշակերտների մարմնակրթական դաստիարակությանը, սկիզբնավորվել է սկաուտական շարժումը։

1919-20 ուս. տարում կտրուկ ավելացել է դպրոցների թիվը, գործել են 456 տարրական (40,2 հազար աշակերտ, 1047 ուսուցիչ) և 20 միջնակարգ (5,1 հզ. աշակերտ, 286 ուսուցիչ) դպրոցներ։ Միջնակարգ են դարձել Պուշկինի անվան, Նոր Բայազետի, Աշտարակի բարձր տարրական դպրոցները, Ալեքսանդրապոլի Սբ Փրկչի եկեղեցածխական դպրոցը, բացվել են Երևանի ուսուցչական սեմինարիայի պրոգիմնազիան, Վաղարշապատի, Ղարաքիլիսայի և Իջևանի գիմնազիաները։

Պետ. միջոցներից հատկացումներ են կատարվել դպրոցաշինության համար (բազմաթիվ դպրոցներ տեղավորված էին վարձու տներում)։ Հատուկ ուշադրություն է դարձվել դասագրքերի վերահրատարկմանը (մինչ այդ դրանք հիմնականում տպագրվել են Թիֆլիսում), նոր դասագրքերի ստեղծմանը («Դասընկեր», «Փայլուն արև» և այլն), ֆինանս․ աջակցություն է ցուցաբերվել Վրաստանի և Ադրբեջանի հայկական դպրոցներին՝ մեծապես նպաստելով այդ հանրապետություններում հայկական դպրոցական ցանցի պահպանմանը։ Մանկավարժական կադրերի պակասը լրացնելու, նրանց գիտելիքներն ընդլայնելու նպատակով 1919-ի աշնանից հանրապետության տարբեր վայրերում կազմակերպվել են մանկավարժկան դասընթացներ, բարելավվել է ուսուցիչների ֆինանս․ դրությունը, բարձրացվել է աշխատավարձը։

1920-21 ուսումնական տարում ծրագրվել էր դպրոց․ գործի էլ ավելի ընդլայնում և բարելավում, սակայն 1920-ի աշնանը ծայր առած ռազմաքաղաքական իրադարձությունների պատճառով հանրապետությունը հայտնվել է քաղաքական խոր ճգնաժամի մեջ. կրթական շատ ծրագրեր նույնպես մնացել են թերի։

Հանրապետությունում խորհրդային կարգերի հաստատումով կրթական գործընթացի զարգացման նոր հնարավորություններ են ստեղծվել։ Հայաստանի հեղկոմի 1920-ի դեկտ. 6-ի դեկրետով հայերենը հանրապետությունում ճանաչվել է պետական լեզու, նույն թվականին ստեղծվել է ՀԽՍՀ լուսժողկոմատը (1-ին լուսժողկոմ է եղել պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը), 1946-ից՝ լուսավորության նախարարություն։

1920-ից ՀԽՍՀ-ում դպրոց․ ցանցն ընդլայնվել է։ Խորհրդային առաջին տարիներին գործել են դպրոցի 2 հիմն․ տիպեր՝ տարրական և 7-ամյա։ Այնուհետև կազմակերպվել են աշխատանքային դպրոցներ։ 1923-24 ուսումնական տարում բացվել են բանֆակներ, որոնց նպատակը բանվորներին և գյուղացիներին բուհերում սովորելու համար նախապատրաստելն էր։ 1930-ին որոշում է ընդունվել ընդհանուր պարտադիր տարրական կրթության անցնելու մասին, սկսվել է դպրոցների կառուցման ծավալուն աշխատանք. 1929-32-ին կառուցվել են 383 դպրոց․ շենքեր՝ գլխավորապես գյուղ․ վայրերում։ 1932-33 ուսումնական տարում ՀԽՍՀ-ում գործել է 1099 դպրոց, որից 782-ը՝ տարրական, 302-ը՝ 7-ամյա, և 12-ը՝ միջնակարգ։ Հատուկ ուշադրություն է դարձվել դպրոցները մանկավարժ․ կադրերով ապահովելու խնդրին։

1920-30-ական թթ-ին չափահաս բնակչության անգրագիտության վերացման նպատակով ստեղծվել են խրճիթ-ընթերցարաններ, կարմիր անկյուններ, ակումբներ և մշակույթի տներ։ Եթե 1920-ին անգրագետ էր հանրապետության բնակչության 83 %-ը, ապա 1939-ին՝ ընդամենը 16 %-ը։

Հայրեն․ մեծ պատերազմի (1941-45) տարիներին ժողկրթության բնագավառը զգալիորեն տուժել է։ 1946ին մտցվել է ընդհանուր պարտադիր ուսուցում (7 տարեկանից)։ 1956-ին հիմնականում իրագործվել է 7-ամյա ընդհանուր պարտադիր կրթության ծրագիրը։ 1959-ին մտցվել է 7-16 տարեկանների 8-ամյա ընդհանուր պարտադիր կրթություն։ Մեծ ծավալի է հասել դպրոցաշինությունը։ 1960-61 ուսումնական տարում ՀԽՍՀ-ում գործել է 1219 ցերեկային հանրակրթական դպրոց (319,1 հազար սովորող), որից 179-ը՝ տարրական, 632-ը՝ 8-ամյա, 405-ը՝ միջնակարգ։ 1966-67 ուսումնական տարում անցել են ընդհանուր միջնակարգ կրթության, դպրոցներն ապահովվել են նոր սարքավորումներով և դիդակտիկ պարագաներով, կահավորվել են ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաներ, դպրոց․ արհեստանոցներ։

1985-86 ուս. տարում ՀԽՍՀ-ում գործել են 1479 հանրակրթական դպրոցներ, այդ թվում՝ 1367 ցերեկային (573,2 հազար սովորող), 112 երեկոյան հերթափոխային (29 հազար սովորող), 1033 երկարօրյա (143,4 հազար սովորող)։ 1985-86 ուսումնական տարում ցերեկային հանրակրթական դպրոցներում աշխատել է 46,1 հազար ուսուցիչ (շուրջ 82 %-ը՝ բարձրագույն կրթությամբ)։ Մանկավարժ․ նոր որակյալ կադրերի պատրաստման, հների որակավորման բարձրացման ուղղությամբ զգալի աշխատանք են կատարել Երևանի մանկավարժ․ ինստ-ը (այժմ՝ Հայկական պետական մանկավարժ․ համալսարան), Ուսուցիչների կատարելագործման հանրապետական (այժմ՝ Կրթության ազգային կենտրոն), Երևանի քաղաքային, Լենինականի (այժմ Գյումրի) և Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) միջշրջ. ինստ-ները, Մանկավարժ․ գիտությունների ԳՀԻ-ն, մանկավարժ․ մամուլը («Սովետական դպրոց» թերթը, «Սովետական մանկավարժ», «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում», «Մաթեմատիկան և ֆիզիկան դպրոցում» և այլ հանդեսներ)։

Խորհրդային դպրոցի ուսումնադաստիարակչական և հասարակական աշխատանքը սերտորեն կապված էր կոմերիտ․ և պիոներ․ կազմակերպությունների գործունեության հետ, որոնք ունեցել են ինչպես միութ., այնպես էլ հանրապետական գլխադաս կառույցներ [ՀԽՍՀ-ում՝ Հայաստանի (ՀԼԿԵՄ, հիմն.՝ 1921), ԽՍՀՄ-ում՝ Համամիութ. (ՀամԼԿԵՄ, հիմն.՝ 1922) լենինյան կոմունիստ․ երիտասարդ. միություն, և Հայաստանի ու Համամիութ. պիոներ. կազմակերպություններ]։

Հայաստանի պիոներ․ կազմակերպությունն ստեղծվել է 1921-ին՝ նախապես պատկոմական (պատանի