Այս էջը հաստատված է

կոմունարներ) անվամբ, Համամիութ. պիոներ. կազմակեպությունը՝ 1922-ի մայիսի 19-ին. այդ օրը ԽՍՀՄ-ում նշվել է որպես պիոներիայի ծննդյան օր («պիոներ» նշանակում է առաջամարտիկ, նորը հայտնագործող)։

Կոմերիտմիության շարքերն ընդունվել են 14-28 տարեկանները՝ անհատ․ կարգով, պիոներ․ կազմակերպության մեջ՝ 10-15 տարեկան բոլոր դպրոց․ տղաներն ու աղջիկները, պիոներ․ ջոկատներին ու դրուժինաներին կից գործել են ավելի փոքրերի (մինչև 4-րդ դասարան)՝ հոկտեմբերիկների խմբեր։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կոմերիտ․ և պիոներ․ կազմակերպությունները լուծարվել են։

ՀՀ-ի անկախության հռչակումից հետո տնտեսական և հասարակական նոր հարաբերությունների պայմաններում կրթական ոլորտում նույնպես սկսվել է հիմնավոր բարեփոխումների գործընթաց։ Կրթությունը դիտվել է որպես ազգային պետականության հաստատման, տնտեսական վերելքի և հասարակության բարգավաճման որոշիչ գործոն, որդեգրվել է հատուկ պետական քաղաքականություն, որի սկզբունքներն են կրթության մարդասիր. բնույթը, համամարդկային արժեքների գնահատումը, կրթության մատչելիությունը և շարունակականությունը, ոլորտում ժողովրդավարության սկզբունքների ապահովումը, ինտեգրումը միջազգային կրթական համակարգին, Սփյուռքում հայապահպան կրթական գործունեությանն աջակցելը, ուսումնական հաստատություններում կրթության աշխարհիկ բնույթը և այլն։

Կրթ. բարեփոխումների առաջին շրջանում վերանայվել և արդիականացվել են ուսումնական ծրագրերը, ավելի մեծ տեղ են հատկացվել հայագիտական առարկաներին՝ հայոց լեզվին և գրակ-յանը, Հայաստանի պատմությանը, աշխարհագրությանը, մշակույթին։ Ընդունվել են մի շարք օրենքներ («Լեզվի մասին», 1993, «Կրթության մասին», 1999, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», 2004, «Կրթության պետական տեսչության մասին», 2005, «Հանրակրթության մասին», 2009, և այլն), որոնք մեծապես նպաստել են ՀՀ-ում կրթական գործն ամուր հիմքերի վրա դնելուն, միջազգային չափանիշներին մոտեցնելուն։

Կրթության բնագավառում ՀՀ պետ. քաղաքականության հենքը ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է։

Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի (հոդված 6)՝ ՀՀ-ն ապահովում է իր քաղաքացու կրթության իրավունքը՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրույթից կամ այլ հանգամանքներից։ Պետությունը ՀՀ քաղաքացիների համար երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում անվճար ընդհանուր միջնակարգ և մրցութային կարգով՝ անվճար նախնական (արհեստագործ.), միջին, բարձրագույն ու հետբուհ. մասնագիտական կրթություն։

Հանրապետության տարածքում կրթ. և ուսումնական համակարգերում դասավանդման ու դաստիարակության լեզուն հայերենն է («Լեզվի մասին» ՀՀ օրենք, հոդված 2), ՀՀ ազգային փոքրամասնություններն իրավունք ունեն իրենց համայնքներում հանրակրթական ուսուցումն ու դաստիարակությունը կազմակերպել մայրենի լեզվով՝ պետական ծրագրով և հովանավորությամբ՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ (հոդված 3)։

Համաձայն հանրակրթ. պետական կրթակարգի՝ 2006-07 ուսումնական տարվանից ՀՀ-ում ներդրվել է 12-ամյա ընդհանուր միջնակարգ կրթություն՝ եռաստիճան համակարգով. տարրական դպրոց՝ I-IV դասարաններ, միջին դպրոց՝ V-IX դասարաններ, և ավագ դպրոց՝ X-XII դասարաններ։ Ընդհանուր կրթությունն սկսվում է 6 տարեկանից։

Տարրական դպրոցի նպատակը սովորողի մտավոր, հոգևոր ու ֆիզիկական ունակությունների, լեզվամտածողության, գրագիտության, տրամաբանության հիմքերի և աշխատանքային նախնական հմտությունների ձևավորումն է։

Միջին դպրոցի նպատակը մարդու, բնության և հասարակության մասին գիտելիքների, դրանք կյանքում կիրառելու հմտությունների, բարոյական և հոգևոր արժեքների յուրացման այնպիսի մակարդակի ապահովումն է, որն անհրաժեշտ է սովորողներին ավագ դպրոցում կամ մասնագիտական հաստատությունում ուսումը շարունակելու, ինչպես և տարիքին համապատասխան աշխատանքային գործունեություն իրականացնելու համար։