Այս էջը հաստատված է

Միջնակարգ հանրակրթական դպրոցի առաջին երկու աստիճանները՝ տարրական և միջին, կազմում են հիմն․ դպրոցը (I-IX դասարան)։ Հիմն․ ընդհանուր կրթությունը ՀՀ-ում պարտադիր է։

Ավագ դպրոցում ուսուցումը նպատակաուղղված է հենքային հանրակրթական պատրաստությունն ապահովող գիտելիքների յուրացմանը։ Ավագ դպրոցում սովորողների հակումներին, կարողություններին և ընդունակություններին համապատասխան կարող է լրացուցիչ կրթական ծրագրերով իրականացվել տարբերակված (հոսքային) ուսուցում։ 2008-ին մշակվել է ավագ դպրոցների համակարգի մասին հատուկ ծրագիր, որը նպաստում է ավագ դպրոցում կրթության որակի բարելավմանը և առանձին գործող ավագ դպրոցների ցանցի ստեղծմանը։

2008-09 ուս. տարվանից հանրակրթական դպրոցներում կիրառվում է գիտելիքների գնահատման 10-բալլանոց սանդղակը։ 2009-ից ներդրվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտ․ և պետական բուհերի ընդունելության միասնական քննությունների թեստային համակարգ։

Հանրակրթ. դպրոցներն ապահովվել են համակարգչային սարքավորումներով և համացանցային (ինտերնետ) հասանելիությամբ, իրականացվել է ուսուցիչների լայնածավալ վերապատրաստման ծրագիր՝ ուսուցման ժամանակակից մեթոդների և տեղեկատվ. տեխնոլոգիաների (ՏՏ) կիրառման ուղղությամբ։ Մշակվել են հիմն․ դպրոցի բոլոր առարկաների նոր չափանիշներ և ուս. ծրագրեր, որոնց հիման վրա ստեղծվել են դպրոց. նոր դասագրքեր (նաև այլընտրանքային)։ Դպրոց․ ծրագրի մեջ ներառվել են նոր առարկաներ՝ «Հայ եկեղեցու պատմություն», «Էկոլոգ. կրթություն», «Հասարակագիտություն», «Տնտեսագիտության հիմունքներ», «Իրավագիտություն», «Շախմատ» և այլն։

2010-11 ուսումնական տարում ՀՀ-ում գործել է 1457 հանրակրթական ուսումնական հաստատություն, որից 1404-ը՝ պետական, 53-ը՝ ոչ պետական։ Պետական հաստատություններից 9-ը տարրական դպրոցներ են, 310-ը՝ հիմնական, 24-ը՝ վարժարաններ, 1014-ը՝ միջնակարգ, 47-ը՝ ավագ։ Ոչ պետականներից 4-ը տարրական դպրոցներ են, 3-ը՝ հիմնական, 4-ը՝ վարժարաններ, 37-ը՝ միջնակարգ, 5-ը՝ ավագ։ Պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ է հաճախել 386,95 հազար աշակերտ, ոչ պետականներ՝ 5,99 հազար։ Պետական և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատում է 11,5 հզ. ուսուցիչ. 84,7 %-ը կանայք են։

ՀՀ հանրակրթ. բոլոր հաստատություններում գործում են աշակերտական խորհուրդևեր, որոնք սովորողների ինքնավարության և ինքնակառավարման լիազորություններով օժտված ներկայացուցչական մարմիններ են, ձևավորվում են 6-12-րդ (հիմն․ դպրոցի համար՝ 6-9-րդ, ավագ դպրոցի համար՝ 10-12-րդ) դասարանների դասարան․ ժողովներում ընտրված 1-2 ներկայացուցչից։

Աշակերտ. խորհուրդների կազմում գործում են մասնագիտացված հանձնախմբեր՝ ըստ գործունեության բնագավառների՝ ուսումնադաստիարակչական, ռազմամարզ., առողջապահական, սոցիալական, մշակութային, կարգապահական, իրավական, տեղեկատվ. և այլն։

Աշակերտ. խորհուրդը խորհրդակց. ձայնի իրավունքով մասնակցում է դպրոցի և մանկավարժ․ խորհուրդների նիստերին՝ ուսման բովանդակության, գիտելիքների յուրացման որակի, արտադպրոց. և արտադասարանային աշխատանքների կազմակերպման հարցերի քննարկումներին, առաջարկություններ է ներկայացնում տնօրինությանը ներքին կարգապահ․ կանոնների, սովորողների հանգստի և ժամանցի կազմակերպման, դպրոցի և ընտանիքի կապի ամրապնդման, ծնողազուրկ և օգնության կարիք ունեցող երեխաներին օժանդակելու և այլ խնդիրների վերաբերյալ։

Աշակերտ. խորհուրդները համագործակցում են ՀՀ-ի և արտերկրի կրթական հաստատությունների սովորողների ինքնավարության մարմինների և կազմակերպությունների հետ։