Այս էջը հաստատված է

ՀՀ ՖԻՋԻԿԱԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

ԼԵՌՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ-ն լեռնային երկիր է, Արևմտյան Ասիայի երիտասարդ լեռնային գոտու մաս կազմող Հայկական լեռնաշխարհի փոքր հատվածը՝ Փոքրասիական և Իրանական բարձրավանդակների միջև։

ՀՀ մակերևույթը ծալքավոր, ծալքաբեկորավոր ու հրաբխային լեռների, կուտակումային սարահարթերի, բարձրադիր լավային սարավանդների, նեղ ու խոր գետահովիտների ու լճագետային գոգավորությունների բարդ համակցություն է։ Բնական պայմանների խիստ բազմազանությունն ու վերընթաց գոտիականությունը պայմանավորված են բարդ ռելիեֆով, տարածքի բացարձակ ու հարաբերական բարձրությունների մեծ տատանումներով, կառուցվածքային ձևերի առանձնահատկություններով։ Տարածքի 9,9 %-ն ունի մինչև 1000 մ բարձրություն, 18,3 %-ը՝ 1000-1500 մ, 31,3 %-ը՝ 1500-2000 մ, 24,5 %-ը՝ 2000-2500 մ, 16 %-ը 2500 մ-ից բարձր է։ Հանրապետության ամենացածրադիր վայրերն ունեն 375 մ (Դեբեդի հովիտ, Բագրատաշեն գ-ից 2 կմ հս.) և 380 մ (Արաքսի հովիտ, Նռնաձոր գ.) բարձրություններ, առավելագույնը 4090 մ (Արագած լ.) է, միջինը՝ 1830 մ։

Ըստ բնական պայմանների և երկրաբանակն կառուցվածքի բազմազանության՝ ՀՀ տարածքում առանձնացվում են 4 լեռնագր. մարզեր։

1. Հյուսիսային և հյուսիսարևելյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզը Փոքր Կովկասի կենտր. հատվածն է. ձգվում է հս-արմ-ից հվ-արլ։ Ծայր հս-ում Վիրահայոց լ-աշղթան է, որից հվ, գրեթե զուգահեռականի ուղղությամբ, ձգվում են Բազումի և Հալաբի լ-աշղթաները. վերջինիս շարունակությունը դեպի հս.՝ Դեբեդ և Աղստև գետերի միջև Տ-աձև ձգվող Գուգարաց լ-շղթան է՝ Սևորդյաց, Իջևանի, Ոսկեպար, Մթնասար լ-ճյուղերով։ Բազումի լ-շղթային զուգահեռ, Ջաջուռի լ-անցքից մինչև Սևանի լ-անցք, ձգվում է Փամբակի լ-աշղթան, որից հվ-արլ. ճյուղավորվում է Ծաղկունյաց լ-շղթան, որի հարևանությամբ Ծաղկաձոր ամառանոցային քաղաքն է։ Սևանա լճի հս-արլ. ափի երկայնքով տարածվում է Արեգունու լեռնաշղթան, որին հաջորդում է Սևանի լեռնաշղթան, ապա հվ-արլ. ուղղությամբ՝ Արևելյան Սևանի լ-շղթան։ ՀՀ հս-արմ-ում՝ Ախուրյանի հովտից մինչև Փամբակի հովիտը, Շիրակի լ-շղթան է, որը Բազումի, Փամբակի, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի լ-շղթաների հետ կազմում է ընդհանուր ջրբաժան՝ լեռնագր. միավոր՝ 310 կմ երկարությամբ։ Այս խոշոր ջրբաժանը ֆիգիկաաշխարհագր. սահման է Արաքսի ավազանի չոր ցամաքային և Կուրի ավազանի համեմատաբար խոնավ լանդշաֆտային համալիրների միջև։ Արեգունու լ-շղթայից Գետիկի հովտով բաժանվում է Միափորի լ-շղթան, որից ճյուղավորվում են Կենաց, Հախումի, Տավուշի, Խնձորուտի ոչ բարձր լ- շղթաները, որոնք ջրբաժան են համանուն գետերի և Աղստևի միջև։

2. Հրաբխային լեռնազանգվածների ու սարավանդների մարզը ՀՀ տարածքի մոտ 45 %-ն է. սկսվում է հս-արմ-ից՝ Եղնախաղի և Ջավախքի լեռնաշղթաներով, ձգվում հվ., ապա՝ հվ-արլ.՝ ընդգրկելով Արագածի և Արայի լեռ լ-զանգվածները, ԳԵղամա լ-վահանը, Վարդենիսի լեռնաշղթան,