Այս էջը հաստատված է

այն է, որ աստղասփյուռների անդամ աստղերի տարիքը չի կարող գերազանցել 107 տարին, որը մոտ 1000 անգամ փոքր է Գալակտիկայի աստղերի մեծամասնության (օր.՝ Արեգակի) տարիքից։ Այդ եզրակացությունը հետևում է աստղասփյուռների դինամիկ անկայունության տես. հետազոտության արդյունքներից, որն ապացուցվել է դրանց ընդարձակման դիտող․ տվյալներով (Բենիամին Մարգարյան, Լյուդվիկ Միրզոյան)։

Աստղասփյուռների կառուցվածքային առանձնահատկությունների հետազոտմամբ հայտնաբերվել է նաև Օրիոնի սեղանակերպ բազմաստղերի նոր դաս, որոնք անկայունությամբ գերազանցում են մայր աստղասփյուռին և քայքայվում 106 տարում (Վ. Համբարձումյան)։ Այս արդյունքներն առաջին վկայություններն էին այն բանի, որ Գալակտիկայում աստղառաջացումը շարունակվում է նաև մեր ժամանակներում և կրում է խմբային բնույթ։ Փաստորեն Տիեզերքի ցանկացած վերջավոր ծավալում (օր.՝ Գալակտիկայում) գոյություն ունեն մինչև տվյալ ծավալի համար առավելագույն սահմանային տարիքն ունեցող բոլոր տարիքի աստղեր։ Սեղանակերպ կառուցվածքներ են հայտնաբերվել ոչ միայն աստղային բնակչության, այլև մութ գլոբուլների շրջանում։ Հայտնաբերված հարյուրավոր գլոբուլային համակարգերը նույնպես դինամիկ անկայուն են (Արմեն Գյուլբուդաղյան)։

Մի քանի հարյուր բռնկվող աստղերի հայտնագործմամբ և դրանց վիճակագր. հետազոտությամբ ցույց է տրվել, որ բռնկումն օրինաչափ էվոլյուցիոն փուլ է թզուկ աստղերի կյանքում (Լյուդվիգ Միրզոյան, Էլմա Պարսամյան և ուրիշներ)։ Մշակվել է բռնկվող աստղերի և դրանք պարունակող աստղակույտերի տարիքի գնահատման վիճակագր. մեթոդ (Է. Պարսամյան և ուրիշներ)։

Т-Ցուլի դասի աստղերի, ինչպես նաև դրանց բռնկումների անընդհատ առաքման սպեկտրներում բացահայտվել է ճառագայթման ոչ ջերմային բաղադրիչ՝ անընդհատ առաքում (Վ. Համբարձումյան, Լ. Միրզոյան)։ Մշակվել է վարկած, ըստ որի՝ ոչ ջերմային անընդհատ առաքումն աստղերի ընդերքում պահպանված նախաստղային գերխիտ նյութի թանձրուկների արտաժայթքման և պայթյունների հետևանք է։ Այդ վարկածը հնարավորություն է տվել կանխագուշակելու «արագ» և «դանդաղ» բռնկումների առկայությունը, ինչպես նաև բացատրելու Ֆոտրի (FU Օրիոնի տիպի հազվագյուտ աստղային օբյեկտներ) երևույթը (Վ. Համբարձումյան)։ 1990-ական թթ-ից հետո Բյուրականում հաջողվել է հայտնաբերել մի քանի ֆոտր։ Աստղառաջացման նույն տիրույթներին պատկանող գիսավորաձև միգամածություններում հայտնաբերվել են սպեկտրային անիզոտրոպության դեպքեր, որոնք վկայում են, որ արտահոսքերը տակավին անիզոտրոպ են աստղից մի քանի շառավիղ հեռավորության վրա (Տիգրան Մաղաքյան և ուրիշներ)։

Անկայուն աստղերի ճառագայթման բևեռացումը կարող է պայմանավորված լինել աստղի սեփական հատկություններով։ Այս արդյունքի ստացման համար հիմք է ծառայել կարմիր գերհսկա և Т-Ցուլի դասի աստղերի լույսի բևեռացման փոփոխականությունը (Կարլոս Գրիգորյան, Ռաֆիկ Վարդանյան)։ Ցույց է տրվել, որ միրիդների պայծառությունը և դրանց լույսի բևեռացման աստիճանը փոփոխվում են նույն պարբերությամբ։ Բևեռացման առավելագույն արժեքը դիտվում է այդ աստղերի պայծառության աճման թևի գրեթե մեջտեղում (Նորայր Մելիքյան)։

1950-ական թթ-ից Բյուրականում կատարվում են նաև արտագալակտիկ. հետազոտություններ։

Գալակտիկաների ակտիվության երևույթի վերաբերյալ աստղագիտության մեջ ձևավորվել է բյուրականյան տեսակետը, համաձայն որի՝ ակտիվությունը տվյալ օբյեկտի ներքին հատկությունների դրսևորումն է և պայմանավորված չէ արտաքին ազդակներով։ Ենթադրվել է, որ գալակտիկաներում դիտվող անկայունության դրսևորումներն առաջին հերթին արդյունք են դրանց կենտր․ խտացումների՝ կորիզների (Վ. Համբարձումյան)։

Բյուրականում կազմակերպված ակտիվ գալակտիկաների որոնումներով հայտնաբերվել են անդրամանուշակագույն ավելցուկով գալակտիկաների մի ողջ դաս (Բ. Մարգարյան, Միշա Ղազարյան և ուրիշներ), որոնց հետագա մանրակրկիտ հետազոտություններից պարզվել