Այս էջը հաստատված է

է, որ դրանց մոտավորապես 10 %-ը պատկանում է առավել հայտնի Սեյֆերտի ակտիվ գալակտիկաների դասին (Բ. Մարգարյան, Մարատ Առաքելյան, Էդվարդ Խաչիկյան և ուրիշներ), իսկ 10%-ը կրկնակի միջուկով գալակտիկաներ են (Է. Խաչիկյան, Կ. Սահակյան, Ա. Պետրոսյան և ուրիշներ)։

Հյուսիսային երկնքի եզակի սպեկտրային շրջահայության օգտագործմամբ հայտնաբերվել են նաև մեծ թվով սպիտակ թզուկներ և կարմիր՝ գլխավորապես ածխածնային աստղեր (Համլետ Աբրահամյան, Արեգ Միքայելյան)։ Այդ շրջահայության թվայնացած տարբերակը հիմք է դարձել Բյուրականի աստղադիտարանում Հայկական վիրտուալ աստղադիտարանի ստեղծման համար, որն ընդգրկվել է Վիրտուալ աստղադիտարանների միջազգ. միության մեջ։

Տիեզերածնության բյուրականյան տեսակետի հիմնավորման համար կարևոր էր նաև նոր տիպի կոմպակտ գալակտիկաների կոմպակտ խմբերի հայտնաբերումը (Վ. Համբարձումյան, Ռոմելա Շահբազյան)։

Միջազգային համագործակցության շրջանակներում ցույց է տրվել, որ հեռավոր գալակտիկաներում աստղառաջացման տեմպն իրականում չի որոշվում ջրածնի Lya գծում այդ գալակտիկաների ինտեգրալ լուսատվությամբ, որը լայնորեն ընդունված էր աստղագետների շրջանում։ Գալակտիկաներում առաջին դասի գերնորերի սպեկտրների ուսումնասիրմամբ եզրակացվել է, որ դրանց ծնող աստղերի ծեր կամ երիտասարդ լինելը հավասար հավանական է, ինչը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ մասնավորապես տիեզերաբանության մեջ (Արտաշես Պետրոսյան)։

1990-ական թթ-ի վերջերից հետազոտություններ են կատարվում տիեզ. օբյեկտների ակտիվության էներգիայի և Տիեզերքի արագացող ընդարձակման միջև կապ գտնելու համար։ Ցույց է տրվել, որ արագացող ընդարձակման էներգիան հաբլյան ժամանակամիջոցում կարող է գալակտիկաների նախակույտից դուրս շպրտել այնքան նյութ, որը բավարար է կույտի գալակտիկաների ձևավորման համար։ Եզրակացվել է, որ Տիեզերքի էվոլյուցիայի ընթացքում տիեզ. օբյեկտների աստիճանակարգության բոլոր մակարդակներում աճում է փոքր զանգվածով օբյեկտների հարաբեր․ քանակը (Հայկ Հարությունյան)։

Աստղադիտարանում իրականացվող տես. հետազոտությունները կապված են եղել կա՛մ վերը նշված դիտող. արդյունքների մեկնաբանման ու դրանց հիման վրա նաև կանխատեսումների, կա՛մ ճառագայթման տեղափոխման տեսության խնդիրների հետ։ Երկրորդ բնագավառում հատկապես արդյունավետ է եղել ինվարիանտության սկզբունքի կիրառումը։ Ստացված կարևոր արդյունքները վերաբերում են անիզոտրոպ ցրող միջավայրում լույսի անդրադարձմանն ու ցրմանը, պղտոր միջավայրում ֆոտոնների ցրումների թվին, աղբյուրների հավասարաչափ կամ կամայական բաշխմամբ միջավայրերում տեղափոխման, կամայական երկրաչափությամբ և պատահական անհամասեռ միջավայրերում ճառագայթման տեղափոխման խնդիրներին, ինչպես նաև ազատ էլեկտրոնների վրա ճառագայթման ցրմանը (Ա. Նիկողոսյան, Հ. Հարությունյան, Հովհաննես Պիկիչյան)։ Որպես հրվիժակների ճառագայթման մեկնաբանման տեղեկատվական նոր աղբյուր՝ դիտարկվել են նրանց մակերևութային պայծառության ֆլուկտուացիաները, ինչի շնորհիվ հաջողվել է գնահատել հրվիժակների բաղադրիչ թելիկների բնութագրիչ երկրաչափ. ու ֆիզիկական մեծությունները (Ա. Նիկողոսյան)։

Աստղաֆիզիկական կարևոր հետազորություններ են կատարվել նաև ԵՊՀ-ում։ 1960-ին Վ. Համբարձումյանը և Գ. Սահակյանը գերխիտ գրավիտացվող նյութի հիմնարար հետազոտություններով ցույց են տվել բարիոնային աստղերի գոյության հնարավորությունը։ Դրանով ծնունդ է առել աստղաֆիզիկայի նոր ուղղություն՝ գերխիտ երկնային մարմինների ֆիզիկան, որը զարգացել է ԵՊՀ տես. ֆիզիկայի ամբիոնում՝ Գ. Սահակյանի ղեկավարությամբ։ Հետազոտվել է բաբախիչներում (պուլսար) ուժեղ մագնիս․ դաշտի առաջացման մեխանիզմը՝ պայմանավորված գերխիտ աստղերում պրոտոնների և նեյտրոնների գերհոսունությամբ (Դ. Սեդրակյան, Է. Չուբարյան, Յու. Վարդանյան)։ Առաջարկվել է բաբախիչների անկյունային արագության թռիչքների և նրանց ռելաքսացիայի երևույթների բացատրման մեխանիզմ։ Ցույց է տրվել, որ սպիտակ թզուկներից գրավիտացիոն ճառագայթման ֆոնը հաճախությունների 0,1-1 Հց տիրույթում մեկ կարգով է պակաս գործող գրանցիչների զգայունության շեմից (Արմեն Սեդրակյան, Դ. Սեդրակյան)։

Տիեզերքի զարգացման տարբեր փուլերի տես. հետազոտություններով ցույց է տրվել, որ ուշ ժամանակաշրջանի համար ստացվող արդյունքները բավարար համաձայնության մեջ են դիտող․ տվյալների հետ (Ռոլանդ Ավագյան, Լևոն Գրիգորյան, Գոհար Հարությունյան, Կարեն Շահբազյան, Է. Չուբարյան, Վլադիմիր Պապոյան)։ Քննարկվել են ուժեղ գրավիտացիոն դաշտերով պայմանավորված քվանտային երևույթները և դրանց հնարավոր ազդեցությունը վաղ Տիեզերքի դինամիկայի վրա (Արամ Սահարյան)։

Ուսումնասիրվել է տարօրինակ քվարկային կորիզ ունեցող նեյտրոնային աստղի մոդելը, նաև այդպիսի նյութից ինքնապահվող միջուկանման գերխիտ մարմիններ՝ տարօրինակ աստղեր, որոնց գոյությունը պայմանավորված է միայն միջուկային փոխազդեցությամբ։ Ցույց է տրվել, որ երբ դրանց զանգվածը չի գերազանցում Արևի զանգվածի 0,02 մասը, դրանք կարող են ունենալ թաղանթ, որի բաղադրությունը, զանգվածը և շառավիղը նման են սպիտակ թզուկներին (տարօրինակ թզուկներ)։ Ուսումնասիրվել է դրանց կայունությունը, նշվել են արտամթնոլորտային դիտումներով հայտնաբերված սպիտակ թզուկների շարքում այն թեկնածուները, որոնք կարող են լինել տարօրինակ թզուկներ (Գևորգ Հաջյան, Յու. Վարդանյան)։

Ուսումնասիրվել են գրավիտացվող տարբեր համակարգերի հավասարակշռության և կայունության