ֆիզիկական բնույթի ուսումնասիրություններ ոչ միայն օպտիկ. տիրույթում, այլև ռադիոտիրույթում (Հրանտ Թովմասյան, Վիգեն Մալումյան)։
1960-ական թթ-ի սկզբին Բյուրականի աստղադիտարանում ստեղծվել է նաև ռադիոաստղագիտության բաժին, որտեղ դիտումներ են կատարվել մետրային տիրույթում։ Առաջին կարևոր արդյունքներից էր Գերնորի մնացորդ հանդիսացող Կասիոպեա-Ա ռադիոաղբյուրից եկող ռադիոհոսքի նվազման արձանագրումը (Վաղարշակ Սանամյան, Արամ Ասլանյան, Ալբերտ Ղուլյան)։ Լավագույն լուծող. ուժով ռադիոդիտակով ստացվել է նաև մեր Գալակտիկայի կենտրոնի ռադիոպատկերը (Վ. Մալումյան), որի համար կիրառվել է նաև Պուլկովոյի աստղադիտարանի խոշոր ռադիոդիտակը։
Հայկ. առաջին լազերի ստեղծման աշխատանքներն սկսվել են 1960-ական թթ-ի սկզբին ԵՊՀ-ում՝ Միքայել Տեր-Միքայելյանի նախաձեռնությամբ։ Հետազոտություններ են ծավալվել սուտակի օպտիկ. հատկությունների չափման, լազերների բնութագրերի ուսումնասիրման և հարակից այլ բնագավառներում։ 1962-ին Ռադիոօպտիկայի համամիութ. ԳՀԻ-ի աշխատակիցների օգնությամբ պատրաստվել է առաջին հայկ. լազերը։ 1964-ին առաջին արտադրանքն է տվել Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) քիմ. կոմբինատում ստեղծված լազերային սուտակների աճեցման արտադրամասը։ Արզնիի ճշգրիտ տեխ. քարերի գործարանում կազմակերպվել է լազերային սուտակի ձողերի արտադրություն, իսկ Երևանի էլեկտրալամպերի գործարանն սկսել է թողարկել մղման լամպեր։ Կարճ ժամանակամիջոցում Հայաստանում կազմակերպվել է լազերների բոլոր տարրերի ու հանգույցների արտադրություն, և 1965-ին Լայպցիգի միջազգ. տոնավաճառում ցուցադրվել են խորհրդային առաջին՝ «Արզնի-2» և «Հրազդան» արդ. լազերները։
Հայաստանում լազերային ֆիզիկայի բուռն զարգացման շնորհիվ 1962-ին ԵՊՀ ճառագայթման ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիան (ՃՖՊԼ) վերակողմնորոշվել է լազերային թեմայի ուղղությամբ, 1964-իև ԵՊՀ-ում ստեղծվել է օպտիկայի ամբիոն։ 1965-ին ԳԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստ-ի (ՌՖԷԻ) քվանտային էլեկտրոնիկայի բաժնի և ԵՊՀ ՃՖՊԼ-ի միավորումով ստեղծվել է ԳԱ և ԵՊՀ միացյալ ճառագայթային լաբորատորիան։ 1968-ին բացվել է ՀԽՍՀ ԳԱ Ֆիզ. հետազոտությունների ինստ-ը (ՖՀԻ, գիտ. ղեկ. և տնօրեն, տես. բաժնի վարիչ՝ Մ. Տեր-Միքայելյան)։
Միևնույն ժամանակ գիտ. համագործակցություն է հաստատվել ԽՍՀՄ լազերային խոշոր կենտրոնների հետ։ 1967-ին լույս է տեսել Անդրեյ Միքայելյանի, Մ. Տեր- Միքայելյանի և Յուրի Տուրկովի «Պինդ մարմնով աշխատող օպտիկական գեներատորներ» (ռուս.) մենագրությունը, որտեղ ներկայացվել են նաև Հայաստանում ստացված արդյունքները։ Գիտ. հետազոտությունների և տեխնոլոգ. նպատակներով կիրառվող լազերների մշակման, արդյունաբերական յուրացման աշխատանքների շարքի համար Արզնիի «Բյուրեղ» ԱՄ-ի, Ռադիոօպտիկայի համամիութ. ԳՀԻ-ի և ՀԽՍՀ ԳԱ ՖՀԻ-ի մի խումբ աշխատակիցներ 1980-ին արժանացել են ՀԽՍՀ Պետ. մրց-ի։
Բացի տեխ. կիրառություններից (նյութի մշակման, կապի տեղայնացման խնդիրներ)՝ լազերների ստեղծումը եզակի հնարավորություն է ընձեռել նաև նյութի և բարձր ինտենսիվության էլեկտրամագնիս. ճառագայթման փոխազդեցությունն ուսումնասիրելու համար (ոչ գծային օպտիկա)։ Այդ բնագավառում Հայաստանում կատարված առաջին հետազոտությունը նվիրված էր Մանդելշտամ-Բրիլյուենի ստիպողական ցրման առանձնահատկություններին, որի ստացված արդյունքները (Յուրի Չիլինգարյան) ներկայացվել են 1966-ին Նովոսիբիրսկում՝ ոչ գծային օպտիկայի 2-րդ համամիութ. գիտաժողովում։
1967-68-ին նիտրոբենզոլում լազերային ճառագայթման ազդեցությամբ առաջացող կոմբինացիոն ցրման ստոքսյան ալիքի և կալիումի գոլորշիների փոխազդեցությամբ առաջին անգամ դիտվել է էլեկտրոնային կոմբինացված ստիպողական ցրումը, և հայտնաբերվել այսպես կոչված եռաֆոտոն ճառագայթումը (Մելիստ Մովսեսյան և ուր.)։ Բացահայտվել է նաև եռաֆոտոն ճառագայթման հաճախության շեղման կախումը գրգռող լույսի ինտենսիվությունից (շտարկյան դինամիկ շեղում), որով սկզբնավորվել է ոչ գծային օպտիկայի նոր ճյուղ՝ ռեզոնանսային ոչ գծային օպտիկան։ Այդ աշխատանքների շնորհիվ Հայաստանը ճանաչվել է այդ ճյուղի ԽՍՀՄ կենտրոններից. 1967-ին ոչ գծային օպտիկայի 3-րդ համամիութ. գիտաժողովը տեղի է ունեցել Երևանում։ 1975-ին ԽՍՀՄ ԳԱ նախագահության հաստատած «Կոհերենտ և ոչ գծային օպտիկա» պրոբլեմային խորհրդի կազմում ընդգրկվել են նաև Մ. Մովսեսյանը և Յու. Չիլինգարյանը, իսկ խորհրդի առաջին նիստը հրավիրվել է 1976-ին՝ Ծաղկաձորում։
Ռեզոնանսային ոչ գծային օպտիկ. երևույթների փորձարար. ուսումնասիրությունները շարունակվել են 1970-1980-ական թթ-ին։ Մասնավորապես, ՖՀԻ-ի օպտիկայի բաժնի (վարիչ՝ Մ. Մովսեսյան) աշխատակիցները պարզել են, որ արտաքին մագնիս. դաշտի առկայությամբ լազերի ճառագայթման դաշտում ատոմների բախումների շնորհիվ ընթացող բնակեցվածության փոխանցման արդյունավետությունը կախված է զեեմանյան և դինամիկ շտարկյան շեղումների մրցակցությունից։
ՖՀԻ-ի տես. բաժնում աշխատանքներ են կատարվել նաև ինստ-ում ստացված նոր փորձարար. տվյալները մեկնաբանելու ուղղությամբ, զարգացվել է այսպես