Հետազոտվել են 2 հարակից սեկտորներից կազմված երկչափ համակարգերի էլեկտրոնային սպեկտրի առանձնահատկությունները՝ պայմանավորված համակարգերի կապակցվածությամբ և երկրաչափ. կառուցվածքով։ Դիտարկվել են մագնիս․ նանոշերտեր պարունակող հետերոկառուցվածքների սպին-բևեռացնող հատկությունները։ Ռեզոնանսային անցման համար ստացվել է օպտիկայում հայտնի Մալյուսի օրենքի սպինային հանգունակը (Ավագ Սահակյան և ուրիշներ)։
Կոնդենսացված վիճակի ֆիզիկայի բնագավառի աշխատանքներ են իրականացվում մի շարք գիտական հիմնարկներում (ԵՊՀ, ՖԿՊԻ, ՖՀԻ, ԵՖԻ և այլն)։
Ֆիզիկական ձայնագիտության նոր ուղղություն է զարգացրել Ալպիկ Մկրտչյանը, որն աշխատակիցների հետ փորձնականորեն ցույց է տվել, որ անդրաձայնը և հիպերձայնը կարող են մոդուլացնել մյոսբաուերյան կլանումը։ Առաջին անգամ դիտվել է էլեկտրոնների կոհերենտ արգելակային ճառագայթման երևույթը բյուրեղներում՝ պարբեր. ձևախախտման առկայության պայմաններում։ Կառուցվել է բարդ բազիսով միաբյուրեղներում ձայնային դաշտերի առկայության դեպքում միացյալ տեսություն, և ցույց է տրվել, որ, ձայնային դաշտերի հաճախությունից ու էլեկտրոնների էներգիայից կախված, ճառագայթման ձևավորման ցրման կտրվածքն ու սպեկտրային բաշխվածությունը շեղվում են դեպի ցածր էներգիաների տիրույթ, և ի հայտ են գալիս բարձր մեներանգությամբ նոր էներգիական ելքեր։ Ուսումնասիրվել է խուղակավորված (կանալավորված) ռելյատիվիստ․ էլեկտրոնների ճառագայթման բնութագրիչների կախվածությունն արտաքին ձայնային դաշտի առկայությունից և նրա բնութագրիչներից։ Հետազոտվել է ձայնային ալիքների առկայության դեպքում չերենկովյան ճառագայթման սպեկտրային բաշխվածության փոփոխությունը, ցույց է տրվել, որ սպեկտրային բաշխվածության առանձին սպեկտրային գծեր ճնշվում են, և առաջանում են բավականաչափ մեներանգ ինտենսիվ գծեր։
Վ. Համբարձումյանի ինվարիանտության սկզբունքի հիման վրա զարգացվել է վերջավոր հաստությամբ միջավայրերում ռենտգենյան ճառագայթների ցրման տեսությունը՝ դիէլեկտրիկ թափանցելիության գերցանցի առկայությամբ, և ստացված արդյունքների հիման վրա առաջարկվել է դիֆրակտոչափի նոր տարբերակ։
ՖՀԻ-ում ոչ գծային բյուրեղներում հայտնաբերվել և ուսումնասիրվել է Յան-Թելլերի երևույթը (Էդվարդ Շառոյան)։ Տեսականորեն հիմնավորվել է ԴՆԹ-ի մոլեկուլի ապակենման վիճակի գոյությունը, որն իրականանում է այսպես կոչված սառեցման ջերմաստիճանում (Ներսես Անանիկյան, Եվգենի Մամասախլիսով, Վլադիմիր Մորոզով)։ Այդպիսի վիճակի գոյությունը հաստատվել է փորձով։
ՌՖԷԻ-ում կատարվել են պինդ մարմնի, պլազմայի և կիսահաղորդիչների ֆիզիկայի հետազոտություններ, որոնց արդյունքում ստացված տես. և փորձարար․ արդյունքները նկարագրում են բարձրջերմաստիճանային գերհաղորդիչներում մագնիս․ մրրիկների դինամիկան (Ռ. Վարդանյան)։
Պինդ մարմնի ֆիզիկայի բնագավառում կանոնավոր հետազոտությունները, որոնք սկզբում վերաբերում էին պինդ մարմինների ռենտգենակառուցվածքային և ռենտգենասպեկտրային ուսումնասիրություններին, սկսվել են 1950-ական թթ-ի 2-րդ կեսից՝ ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնում, շարունակվել ամբիոնի հիմքի վրա ստեղծված պրոբլեմային (1964) և ճյուղային (1978) լաբորատորիաներում՝ Պետրոս Բեզիրգանյանի ղեկավարությամբ։
Մշակվել են իրական բյուրեղներում ռենտգենյան ալիքային փնջերի ցրման կինեմատիկ. և դինամիկ․ տեսությունների որոշ հարցեր (Պ. Բեզիրգանյան, Կարապետ Թրունի, Լևոն Լևոնյան և ուրիշներ), ստեղծվել է ռենտգենյան կիզակետող ոսպնյակների և դրանց մեջ դիֆրակտային և ինտերֆերենցային դաշտերի ձևավորման տեսություն՝ տարածաժամանակային անհամասեռ փնջերի դինամիկ․ տեսության շրջանակներում (Կ. Թրունի, Լ. Լևոնյան և ուրիշներ)։
1950-ական թթ-ի վերջից պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնում Ա. Դուրգարյանի ղեկավարությամբ կատարվել են նաև բյուրեղաֆիզիկայի բնագավառի հետազոտություններ. հայտնաբերվել է լուսաձայնագիտական երևույթը Ge և Si բյուրեղներում, պարզվել է դիսլոկացիաներով պայմանավորված միկրոպլաստիկության առկայությունը դրանց մեջ, հետազոտվել են բյուրեղներում դիսլոկացիաների թռիչքաձև շարժման օրինաչափությունները, և որոշվել գերձայնի դիսլոկացիոն կլանման սպեկտրը։
Բյուրեղների էլեկտրոնագր. և էլեկտրոնամանրադիտակային հետազոտություններով հայտնաբերվել են Կիկուչի-էլեկտրոնագրերի առաջացման նոր առանձնահատկություններ, մասնավորապես՝ էլեկտրոնների կրկնակի դիֆրակցիայի երևույթը և արգելված Կիկուչի-գծերի գոյությունը (Ռոբերտ Կարախանյան և ուրիշներ)։
Հետազոտվել են բարակ ֆեռոմագնիս. թաղանթների դոմենային կառուցվածքները և վերամագնիսացման երևույթները, մշակվել են նոր՝ լորենցմանրադիտակային մեթոդներ, հայտնաբերվել է դոմենային սահմանների սողքի երևույթը, և հարթ մագնիս․ դոմենների