Այս էջը հաստատված է

օգնությամբ մշակվել են ֆեռոմագնիս. թաղանթով տեղեկատվության հաղորդման նոր եղանակներ (Յարոսլավ Պողոսյան և ուրիշներ)։

ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնում կատարվել են հիմնարար աշխատանքներ հեղուկ բյուրեղների գիրոտրոպ միջավայրերի և բաց ալիքային վեկտորների մակերևույթով միջավայրերի օպտիկան ուսումնասիրելու համար (Աշոտ Գևորգյան)։ Հայտնաբերվել է ալիքների անշրջելիությունն արտաքին հաստատուն մագնիս․ դաշտում գտնվող գիրոտրոպ միջավայրերում ու խոլեստերիկ հեղուկ բյուրեղներում, և ցույց է տրվել, որ դիէլեկտրիկ. թենզորի տարբեր նշանի տարրերով միջավայրում կարող է տեղի ունենալ բացաս. բեկում (Հովսեփ Երիցյան)։

Կիրառական բնույթի հետազոտություններ, գիտական սարքաշինություն

Այս բնագավառում առաջին նշանակալի ներդրումները կատարել են ԵՖԻ-ի աշխատակիցները, մեծ նվաճում էր կայծային խցիկի կատարելագործումը, որի ստեղծմանը մասնակցել են ԽՍՀՄ բազմաթիվ լաբորատորիաների աշխատակիցներ։ Համատեղ ջանքերով ստեղծվել են հետքային կայծային խցիկներ, որոնց համար մի խումբ ֆիզիկոսներ Ա. Ալիխանյանի և Թ. Ասաթիանիի հետ 1970-ին արժանացել են Լենինյան մրց-ի։

Արգելակման կոհերենտ ճառագայթմանը նվիրված տես. աշխատանքները (Տեր-Միքայելյանի-Յուբերալի էֆեկտ) հիմք են ծառայել բևեռացման բարձր աստիճանով օժտված գամմա-քվանտների քվազիմեներանգ փնջի ստեղծման համար։ 1959-ին Գ. Ղարիբյանի և Կ. Բարսուկովի (Ղարիբյանից անկախ) տեսականորեն կանխատեսած ռենտգենյան անցումային ճառագայթումը հանգեցրել է լիցքավորված մասնիկների դետեկտորների ստեղծմանը։ Այդ դետեկտորների գաղափարն առաջինը առաջարկել են Ա. Ալիխանյանը, Կ. Իսպիրյանը, Ֆ. Հարությունյանը և Մ. Տեր-Միքայելյանը, իսկ դրանց ստեղծման գործում մեծ ավանդ են ունեցել Մարտիրոս (Գրիշա) Լորիկյանը և ուրիշներ։

ԵՊՀ-ում ստեղծվել են ռենտգենյան ինտերֆերոմետրեր (Պ. Բեզիրգանյան, Ֆերդինանդ Էյրամջյան, 1970), նոր տիպի եռաբլոկ և քառաբլոկ ինտերֆերոմետրեր (Ֆ. Էյրամջյան, Պ. Բեզիրգանյան, Կ. Թրունի, Լաուրա Գասպարյան, 1973)։ Տեսականորեն մշակվել և փորձնականորեն իրականացվել են ռենտգենոօպտիկ. ռեզոնատորներ, շրջանային մեներանգիչներ, ռեզոնատորային և ինտերֆերաչափ. գիրոսկոպներ, բազմակի անդրադարձումներով ռենտգենյան սպեկտրաչափներ (Արման Ռոստոմյան, Պ. Բեզիրգանյան և ուրիշներ)։ Ստեղծվել է ռենտգենոդիֆրակտային տեղագր. պատկերների տեսանելիացման ռենտգենահեռուստատեսային համակարգ (Պ. Բեզիրգանյան, Կոլյա Ավետյան, Սերգեյ Շաբոյան), որի համար հեղինակները 1985-ին արժանացել են ՀԽՍՀ Պետական մրց-ի։

Վիկտոր Արամյանը մշակել է հսկվող պարամետրերով համաձուլվածքների հաշվարկման նոր մեթոդ, որի օգնությամբ սինթեզվել են հազվագյուտ հողերի մետաղների օքսիֆտորիդներ, մետաղասիլիկատներ և (GdLaY)(ZnCd) տիպի միացություններ, ուսումնասիրվել է դրանց մագնիս․ ընկալունակությունը։ Ստացված եզակի փորձարար․ և կիրառ. հետազոտությունների արդյունքները կիրառվել են բարձրջերմաստիճանային գերհաղորդիչներում՝ գերհաղորդականության բնույթի բացահայտման նպատակով։ Առաջարկվել է հարթ կոճի նոր մեթոդ, որի օգնությամբ փորձնականորեն բացահայտվել է նորմալ-գերհաղորդիչ ֆազային անցման 3 կրիտիկ. ջերմաստիճանների գոյությունը (Սամվել Գևորգյան և ուրիշներ)։ Այս մեթոդի հիման վրա մշակվել և կառուցվել են մի շարք նոր սարքեր (սեյսմոդետեկտոր, ձայնի նույնականացման, նոր դասի բժշկ. սարքեր և այլն (Ս. Գևորգյան և ուրիշներ)։

ԵՊՀ օպտիկայի ամբիոնում օպտիկ․ մանրաթել պատրաստելու համար մշակվել է գերմաքուր գրադիենտային ապակի ստանալու եղանակ, ստեղծվել է ճնշման օպտիկ․ մանրաթելային տվիչ (հեղինակային իրավունքի վկայականներ՝ Յու. Չիլինգարյան և ուրիշներ)։

Օպտիկայի ամբիոնի գերարագ օպտիկայի լաբորատորիայում իրականացվել են արդիական հետազոտություններ լազերային գերկարճ իմպուլսների վերլուծության և սինթեզի մեթոդների մշակման ուղղությամբ ու ֆեմտովայրկյանային ժամանակային սանդղակում ազդակների գրանցման և կառավարման սարքերի ստեղծման հեռանկարով։ Այդ հետազոտությունների գլխավոր արդյունքն է գերարագ օպտիկ․ օսցիլոգրաֆը՝ ենթապետահերցանոց կոդավերծանիչների նախատիպի (լաբորատոր տարբերակ) մշակումը։ Բարձրտեխնոլոգ. այդ սարքի ստեղծումն ընձեռում է իմպուլսի ուղղակի չափման հնարավորություն ստանդարտ սպեկտրաչափ. սարքերով ու մի քանի կարգով գերազանցում է ստանդարտ էլեկտրոնային անալոգների և streak-camera-ների արագագործությունը (Լևոն Մուրադյան և ուրիշներ)։

ԵՊՀ կիսահաղորդիչների ֆիզիկայի ամբիոնում Վ. Հարությունյանի ղեկավարությամբ հետազոտվել են կիսահաղորդիչ-գազ սահմանում ընթացող ֆիզիկական երևույթները, նանոչափային կիսահաղորդչային կառուցվածքների հիման վրա ստեղծվել են հրավտանգ գազերի և ծխի բարձր զգայունությամբ ու ընտրողականությամբ օժտված տվիչներ։

1970-ական թթ-ից ՖՀԻ-ում Աշոտ Պետրոսյանի ղեկավարությամբ մշակվել են մի քանի տասնյակ լազերային նոր բյուրեղներ՝ պրազեոդիմով, նեոդիմով, էրբիումով, իտերբիումով, հոլմիումով և տուլիումով լեգիրացված