Այս էջը հաստատված է

բազմանդամների վարքը և դրանով իսկ բացահայտել հիպոէլիպսականության պայմանը ոչ ռեգուլյար օպերատորների որոշ դասի համար, ինչպես նաև ստացել լուծումների որոշ գնահատականներ։

Երկրաչափություն, տոպոլոգիա, հանրահաշիվ։ Երկրաչափության բնագավառում հետազոտություններն սկսվել են 1940-ական թթ-ին ԵՊՀ-ում. ուսումնասիրվել են ուղղաձիգ կոնգրուենցիաների աֆինային տեսության հարցեր։ Հետագայում ուսումնասիրություններն ընդլայնվել են. աշխատանքներ են կատարվել բազմաչափ հարթությունների լոկալ-դիֆերենցիալ երկրաչափության, դաս. համասեռ տարածություններում ենթաբազմաձևությունների երկակի նորմալացման և ենթաբազմաձևությունների լոկալ կառուցման, դիֆերենցելի շերտավորման վրա աֆինային կապերի ու տենզորական դաշտերի պրոյեկտման տեսության և այլ հարցերի վերաբերյալ։

Տոպոլոգիայի բնագավառում աշխատանքներն սկսվել են 1970-ական թթ-ի սկզբներին։ Ներմուծվել են հիլբերտյան տարածության ենթաբազմությունների անվերջչափանի նմանատեղային խմբերը, և վերջավոր դեֆեկտով սֆերայի համար հաշվվել կոմպակտ տիպի այդ խմբերը։ Ստացվել է կամայական հաուսդորֆյան տարածության բոլոր H-փակ (ինչպես նաև բոլոր հաուսդորֆյան) ընդլայնումների կառուցման՝ վաղուց դրված խնդրի լուծումը։ 1980-ական թթ-ին Ստոունի-Վայերշտրասի մոտարկման դաս. թեորեմն ընդհանրացվել է կամայական տոպոլոգիական տարածության համար (Ս. Հովսեփյան)։

Հանրահաշվի բնագավառում առաջին աշխատանքը կատարվել է 1950-ական թթ-ին՝ մասնակի տեղադրությունների վերջավոր համակարգերի հետազոտման վերաբերյալ (Վ. Հովհաննիսյան)։ 1970-ական թթ-ից աշխատանքներ են կատարվում քառակուսի մատրիցների ներկայացման, Լիի իրական ոչ կոմպակտ պարզ խմբերի վերլուծման, ունիվերսալ և երկրորդ աստիճանի հանրահաշիվներում երկրորդ աստիճանի նույնությունների հետազոտման, երկրորդ աստիճանի զուգորդ․ նույնությունների դասակարգման, Պրիմի բազմաձևությունների՝ հիպերէլիպսային կորի 2 կետերում ճյուղավորման դեպքում ուսումնասիրման և այլ հարցերի վերաբերյալ։

Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն։ Հետազոտություններն սկսվել են հետպատերազմյան տարիներին։ Ստացվել են մի շարք արդյունքներ պատահական շարժընթացների տեսության (Գոհար Համբարձումյան), իսկ ավելի ուշ՝ x2 հայտանիշի վերաբերյալ (Ս. Թումանյան)։ Ռուբեն Համբարձումյանի աշխատանքներով ստեղծվել է նոր ուղղություն՝ կոմբինատորային ինտեգրալ երկրաչափությունը, որը կարևոր կիրառություններ է ստացել ստոխաստիկ երկրաչափության խնդիրների հետազոտություններում, մասնավորապես լուծվել են երկրաչափ. պատահական շարժընթացների տարածաբանությանը (ստերեոլոգիա, շերտագրություն) վերաբերող խնդիրներ։ Ստացված արդյունքները շարադրված են Ռ. Համբարձումյանի «Combinatorial Integral Geometry With Applications to Mathematical Stereology», J.Wiley, 1982; «Factorization Calculus and Geometric Probability», Cambridge University Press, 1990; «Введение в стохастическую геометрию», М., Наука, 1989; «Geometrische Wahrscheinlichkeiten und Stochastische Geometrie, Teil I, Akademie-Verlag, Berlin», 1993, «Einfuhrung in Stochastik Geometrie, Akademie-Verlag, Berlin», 1995, մենագրություններում։

Լուծվել են նաև զանգվածային սպասարկման տեսության խնդիրներ (Էդուարդ Դանիելյան), որոշ արդյունքներ են ստացվել ստոխաստիկ դիֆերենցիալ հավասարումների, վիճակագր. ֆիզիկայի, ինֆորմացիաների տեսության, պատահական շարժընթացների տեսության ասպարեզներում։

Մաթեմատիկական ֆիզիկա. Սկզբնավորվել է 1960-ական թթ-ին՝ Վ. Համբարձումյանի դաս. աշխատանքներով, որոնցում առանձնահատուկ տեղ են գրավում ինվարիանտության սկզբունքը և Շտուրմի-Լիուվիլի հակադարձ խնդրի ձևակերպումն ու լուծումը։ Հետագայում մաթեմատիկական ֆիզիկական հետազոտությունները զարգացել են Ն. Ենգիբարյանի աշխատանքներում։

Մաթեմատիկական ֆիզիկայի դիֆերենցիալ, ինտեգրալ, ինտեգրալ-դիֆերենցիալ ու հանրահաշվ. հավասարումների հետազոտման ու լուծան բնագավառում՝ ներառյալ փաթեթի տիպի հավասարումների լայն դասերը, մշակվել են մի շարք նոր մեթոդներ, որոնք կիրառվել են ճառագայթման