Այս էջը հաստատված է

Կ. Աղայանի, Կ. Ղուլյանի և ուրիշներ աշխատանքներում։ Ստացված արդյունքների զգալի մասն ամփոփվել է Վ. Ալեքսանդրովի և Ս. Մխիթարյանի «Կոնտակտային խնդիրներ՝ բարակ ծածկույթներ ու միջադիրներ պարունակող մարմինների համար» (ռուս․, 1983) մենագրության մեջ։ Ս. Մխիթարյանը, Վ. Տոնոյանը, Վ. Հակոբյանը, Ա. Սահակյանը և ուրիշներ հետազոտել են 2 և ավելի լարումների կենտրոնացուցիչների առկայությամբ առաձգ. մարմինների լարվածադեֆորմացիոն վիճակները։ Զարգացվել են սինգուլյար ինտեգրալ և ինտեգրոդիֆերենցիալ հավասարումների լուծման վերլուծ. ու թվային-վերլուծ. մեթոդները (Ս. Մխիթարյան, Է. Գրիգորյան, Ա. Սահակյան, Վ. Հակոբյան)։ Ս. Մխիթարյանը դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի կոնտակտային և խառը եզրային խնդիրների որոշիչ ինտեգրալ օպերատորների համար ստացել է սպեկտրային առնչություններ, որոնց օգնությամբ ստացվել են նշված լայն դասերի խնդիրների արդյունավետ լուծումներ։ Կ. Չոբանյանը և իր աշակերտներ Ռ. Ալեքսանյանը, Ա. Խաչիկյանը, Ա. Սարգսյանը և ուրիշներ ուսումնասիրել են բաղադրյալ մարմինների լարվածային վիճակի առանձնահատկությունները և ստացել թերլարվածության պայմանները՝ միացումների գագաթներում։ Այս աշխատանքը, որպես գիտական հայտնագործություն, գրանցվել է ԽՍՀՄ պետական գրանցամատյանում (1971), և Կ. Չոբանյանին 1978-ին շնորհվել է № 102 դիպլոմը (ՀԽՍՀ-ում՝ առաջինը)։

Մշակվել են տարամոդուլ առաձգականության տեսության հիմունքները (Ս. Համբարձումյան, Ա. Խաչատրյան), ստացվել են ձգմանը և սեղմմանը տարբեր կերպ դիմադրող նյութերի առաձգականության տեսության հիմնական հավասարումները, լուծվել մի շարք կարևոր խնդիրներ։

Մշակվել են գլանաձև թաղանթների ստատիկ․ և դինամիկ․ հաշվարկի մեթոդներ, ուսումնասիրվել տատանումների և կայունության հարցերը (Թ. Խաչատրյան և ուրիշներ)։ Առաջարկվել է անիզոտրոպ շերտավոր թաղանթների ընդհանուր տեսություն, որը շարադրել է Ս. Համբարձումյանը «Անիզոտրոպ թաղանթների տեսություն» (ռուս․, 1961) մենագրության մեջ։ Հաստատվել է թաղանթում ֆլատերային տատանումների հնարավորությունը՝ կրիտիկ. արագություններից փոքր արագությունների դեպքում (Գ. Բաղդասարյան)։ Անիզոտրոպ սալերի և թաղանթների տեսության զարգացման տեսանկյունից կարևոր է ֆիզիկական փոքր պարամետրի մեթոդը (Վ. Սարգսյան)։ Ս. Համբարձումյանի գլխավորությամբ դիտարկվել են անհամասեռ անիզոտրոպ հատկություններով նյութից պատրաստված սալերի և թաղանթների ստատիկայի ու դինամիկայի բազմաթիվ խնդիրներ, բացահայտվել այդ սալերի ու թաղանթների առանձնահատկությունները (Լ. Մովսիսյան, Գ. Բաղդասարյան, Մ. Բելուբեկյան և ուրիշներ)։

Կարևոր արդյունքներ են ստացվել տարբեր ֆիզիկական հատկություններով դեֆորմացվող պինդ մարմիններում էլեկտրամագնիսաառաձգ. ալիքների տարածման խնդիրներում, որոնք ամփոփված են Գ. Բաղդասարյանի և Զ. Դանոյանի «Էլեկտրամագնիսաառաձգական ալիքներ» մենագրության մեջ։ Էական արդյունք է ստացվել պյեզոակտիվ առաձգ. միջավայրերի դասակարգման հարցում, որը հնարավորություն է տվել հետազոտել պյեզոառաձգ. գծային և ոչ գծային ալիքների տարածման առանձնահատկությունները (Ա. Ավետիսյան և ուրիշներ)։ Հետազոտվել են մագնիս․ դաշտի միջոցով առաձգ. մակերևութային ալիքների կառավարման հնարավորությունը (Կ. Ղազարյան, Ս. Վ. Սարգսյան և ուրիշներ)։

Ստեղծվել է միկրոբևեռ առաձգականության (Կոսեռայի միջավայր) սալերի և թաղանթների կիրառ. տեսություն, որի հիման վրա կատարվել են կարևոր հետազոտություններ՝ նանոչափերի սարքերի ամրության ու տատանումների վերաբերյալ (Ս. Համբարձումյան)։ Հենվելով առաձգականության միկրոբևեռ տեսության թաղանթի բարակ տիրույթում ներքին ասիմպտոտիկ լուծման որակ․ կողմերի վրա՝ ընդունվել են համապատասխան վարկածներ, կառուցվել միկրոբևեռ թաղանթի, սալի հեծանի կիրառ. ընդհանուր ստատիկ․ և դինամիկ․ տեսությունները, որոնց օգնությամբ լուծվել են հեծանի, ուղղանկյուն ու կլոր սալերի, գլանային թաղանթների լարվածադեֆորմացիոն վիճակների որոշման, ազատ և ստիպող․ տատանումների վերաբերյալ կոնկրետ խնդիրներ (Ս. Հ. Սարգսյան)։