Այս էջը հաստատված է
Դեղագործական քիմիա

Դեղագործ. քիմիայի հիմնադիրը Հայաստանում Արմենակ Մնջոյանն է։ Հայրեն. մեծ պատերազմի (1941-45) տարիներին ԵԲԻ-ում նրա ղեկավարությամբ սինթեզվել և արտադրության մեջ են ներդրվել ռազմաճակատին ու թիկունքին անհրաժեշտ դեղանյութեր։ Կենսաբանորեն ակտիվ նյութերի սինթեզը հետագայում ծավալվել է Ա. Մնջոյանի ղեկավարած քիմիադեղագործ. լաբորատորիայում, որի հիման վրա 1955-ին ստեղծվել է ՀԽՍՀ ԳԱ Նուրբ օրգ. քիմիայի ինստ-ը (ՆՕՔԻ, 1971-ից՝ Ա. Մնջոյանի անվան, 2006-ից՝ ՀՀ ԳԱԱ Օրգ. և դեղագործ. քիմիայի գիտատեխնոլոգ. կենտրոն)։ Այստեղ սինթեզվում են նոր նպատակային օրգ. միացություններ, ուսումնասիրվում դրանց կենսբ. ակտիվությունը, բացահայտվում օրգ. միացությունների կառուցվածքի և կենսբ. ակտիվության միջև եղած կապը, կատարվում են կլինիկ․ փորձարկումներ։

Ցույց է տրվել, որ երկհիմն կարբոնաթթուների ածանցյալները կենսաբանորեն ակտիվ նյութեր են (Հովհաննես Մնջոյան). սաթաթթվի երկմեթիլամինաէթիլէսթերը՝ դիթիլինը, օգտագործվում է բժշկության մեջ՝ կրծքավանդակի վիրահատությունների ժամանակ՝ որպես մկանները թուլացնող միջոց (միոռելաքսանտ), խցանաթթվի երկմեթիլամինաէթիլէսթերի երկյոդմեթիլատը՝ սուբեխոլինը՝ որպես շնչառության խթանիչ։ Տեղակալված քացախաթթուների և ֆենոլաթթուների ամինաէսթերների խոլինաքայքայիչ և հանգուցամեկուսիչ հատկությունների հետազոտություններով բացահայտվել է, որ ամինասպիրտային բաղադրիչի կառուցվածքի փոփոխությունը կարող է հանգեցնել դրանց կենսբ. ակտիվության ի հայտ գալուն, ինչպես նաև մեծացնել դրանց ներգործության տևողությունը։

Այդ հետազոտությունների արդյունքում ստեղծվել են գանգլերոն և քվատերոն դեղանյութերը, որոնք օգտագործվում են կրծքային հեղձուկի և խոցային հիվանդության բուժման համար։

Պարզել են, որ տեղակալված ֆենիլ-քացախաթթուների ամինաէսթերներում շղթայի ճյուղավորումը դանդաղեցնում է միացության հիդրոլիզը էսթերազի ներգործությամբ։ Սինթեզվել են ինդոլի շարքի ամինամիացություններ, մորֆինի ածանցյալներ, նոր ալկալոիդներ և այլ միացություններ, որոնցից մի քանիսը հանգստացնող միջոցներ են (Գուրգեն Թադևոսյան)։ Ստացվել են արփենալ (ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային ու պարկինսոնյան հիվանդություններ), մեսֆենալ (գերջրություն, դիսկինեզիա, բրոնխային հեղձուկ, խոցային հիվանդություն, լեղապարկի բորբոքումներ), ֆուբրոմեգան (բրոնխային հեղձուկ, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդություններ) դեղանյութերը։ Կատարվել են նաև մանրէասպան դեղամիջոցների սինթեզման աշխատանքներ։

Հակատուբերկուլոզային միջոցների հետազոտություններով ստացվել է կոկորդի տուբերկուլոզը բուժող դեղամիջոց։ Ստեղծվել է լևոմիցետինի լուծելի ձևը՝ նալեցինը, որն օգտագործվում է վարակիչ հիվանդությունների (որովայնային տիֆ, դիզենտերիա) առավել ծանր ընթացքի դեպքում։ 1970-ից Սարգիս Վարդանյանի ղեկավարությամբ հետազոտվել են արիլալկիլամինները, իզոքինոլինի սինթետիկ ածանցյալները, ինդոլը, պիրիմիդինը, N, O, S պարունակող տարացիկլային միացությունները, ամինաթթուները, պեպտիդները, ինչպես նաև կիսասինթետիկ հակաբիոտիկները և բուս․ ծագման միացությունները։ Մշակվել է վինիլ-ացետիլենային սպիրտների սինթեզի նոր եղանակ, որի շնորհիվ սինթեզվել են բազմաթիվ տեղակալված երկվինիլկետոններ, N, O, S պարունակող տարացիկլային 4-կետոններ, ալդեհիդներ և այլ միացություններ։ Այդ հետազոտությունների հիմն․ նպատակը կենտրոնական նյարդ․ համակարգի վրա ընտրողաբար ներգործող դեղամիջոցների ստեղծումն է։

Հետազոտություններ են կատարվել նաև հոգեբուժ. ակտիվություն ունեցող ինդոլի շարքին պատկանող տարացիկլային միացությունների սինթեզի ուղղությամբ (Գ. Թադևոսյան), ստացվել են ռեզորցինի նմանակ ինդոլային միացություններ։ Էպիլեպսիայի բուժման համար հաջողությամբ կիրառվում է պուֆեմիդը, որն աչքի է ընկնում անցանկալի ազդեցությունների բացակայությամբ։ Նյարդաբորբերի, հյուսակաբորբերի, նյարդարմատաբորբերի և նյարդ․ այլ հիվանդությունների