Այս էջը հաստատված է

բուժման համար կիրառվում է թիոդինը, 12-մատնյա աղիքի խոցի բուժման համար՝ դիմեկումարոնը։ Կարևոր նշանակություն ունեն ժողովրդական բժշկության մեջ օգտագործվող դեղաբույսերի քիմիական բաղադրության ուսումնասիրությունները։ Կատարվել են հակաուռուցքային դեղանյութերի, սինթետիկ և կիսասինթետիկ հակաբիոտիկների ստացման աշխատանքներ։ Սինթեզվել են հակամանրէային մեծ ակտիվություն ունեցող, թթվա- և աղակայուն պենիցիլիններ։ Ազատ Նորավյանի ղեկավարությամբ հայտնաբերվել են կոնդենսված տարացիկլային նոր միացությունների շարքեր, որոնք բարձրարդյունավետ հանգստացնող և հակաջղաձգային դեղանյութեր են։ Ստացվել են մեկ տասնյակից ավելի նախակլինիկ. փորձարկումների փուլեր անցած հեռանկարային դեղամիջոցներ, որոնց հետ կատարվող աշխատանքները հասցվել են նախակլինիկ. անվտանգության ուսումնասիրության և մասամբ՝ կլինիկ․ փորձարկումների մակարդակի։

ՆՕՔԻ-ն պարբերաբար հրատարակում է «Տարացիկլային միացությունների սինթեզներ» ժող-ը, որը թարգմանվում է անգլ. ԱՄՆ-ում։ ՆՕՔԻ-ն պարգևատրվել է (1971) Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, մի շարք աշխատակիցներ ՀԽՍՀ Պետական մրց-ի դափնեկիրներ են։

Ամինաթթուների ԳՀ տեխնոլոգ․ ինստ-ում (ԱԳՀՏԻ, 1971-83-ին՝ ԽՍՀՄ Մանրէակենսբ. և բժշկ. արդ-յան նախարարության կառուցվածքային միավոր, 1986-ից՝ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱՄ, 1992-ից՝ Կենսատեխնոլոգիայի ԳՀԻ, որի կազմում ընդգրկվել են Չարենցավանի «Լիզին», Աբովյանի Կենսաքիմիական, Երևանի Վիտամինների և Քիմիադեղագործ. գործարանները) մշակվել են կենսաբանորեն ու դեղաբանորեն ակտիվ միացությունների (ամինաթթուներ, պեպտիդներ, խմորիչային և այլ կենսապատրաստուկներ) արտադրական տեխնոլոգիաներ, որոնք ներդրվել են Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Չինաստանում, Գերմանիայում և այլուր։ Աշոտ Սաղյանի ղեկավարությամբ մշակվել են ոչ սպիտակուցային ամինաթթուների կենսանմանակային (կենսամիմետիկ) անհամաչափ սինթեզի բազմաթիվ արդյունավետ եղանակներ, սինթեզվել են 150-ից ավելի նոր, օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուներ և դրանցից կազմված պեպտիդներ (կողմնային շղթայում ալիֆատիկ, արոմատիկ և տարացիկլիկ տեղակալիչներով), որոնք ժամանակակից հակաքաղցկեղային, թերճնշումային, հակաթմրանյութային և այլ դեղապատրաստուկների դեղաբանորեն ակտիվ ագլիկոնն են։ Ստեղծվել է միջազգային շուկայում իրացվող օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային (S)և (R)-α-ամինաթթուների արտադրության փոքրածավալ տեխնոլոգ. հոսքագիծ։ Սինթեզված ոչ սպիտակուցային ամինաթթուների և հատկապես դրանցից կազմված պեպտիդների շարքում հայտնաբերվել են վառ արտահայտված հակավիրուսային և հակաքաղցկեղային ակտիվություններով օժտված պատրաստուկներ, որոնք փորձարկվել են եվրոպ. հանրաճանաչ դեղագործ. ընկերություններում։ Մշակված եղանակները կիրառվում են ամինաթթուներ և պեպտիդներ արտադրող, պոզիտրոնային էմիսիոն շերտագր. ախտորոշման և այլ դեղագործ․ ֆիրմաներում։

1998-ից ԵՊՀ դեղագործ․ քիմիայի ամբիոնում Ա. Սաղյանի ղեկավարությամբ սինթեզվել են նոր սերնդի տարացիկլեր պարունակող օպտիկապես ակտիվ ամինաթթուներ, որոնք նույնպես լուրջ հետաքրքրություն են առաջացրել հակաքաղցկեղային դեղապատրաստուկների արտադրության մեջ։ Այդ աշխատանքները համատեղ կատարում են ԵՊՀ-ի, Ռոստոկի (Գերմանիա) համալսարանի օրգ. քիմիայի ամբիոնները և ՀՀ ԳԱԱ Օրգ. և դեղագործ․ քիմիայի գիտատեխնոլոգ. կենտրոնը։

ԵՊԲՀ-ում Մ. Օրդյանի ղեկավարությամբ սինթեզվել են հակաուռուցքային, պսակային անոթների դիմադրողականությունը և արյան ճնշումը նվազեցնող, հակաջղաձգային և մանրէասպան հատկություններով օժտված միացություններ։

Վիգեն Թոփուզյան, Աշոտ Սաղյան


Վերլուծական քիմիա

Վերլուծ. (անալիտիկ) քիմիայի զարգացումը ՀՀ-ում պայմանավորվել է տեղական հանքանյութերի քիմիական բաղադրության վերլուծության անհրաժեշտությամբ։ Առաջին աշխատանքները կատարվել են ԵՊՀ-ում՝ ժողտնտխորհի կենտրոնական քիմիական լաբորատորիայում։ Վերլուծ. քիմիայի նոր եղանակների ստեղծման առաջին փորձերը կատարվել են Ի. Ալիմարինի ղեկավարությամբ և վերաբերում են էլեկտրաքիմիական վերականգնման եղանակով փոփոխ․ արժեքականություն ունեցող կատիոնների քանակ․ որոշմանը։ 1938-ին ԵՊՀ-ում ստեղծվել է վերլուծ. քիմիայի ամբիոն (վարիչ՝ Վերգինե Թառայան), որտեղ Լևոն Ռոտինյանի առաջարկով կատարվել են նստեցման և կոմպլեքսագոյացման մի շարք ռեակցիաների պոտենցիալաչափ. հետազոտություններ, մշակվել են սիլիկաթթվի, ալյումինի, բերիլիումի, կապարի, թորիումի, կալցիումի և այլ տարրերի որոշման եղանակներ (Վ. Թառայան), սնդիկի (II) աղերը որպես վերականգնիչներ օգտագործելու միջոցով Թառայանն ստեղծել է տիտրաչափ. (ծավալային) վերլուծության նոր եղանակ՝ մերկուրոռեդուկտոչափություն, որը նկարագրված է նրա «Մերկուրոռեդուկտոչափություն» (ռուս․, 1958) մենագրության մեջ։

1950-ական թթ-ին հետազոտվել են հազվագյուտ և ցրված մի շարք տարրերի վերլուծ. քիմիայի հարցեր (Ե. Հովսեփյան)։ Մշակվել են ռենիումի միկրոքանակների որոշման նոր եղանակներ, որոնք ամփոփվել են Վ. Թառայանի «Ռենիումի վերլուծական քիմիան» (ռուս․, 1965) մենագրության մեջ։ Մշակվել են նաև սելենի