և թելուրի միկրոքանակեերի որոշման նոր եղանակներ։
1960-ական թթ-ին սկսվել են լուսաչափ. եղանակներով հետազոտությունները, հիմնային ներկանյութերի կիրառմամբ ստեղծվել են նոր բարձրզգայուն լուծահանման-լուսակլանման եղանակներ (Վ. Թառայան, Ե. Հովսեփյան)։ Եռֆենիլմեթանային, թիազինային և ակրիդինային շարքերի հիմնային ներկանյութերի կիրառմամբ մշակվել են հազվագյուտ տարրերի (ռենիում, թալիում, ոսկի, գալիում, տանտալ, ուրան, սնդիկ ևն) միկրոքանակների որոշման զգայուն եղանակներ։ Ուշագրավ են հետազոտվող տարրերի անիոնային կոմպլեքսների հետ հիմնային ներկանյութերի առաջացրած միացությունների՝ իոնական ասոցիատների, օրգ. լուծիչներով լուծահանման մեխանիզմի և օրգ. ֆազ անցած միացության բաղադրության հետազոտությունները։ Լուծահանման-ֆլոտրաչափ. եղանակի կիրառմամբ հնարավոր է դարձել հազվագյուտ տարրերի որոշումը հետազոտվող նյութում՝ նրանց մինչև 10-6-10-7% պարունակության դեպքում (Վ. Թառայան)։ Հիմնային ներկանյութերի քվանտաքիմիական հետազոտմամբ մեկնաբանվել են նրանց ռեակցիոնունակության և ընտրողականության տարբերության պատճառները։ Կարևոր գործն․ նշանակություն ունի նաև եռազինային շարքի հերբիցիդների որոշման լուծահանման-ֆլոտրաչափ. եղանակի մշակումը։ Մշակվել են Հայաստանի սուլֆիդային հանքաքարերում, սիլիկատային ապարներում հանդիպող մի շարք տարրերի միկրոքանակների որոշման զգայուն, հազվագյուտ տարրերի բաժանման և որոշման քրոմատագրության եղանակներ։ Հետազոտվել են մի շարք սորբենտ-իոնափոխանակիչների հատկությունները, որոնք կիրառվում են քրոմատագրության մեջ։ Մշակվել են նշված իոնների կոնցենտրացման և անջատման նոր եղանակներ՝ որպես կրող սորբենտ կիրառելով ՀՀ-ում տարածված ոչ մետաղ․ հանածոների մանրահատիկները (Դանիել Գայբակյան)։ Հետազոտվել են բնական սորբենտների կլանող հատկությունները նրբաշերտ քրոմատագրության մեջ, որոշվել են նստեցնող և կոմպլեքսագոյացնող նյութերի առավել արդյունավետ կոնցենտրացիաները, աղային էֆեկտի արժեքը, իոնների համեմատ․ շարժունակությունը (Աղասի Քանքանյան)։
Շրջակա միջավայրի աղտոտման վերահսկողության հետ կապված՝ ԵՊՀ-ի վերլուծ. քիմիայի ամբիոնում մշակվող լուսաչափ․ եղանակները կիրառվում են թափոնաջրերում, հողում, բույսերում, սննդամթերքում մի շարք թունավոր տարրերի որոշման համար (Ժ. Առստամյան)։ Ուշագրավ են հիմնային ներկանյութերով ոսկու և պլատինային խմբի մետաղների (պլատին, պալադիում, օսմանյանիում) որոշման լուծահանման-լուսաչափ. և ֆլոտրաչափ. եղանակների մշակումն ու կիրառումը (Հ. Խաչատրյան, Ջ. Միքայելյան)։
Գործն․ և տես. կարևորություն ունեն Վ. Թառայանի ու Ֆ. Միրզոյանի ղեկավարությամբ ՀՀ ԳԱԱ Ընդհանուր և անօրգ. քիմիայի ինստ-ում հիմնային ներկանյութերի և տարաբազմաթթուների անիոնների միջև ընթացող նստվածքագոյացման ռեակցիաների հետազոտությունները, որոնց արդյունքները կիրառվում են սիլիցիում, ֆոսֆոր, արսեն, գալիում, գերմանիում և այլ տարրերի նվազագույն քանակների որոշման համար։
1959-ին սինթետիկ կաուչուկի գործարանի կենտրոնական լաբորատորիայում ներդրվել է գազային քրոմատագրությունը։ Քլորոպրենային կաուչուկի և լատեքսների տեխնոլոգ. շարժընթացների վերահսկողության նպատակով մշակվել և արտադրության մեջ ներդրվել են քլորոպրենային բազմաթորուցքի (ռեկտիֆիկատ) և նրա մեջ պարունակվող խառնուրդների (օդում՝ քլորոպրենի, լատեքսներում՝ չպոլիմերված քլորոպրենի) որոշման գազային քրոմատագրության (Ս. Սուքիասյան) և սպեկտրաչափ. եղանակները (Խ. Խանամիրյան)։
ՀՀ ԳԱԱ ՕՔԻ-ում և ՆՕՔԻ-ում մշակվել են օրգ. միացությունների քիմիական վերլուծության նոր եղանակներ (Ա. Աբրահամյան)։ Օրգ. նյութերում հալոգենների, ծծմբի, ֆոսֆորի, սնդիկի և բորի միկրոքիմիական որոշման համար որպես օքսիդիչ առաջարկվել է կալիումի պերմանգանատը, որը հնարավորություն է տալիս չափումն իրականացնել այդ տարրերից մի քանիսի առկայությամբ։ Առաջարկվել է հալոգենները կլանելու համար ոսկու և արծաթի փոխարեն օգտագործել մետաղ. ծարիր ու բիսմութ և ածխածնի, ջրածնի ու հալոգենների որոշումը կատարել համատեղ։