Այս էջը հաստատված է

ՀՊՃՀ-ի ընդհանուր և անօրգ. քիմիայի ամբիոնում (Ա. Մանթաշյան և ուրիշներ) պարզել են, որ բնական հանք․ հումքը և անօրգ. կարծրաֆազ նյութերը գազաֆազ շղթայական ռեակցիաների ազդեցությամբ ենթարկվում են արդյունավետ փոխարկումների, որոնք ունեն կարևոր կիրառ. նշանակություն։

Լևոն Թավադյանը ՌԳԱ քիմֆիզիկայի ինստ-ի աշխատակիցների հետ հայտնաբերել է շղթ. ռեակցիաների ընտրող․ արգելակման երևույթը, որը գրանցվել է որպես հայտնագործություն (№ 338, 1988, ԽՍՀՄ գիտ-յան և տեխնիկայի պետկոմ), մշակել ածխաջրածինների հեղուկաֆազ օքսիդացմանը մասնակցող ազատ ռադիկալների տարր․ ռեակցիաների հետազոտման կինետիկ․ եղանակ, առաջարկել տարասեռ նոր կատալիզատորներ և արգելակիչներ (ինհիբիտորներ)։

Բարդ քիմիական ռեակցիաների մեխանիզմների թվային մոդելավորման և կինետիկ․ վերլուծության համար առաջարկվել է նոր արժեքային մոտեցում, որը ներդրվել է VALKIN հաշվող, ծրագրային փաթեթում։ Այդ աշխատանքներն ամփոփվել են Լ. Թավադյանի և Գ. Մարտոյանի «Քիմիական փոխազդող համակարգերի կինետիկական մոդելների վերլուծության արժեքավորման Եղանակը» (ռուս․, 2005) գրքում։

Բացահայտվել է ջրածնի գերօքսիդի տարասեռ քայքայման ռադիկալային բնույթը, և այդ ռեակցիան որպես ռադիկալների մատչելի աղբյուր օգտագործվել է այլ փոխարկումների իրականացման և ուսումնասիրման համար (Գ. Գրիգորյան)։ Բյուրեղային նյութերի (աղեր, օքսիդներ) և գերօքսիդների գոլորշիների փոխազդեցությամբ ստացվել են բազմաթիվ նոր միացություններ։

Հետազոտություններ են կատարվում նաև Ա. Մերժանովի ստեղծած բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի (ԲԻՍ) ուղղությամբ։ Այդ եղանակով ստացվել են խեցեգործ․ բաղադրյալ նյութեր և մետաղների (Mo, W, Cu, Ni, Со) փոշիներ, հետազոտվել են համապատասխան այրման ռեակցիաների մեխանիզմները, ուսունասիրվել է պինդ ֆազում կատարվող բարձրջերմաստիճանային արագընթաց ռեակցիաների կինետիկան (Ս. Խառատյան և ուրիշներ)։ Մշակվել են մետաղի մասնիկների ջերմադիֆուզային բռնկման և դիֆուզիայի տես. մոդելները, առաջարկվել գործընթացի լավարկման և կառավարման ուղիներ։ Առաջարկվել է այրման ռեժիմում արժեքավոր պինդ արգասիքների ստացման քիմիական խթանման եղանակ (Ս. Խառատյան)։ ԲԻՍ եղանակով առաջին անգամ սինթեզվել են անցումային մետաղների հիդրիդներ (Ս. Դոլուխանյան և ուրիշներ ), որոնցից շատերն ունեն կարևոր կիրառ. նշանակություն։ Առաջարկվել է անցումային մետաղների համաձուլվածքների ստացման նոր՝ ցածրջերմաստիճանային ցիկլիկ եղանակ՝ օգտագործելով համապատասխան մետաղների հիդրիդները (Ա. Դոլուխանյան)։ ԲԻՍ եղանակով մոլիբդենի երկսիլիցիդի ստացման տեխնոլոգիան ներդրվել է Վանաձորի բարձրջերմաստիճանային տաքացուցիչների գործարանում (ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1980)։

Լևոն Թավադյան
Պոլիմերների քիմիա

ՀՀ-ում պոլիմերների սինթեզի և հետազոտման առաջին գիտական աշխատանքները կապված են սինթետիկ կաուչուկի արտադրության կազմակերպման հետ։ 1959-ին ստեղծվել է Սինթետիկ կաուչուկի համամիութ. ԳՀԻ-ի Երևանի մասնաճյուղը (1964-ից՝ Պոլիմերային նյութերի համամիութ. ԳՀԻ, 1976-ից՝ «Նաիրիտ» ՓԲԸ-ի կազմում), որտեղ Նորայր Կարապետյանը, Իվան Բոշնյակովը ստացել և արտադրության մեջ ներդրել են քլորոպրենային կաուչուկների ու լատեքսների նոր տեսակներ, բացահայտել քլորոպրենի հոմո- և համապոլիմերման հիմն․ օրինաչափությունները, պոլիքլորոպրենի ու համապոլիմերների կառուցվածքը, հետազոտվել են կաուչուկների ֆիզիկամեխանիկական հատկությունները՝ կախված կոնվերսիայի աստիճանից, էմուլգարարի, խթանիչի, կարգավորիչի բնույթից և կոնցենտրացիայից։ Քլորոպրենային կաուչուկների կայունացման պայմանների և ծերացման մեխանիզմի, ինչպես նաև տարբեր ռետինացնող հավելուկների ներգործության վերաբերյալ հետազոտությունների շնորհիվ (Լ. Մելքոնյան, Ռ. Բաղդասարյան, Ա. Գևորգյան) հնարավոր է եղել ստանալ ամենատարբեր հատկություններով ռետիններ։ Գուրգեն Մարտիրոսյանը մշակել է բուտադիենի հեղուկաֆազ քլորացմամբ քլորոպրենի սինթեզի եղանակ, որն զգալիորեն կրճատել է արտադրական թափոնների քանակությունը։

Մեծ է Ն. Ենիկոլոպյանի և նրա աշակերտների (Ա.Շահինյան, Ս.Դավթյան, Հ.Մատնիշյան և ուրիշներ) դերը պոլիմերների սինթեզման մեխանիզմների, պինդ փուլում մեխանիկական ազդեցությամբ ընթացող պոլիմերման շարժընթացների ուսումնասիրման գիտական ուղղությունների ձևավորման գործում։

Ա. Շահինյանը և Լ. Մելքոնյանը մշակել են էմուլսիոն պոլիմերման նոր մոդել, որը հնարավորություն է տալիս զգալիորեն բարելավել պոլիքլորոպրենային կաուչուկների հատկությունները։ Ա. Շահինյանն առաջարկել է նաև էմուլսիոն պոլիմերման շարժընթացների մեխանիզմի և ստացված պոլիմերների հատկությունների վրա համակարգի դինամիկ կառուցվածքի ազդեցության տես. մոտեցում։ Այդ աշխատանքներն ամփոփվել են նրա «Իոնական միցելների կառուցվածքների դերը էմուլսիայում մակրոմոլեկուլների ձևավորման մեխանիզմներում» (ռուս․, 1985) գրքում։

Սինթեզվել են նաև պոլիմերային նանոկոմպոզիտներ, և ուսումնասիրվել դրանց հատկությունները, որոնց արդյունքներն ամփոփվել են Ս. Դավթյանի և Ա. Տոնոյանի «Նանոտեխնոլոգիաների հիմնադրույթները,