Այս էջը հաստատված է

ինքնատարածվող սինթեզի (ԲԻՍ, Ա. Մերժանով) և հատկապես սեղմման ու սահքի ձևախախտման (դեֆորմացիա), ինչպես նաև առաձգական ալիքի ազդեցության տակ մեծ արագությամբ ընթացող ռեակցիաների [(Ն. Ենիկոլոփյան, հայտնագործություններ № 288 (1984) և №013 (1990)] ուսումնասիրությունների վրա։

Վանաձորի բարձրջերմաստիճանային տաքացուցիչների գործարանում ԲԻՍ եղանակով ներդրվել է մոլիբդենի երկսիլիցիդայի տաքացուցիչների արտադրությունը։ Մշակվել են առաձգական ալիքի տարածման կիրառումով գերկարծր միացությունների, այդ թվում՝ սինթետիկ ալմաստի ստացման, ինչպես նաև այլ նյութերով ու խառնուրդներով մետաղների մակերևութային ծածկույթներ ստեղծելու տեխնոլոգիաներ։

ՀՀ ԳԱԱ Ընդհանուր և անօրգ. քիմիայի ինստ-ում և ՀՊՃՀ-ում կատարվել են հիմնականում երկֆազ համակարգերի (պինդ-հեղուկ, պինդ-գազ, հեղուկ-գազ) մասնակցությամբ ընթացող տեխնոլոգ․ գործընթացների զանգվածափոխանակության, ջերմափոխանակության, օդային և ջրային հոսքափոխադրամիջոցների հետազոտություններ (Ա. Գասպարյան, Ա. Զալինյան, Ռ. Հակոբյան, Ռ. Միրզախանյան)։ «Խիտ շերտով» օդահոսքափոխադրման եղանակը, որը մեծ չափով նվազեցնում է էներգիայի ծախսերը, խողովակաշարերի մաշումը և շրջապատող օդի աղտոտումը, ներդրվել է ԽՍՀՄ ավելի քան 80 արդյունաբերական ձեռնարկություններում։

1978-88-ին մշակվել և փոքրածավալ տեղակայանքներով ստեղծվել են արդյունաբերական թափոններից էկոլոգիապես մաքուր հակակոռոզիոն նյութերի ստացման տեխնոլոգիաներ (Կ. Թահմագյան, Հ. Ջանիկյան)։ Մշակվել և արտադրության մեջ ներդրվել են ծանր մետաղների իոններ (Cr6+, Cr3+, Cu2+, Cd2+, Ni2+ և այլն), նավթանյութեր, օրգ. ներկեր պարունակող հոսքաջրերի մաքրման տեխնոլոգիաներ (Կ. Թահմազյան, Գ. Վարդերեսյան, Գ. Այվազյան)։

Բնական հումքի (հիմնականում՝ պեռլիտի) հիմքի վրա մշակվել և ՀԱԷԿ-ում ներդրվել է ռադիոնուկլիդներով և նավթամթերքով աղտոտված հոսքաջրերի մաքրման կլանիչ, որը փոխարինել է թանկարժեք ակտիվացրած ածխին (Գ. Վարդերեսյան՝ ԱՄՆ-ի Կենսագր. ինստ-ի 2009-ի Ոսկե մեդալ, Մ. Սիրականյան)

Էկոլոգիական քիմիա

Էկոլոգ. քիմիան՝ որպես գիտության նոր բնագավառ, ՀՀ-ում ձևավորվել է XX դ-ի 2-րդ կեսին ԵՊՀ քիմիայի ֆակ-ում Ա. Ավետիսյանի նախաձեռնությամբ ստեղծված էկոլոգ. քիմիայի միջամբիոնային լաբորատորիայում (1992-ից՝ էկոլոգ. քիմիայի բաժնում, 2006-ին ստեղծվել է նաև էկոլոգ. քիմիայի ամբիոն, վարիչ՝ Գ. Փիրումյան)։ Ուսումնասիրվել են բնական մակերևութային ջրերում առկա ամինաթթուների, տարբեր պեստիցիդների, քիմիական նյութերի, մասնավորապես ԵՊՀ օրգ. քիմիայի ամբիոնում սինթեզված օրգ. միացությունների՝ որպես ձկների աճի խթանիչների փոխակերպումները (հիդրոլիզ, ուղիղ և զգայունացված լուսաքիմիական տարրալուծում, բնական ջրերում առկա փոփոխ․ արժեքականությամբ մետաղների ներկայությամբ՝ կատալիտիկ, և ռադիկալների մասնակցությամբ օքսիդացման շարժընթացներ, կենսակուտակման հնարավորություն և այլ էկոքիմիական բնութագրեր)։ Քանակապես բնութագրվել է HO- ռադիկալների մասնակցությամբ շարժընթացների դերն աղտոտիչների փոխակերպման դեպքում։

Բացահայտվել է, որ կենսբ. ծագման վերականգնիչները թունավորում են բնական ջրերը, որը վերանում է ջրային միջավայր ջրածնի պերօքսիդ ավելացնելիս։

Ցույց է տրվել, որ մեծ լճերում ու ջրամբարներում ինֆուզորիաները (Tetrahymena piriformis) որպես թեստ-օբյեկտ օգտագործելով՝ կարելի է գնահատել տարբեր մարդահարույց ազդեցությունները բնական ջրային միջավայրի վիճակի վրա։

Առաջին անգամ քանակապես գնահատվել է տրիպտոֆանի և նրա կոմպլեքսների դերը բնական ջրային միջավայրում տարբեր աղտոտիչների լուսաքիմիական փոխարկումների ժամանակ։

Արդ. և կոմունալ-կենցաղային թափոնաջրերի մաքրման համար օգտագործվել են տեղական հումքից ստացվող կլանիչներ, մասնավորապես՝ սերպենտինացված գերհիմնային ապարներից պատրաստված սիլիկագելերը, խեցգետնակերպների պարկուճներից ստացվող խիտոզանը։ Առաջարկվել են մթնոլորտային տեղումների աղտոտվածությունների մակարդակների գնահատման ցուցանիշների նոր սանդղակներ, որոշվել են շրջակա միջավայրի առանձին օբյեկտներում, սննդամթերքի և դիմահարդարման միջոցների տարբեր տեսակներում ծանր մետաղների (սնդիկ, կադմիում, կապար) պարունակությունները և դրանց տեղաշարժի ուղիները։

Գևորգ Փիրումյան
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայկական լեռնաշխարհի և Փոքր Կովկասի տարածքում առաջին երկրբ. մասնագիտական ուսումնասիրությունները կատարել են եվրոպացի և ռուս երկրաբաններն ու բնախույզները (Հ. Աբիխ, Ֆ. Օսվալդ, Հ. Լինչ, Ա. Մուսին-Պուշկին, Գ. Խալաթով և ուրիշներ) XIX դ-ում։ Դրանք ուղեկցվել են Երկրբ. հանույթով, տրվել են ապարների հասակի և կազմի մասին համառոտ տեղեկություններ։ Արդյունքներն ամփոփվել են Հ. Աբիխի «Հայկական լեռնաշխարհի երկրաբանությունը» երկհատոր աշխատության մեջ։ XIX դ-ի վերջին և XX դ-ի սկզբին ներկայիս ՀՀ տարածքում (Կապան, Ալավերդի, Ախթալա և այլն) սկսվել են պղնձի և բազմամետաղների հանքավայրերի, ոչ մետաղ․ օգտակար հանածոների