Այս էջը հաստատված է

(շինանյութեր, աղեր, վիմագր. քար և այլն ) հետազոտություններ։

Խորհրդ․ կարգերի հաստատումից (1920) հետո կազմակերպվել են Հայաստանի և Այսրկովկասի երկրբ. ծառայություններ։ Հովհաննես Կարապետյանի ղեկավարությամբ 1923-24-ին վերաբացվել են Ալավերդու և Կապանի հանքավայրերը, սկսվել են երկրաբանաորոնող. ու հետախուզ. աշխատանքները։ 1927-30-ին ԽՍՀՄ ԳԱ արշավախմբի (ղեկ.՝ ակադ. Ֆ. Լևինսոն-Լեսինգ) Արագածում և Սևանա լճի ավազանում կատարած համալիր (երկրբ., ապարագիտական, ջրաերկրբ., հողագիտական) հետազոտություններն ունեցել են կարևոր գիտական և կիրառ. նշանակություն։ Ակադ. Ա. Զավարիցկին ուսումնասիրել է հանրապետության տարածքին բնորոշ նորագույն հրաբխականության լավաները և տուֆերը (իգնիմբրիտներ), պարզաբանել դրանց ձևավորման առանձնահատկություններն ու առաջացման մեխանիզմները։ Ավելի քան 20 տարվա քարտեզագր. աշխատանքների արդյունքում ակադ. Կ. Պաֆենհոլցը կազմել է Հայաստանի և հարակից տարածքների երկրբ. քարտեզը (1945), որը հիմք է ծառայել հետագա մեծածավալ երկրաբանաորոնող. և հետախուզ. աշխատանքների համար։

1927-35-ին Տիգրան Ջրբաշյանի և Պետրոս Ղամբարյանի տարածաշրջ. հետազոտություններով հայտնաբերվել են պեմզաների, տուֆերի, օբսիդիանի, պեռլիտի, դիատոմիտների, կոնգլոմերատների հանքավայրեր։

Հանրապետությունում ստեղծվել են նաև երկրբ. հաստատություններ՝ ԵՊՀ երկրաբանաաշխարհագր. ֆակ-ը (1934), Երկրբ. վարչությունը (1935), Երկրբ. գիտությունների ինստ-ը (1935) և դրան կից Երկրբ. թանգարանը (1937), որոնք որոշիչ դեր են ունեցել կադրերի պատրաստման, գիտական և արտադրական աշխատանքների կազմակերպման ու ծավալման գործում։

Հայրեն․ մեծ պատերազմի (1941-45) ավարտից հետո սկսվել է երկրբ. ծառայության զարգացման նոր փուլ։ Հիմնադրվել են ԵՊԻ (այժմ՝ ԵՊՃՀ) լ-մետալուրգ. ֆակ-ը (1949), Գունավոր մետալուրգիայի վարչությունը (1957), Լեռնամետալուրգ. ԳՀԻ-ն (1963), Արտադրական երկրաբանահետախուզ. տրեստը (1965) և այլն։ Դրանց շնորհիվ հիմնականում տեղական մասնագետների ուժերով ստացվել են կարևոր արդյունքներ հիմնարար ու կիրառ. գիտությունների տարբեր բնագավառներում, հայտնաբերվել, հետախուզվել և շահագործվել են մի շարք մետաղ․ ու ոչ մետաղ․ օգտակար հանածոների հանքավայրեր։ Հրատարակվել է «Հայկական ՍՍՀ երկրաբանությունը» (ռուս․, 1962- 1974, հ. 1-10) աշխատությունը։

Կենսաշերտագրություն և չորրորդական երկրաբանություն

Կենսաշերտագր. հետազոտությունների արդյունքների հիման վրա կազմվել են տարածաշրջանի տարբեր մասշտաբների երկրբ. քարտեզներ, ինչպես նաև պարզաբանվել տեկտոնիկայի, մագմայականության, մետաղագոյացման կարևոր հարցեր։ Բրածո կենդանիների և բուս․ մնացորդների հետազոտությունների շնորհիվ մշակվել են տարածքի ֆաներոզոյի առաջացումների շերտագր. ստորաբաժանման սխեմաներ։ Կատարվել է դևոնի, պերմի, տրիասի նստվածքների հարկային և զոնալ մասնատումը, հայտնաբերվել են երկրբ. ընդմիջումներ պալեոզոյի հիմն․ շերտագր. ստորաբաժանումների միջև (Ռ. Առաքելյան, Մ. Աբրահամյան, Ա. Գրիգորյան)։ Մշակվել են յուրայի և կավճի նստվածքների հարկային և զոնալ ստորաբաժանման սխեմաները՝ ըստ միջազգային անվանակարգի (Ա. Ասլանյան, Վ. Եղոյան, Ա. Աթաբեկյան, Վ. Հակոբյան, Ն. Ազարյան և ուրիշներ), պալեոգենի զոնալ ստորաբաժանման բացառիկ մանրամասն ու ամբողջ․ սխեման, որի կտրվածքները Միջերկրածովային գոտու սահմաններում ունեն շերտատիպային նշանակություն (Ա. Գաբրիելյան, Հ. Սարգսյան, Ա. Վեհունի, Ս. Գրիգորյան, Հ. Պտուղյան և ուրիշներ)։

Մշակվել է պլիոցեն-չորրորդական դարաշրջանների գոյացումների ժամանակաշերտագր. սխեման, հիմնավորվել է դրանց սահմանը, ստորաբաժանվել են Սևանա լճի հոլոցենի նստվածքները, պարզաբանվել է լճի ու նրա ավազանի լանդշաֆտների առաջացման ու զարգացման պատմությունը (Լ. Վարդանյանը, Կ. Պաֆենհոլց, Ն. Դումիտրաշկո, Ե. Միլանովսկի, Ա. Ասլանյան, Ս. Բալյան, Լ. Ավագյան, Յու. Սայադյան և ուրիշներ)։