Այս էջը հաստատված է

պաշարների տեղաբաշխման ու օգտագործման առանձնահատկությունները, բնակչության տեղաբաշխման շարժը՝ ըստ շրջանների ու բարձրադիր գոտիների, ներհանրապետական միգրացիոն տեղաշարժերը, փորձ է արվել ստեղծելու հանրապետության բնակչության ընդհանուր աշխարհագր. բնութագիրը։ Սկզբնավորվել է նաև քաղաքների և քաղաքային ագլոմերացիաների աշխարհագր. հետազոտությունը, կատարվել է քաղաքային բնակավայրերի համակողմանի պատմաաշխարհագր. վերլուծություն, բացահայտվել են քաղաքների տեղաբաշխման առանձին օրինաչափություններ՝ կապված ռելիեֆի պայմանների ու տարածքի ուղղաձիգ գոտիականության հետ, մշակվել են քաղաքների գործառնական դասակարգման նոր սխեմաներ (Գ. Ավագյան, Խ. Ավետիսյան, Հ. Գրգեարյան, Ս. Դուլյան, Թ. Հակոբյան, Լ. Վալեսյան)։ Ուսումանասիրվել են Երևան քաղաքի և նրա ագլոմերացիայի զարգացման ժողովրդագր., բնական ու սոցիալ-տնտեսական գործոնները, աճի, կառավարման ու պլանային կարգավորման հիմնախնդիրները, Մեծ Երևանի քաղաքաշին. մոդելի մշակման հարցերը (Ռ. Հովեսյան, Մ. Քեշիշյան, Մ. Մանասյան)։

Հատուկ հետազոտություններ են կատարվել հասարակական վերարտադրության կատեգորիաների համակարգում բնական պայմանների ու պաշարների տեղի բացահայտման, աշխարհագր. միջավայրի տարբեր տարրերի՝ հանածո հումքի, ջրային ու ջրաէներգետիկ., կլիմ., հողաբուս․ պաշարների գնահատման, բնական միջավայրի պահպանման, ռացիոնալ օգտագործման ու վերականգնման հարցերի վերաբերյալ։ Առավել խոր ու բազմակողմանիորեն հետազոտվել են հանրապետության բնական շինանյութերի տարածման ու ռացիոնալ օգտագործման աշխարհագր. հարցերը։ Մշակվել են տարածքի գնահատումների և դրանց չափանիշների համակարգեր, որոնք դրվել են տարածքի տարբեր շրջանացումների հիմքում՝ հաշվի առնելով մակերևույթի հատկանիշներն ու գնահատման սուբյեկտները (Ն. Բարսեղյան, Մ. Մելքումյան, Ս. Մուսայելյան, Լ. Վալեսյան)։

ՀԽՍՀ ԳԱ Երկրբ. ինստ-ի աշխարհագր. բաժնում արվել են հանրապետության ռեկրեացիոն պաշարների ուսումնասիրության և համալիր գնահատման աշխատանքներ։ Ժողտնտեսության ճյուղերի աշխարհագրության բնագավառում կատարված հետազոտությունների արդյունքներն ամփոփվել են հայրենագիտական բնույթի ընդհանուր տնտեսաաշխարհագր. մենագրություններում, ինչպես նաև առանձին ճյուղերի նվիրված աշխատություններում։ Ուսումնասիրվել են հանք․ արդ-յան, հանք․ ջրերի արդյունաբերական օգտագործման, էլեկտրաէներգիայի, պղնձի, շինանյութերի, արդ-յան և այլ ճյուղերի տնտեսաաշխարհագր. հիմնախնդիրները։ Արդյունաբերական ճյուղի (բնական շինանյութերի) հետազոտական համար առաջին անգամ կիրառվել են մաթեմատիկական մոդելավորման և էներգաարտադրական ցիկլերի մեթոդները՝ գրաֆների և քարտեզագր. մեթոդների զուգորդությամբ (Ա. Ավագյան, Է. Բաբայան, Ա. Զաքարյան, Մ. Թորոսյան, Ս. Մելքումյան, Մ. Մկրտչյան, Կ. Վանունց և ուրիշներ)։

Հրատարակվել են գյուղատնտեսության ճյուղի և ոչխարաբուծության ենթաճյուղի վերաբերյալ մենագրություններ (Գ. Ավագյան, Կ. Պոսոշնիկովա, Ա. Օհանյան)։ 1960-ական թթ-ից մեծացել է հետաքրքրությունն արտադրության տարածքային կազմակերպման, արտադրող. ուժերի տարած․ համակարգերի ձևավորման շարժընթացների նկատմամբ։ Առաջարկվել ու հիմնավորվել է թեզ, ըստ որի՝ ՀԽՍՀ սահմաններում 1960-ական թթ-ի կեսերից ձևավորվել է մեկ միասնական տարածքային-արտադրող. համալիր (ՏԱՀ)։ Հետազոտվել են ՏԱՀ-ի տեղը աշխատանքի միութ. բաժանման համակարգում, նրա ձևավորման գործոններն ու նախադրյալները, կառուցվածքային (ճյուղային ու տարած.) առանձնահատկությունները, կատարելագործման ուղիները (Լ. Վալեսյան)։

Սոցիալ-տնտ. աշխարհագր. բնույթի այլ աշխատանքներից կարևոր են նաև բնակավայրերի ու վարչական շրջանների տեխնիկատնտեսական ցուցանիշների հաշվառումն ու համակարգումը, որն իրականացվել է ՀԽՍՀ ԳԱ Երկրբ. ինստ-ի աշխարհագր. բաժնում, տնտեսական որոշ հիմնախնդիրների լուծման տնտեսաաշխարհագր. հիմնավորումները՝ բուհ․ ամբիոններում։

Ընդարձակվել են ուսումնասիրվող տարածաշրջանների սահմանները, աճել է հետաքրքրությունը մասնավորապես արտասահմ. երկրների տնտեսական և սոցիալ. աշխարհագրության տարբեր հարցերի նկատմամբ։ Մենագրություններ են հրատարակվել Մերձավոր Արևելքի նավթարդ-յանը, մերձդանուբյան սոց. երկրների ջրաէներգապաշարների և ջրաէներգետիկայի աշխարհագրության վերաբերյալ, ուսումնասիրվել են Եգիպտոսի Արաբական Հանրապետության բնակչության և Թուրքիայի բնական պաշարների աշխարհագր. հիմնախնդիրները։

Զգալիորեն զարգացել են սոցիալ-տնտ. աշխարհագրությանը հարակից բնագավառները։ Առավել նշանակալի են սոցիալ-տնտեսական պատմաաշխարհագր. հետազոտությունները, որոնք վերաբերում են Հայաստանին ու սահմանակից երկրներին, աշխարհագրության և նրա առանձին հիմախնդիրների պատմությանը (Թ. Հակոբյան, Կ. Պետրոսյան, Է. Մակվեցյան, Ժ. Գանին)։ Նշանակալի երևույթ էր «Հայաստանի և հարակից շրջանների տեղանուններ» բազմահատոր հանրագիտական բառարանի ստեղծումը (Թ. Հակոբյան, Ս. Մելիք-Բախշյան, Հ. Բարսեղյան)։

Կատարվել են տարբեր աշխարհամասերի, երկրների և ժողովուրդների, ինչպես նաև ընդհանուր աշխարհագրության հարցերի վերաբերյալ մի շարք ուշագրավ ուսումնասիրություններ, հրատարակվել են բառարաններ և այլ տեղեկատուներ (Կ. Ավետիսյան, Հ. Գրգեարյան և ուրիշներ), ԽՍՀՄ հանրապետությունների և տարբեր երկրների բնությունը, բնակչությունն ու տնտեսությունը բնութագրող մատենաշար և մենագրություններ (Գ. Ավագյան, Ս. Դուլյան, Թ. Հակոբյան, Լ. Վալեսյան), դպրոց․ ու բուհ․ դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ։