և ՀՀ վարչատարածքային միավորներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
Բ հատորը (պատասխանատու խմբ.՝ Բ. Հարությունյան) նվիրված է հայոց պատմությանը, հայ մշակույթին և Սփյուռքին։
«Հայաստանի ազգային ատլասի» քարտեզները (1։300000, 1։750000,1։1000000 և 1։1500000 մասշտաբի) ուղեկցվում են գիտական նկարագրություններով, բացատրական տեքստերով, տիեզերքից լուսանկարած պատկերներով, գծապատկերներով ու լուսանկարներով։
Հիմնադրվել է 1935-ին Երևանում։ 1947-95-ին գործել է ՀՀ ԳԱԱ նախագահությանն առընթեր (1995-ից՝ ինքնակառավարվող)։ Միավորում է աշխարհագրության, բնապահպանության ու բնօգտագործման և հարակից բնագավառների մասնագետների, գիտության, կրթության, մշակույթի ու այլ ոլորտների գործիչների և կազմակերպությունների։ Ունի մարզային ու քաղաքային բաժանմունքներ, մոտ 300 իսկական, 14 կոլեկտիվ անդամներ (1999)։ Բարձրագույն մարմինը համագումարն է, որը հրավիրվում է 5 տարին մեկ։ Պատվավոր անդամներ են եղել Ա. Իսահակյանը, Դ. Դեմիրճյանը, Հ. Իսակովը, Ս. Խանզադյանը, Ա. Գաբրիելյանը, Վ. Համբարձումյանը և ուրիշներ։ Ընկերությանը կից գործում են ֆիզիկական, տնտեսական աշխարհագրության ու այլ բաժանմունքներ, հանձնաժողովներ (ֆենոլոգ․ և այլն), քարանձավագիտական կենտրոն, աշխարհագր. գրադարան։ Հրատարակում է մենագրություններ [(Հ. Ստեփանյան, «Հայ քարտեզագրական հրատարակությունները 260 տարում», 1955), գիտական ժող-ներ («Հայկական ՍՍՀ հանգստի ռեսուրսները», 1977, «Աշխարհագրություն», 1978, «Հայրենագիտական հարցեր», 1984, և այլն), «Անդրկովկասի բնօգտագործման էկոլոգիական և բժշկաաշխարհագրական պրոբլեմները» (հայերեն և ռուսերեն, 1990)], գիտաժողովների նյութեր, աշխարհագր. ատլասներ («Հայկական ՍՍՀ ատլաս», հայերեն և ռուսերեն, 1961), ուսումնական քարտեզներ, կազմակերպում է գիտաժողովներ, դասախոսություններ։
Ընկերության նախագահներ են եղել Ա. Եղիազարյանը, Բ. Մարտիրոսյանը, Ա. Թախտաջյանը, Ա. Պաֆենհոլցը, Ս. Մկրտչյանը, Ա. Բաղդասարյանը, Լ. Վալեսյանը։ 2009-ից նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն Արամայիս Ավագյանն է։
Հայաստանի տարածքում դեռևս նախաուրարտ. դարաշրջանում զարգացած են եղել հողագործությունը և անասնապահությունը, այդ մասին կան պեղածո վկայություններ։ Ըստ ժամանակակից գիտության տվյալների՝ Հայաստանը եղել է որոշ մշակաբույսերի (հացահատիկ, խաղող, ծիրան) աճեցման աշխարհի առաջին կենտրոններից։ Իսկ բնական գիտությունների սաղմերն ի հայտ են եկել Ուրարտուի գոյության դարաշրջանում (մ. թ. ա. IX-VI դդ.)։
Մ. թ. IV դ-ում հայկական կենսբ. մտքի վրա զգալի ազդեցություն է ունեցել մի շարք նշանավոր գիտնականների գործունեությունը հելլենիստ. մշակույթի հզոր կենտրոնում՝ Կեսարիայում։ Բարսեղ Կեսարացու «Վեցօրէից ճառք»-ը, Նեմեսիոս Եմեսացու «Յաղագս բնութեան մարդոյ» և Գրիգոր Նյուսացու «Տեսութիւն ի մարդոյն կազմութիւն» աշխատանքները, որոնք որոշակի տեղեկություններ են պարունակում մարդու, կենդ․ և բուս․ աշխարհների վերաբերյալ, հայերեն են թարգմանվել V-VIII դդ-ում։ Հայկական մատենագրության մեջ պահպանվել են նաև հայ հեղինակների գործեր անատոմիայի, ֆիզիոլոգիայի, սաղմնաբանության, բուսաբանության, բժշկագիտության և կենսբ. այլ գիտությունների վերաբերյալ։ Դրանցից շատերն Արիստոտելի, Պլատոնի և այլոց աշխատանքների մեկնություններ են, որոշ աշխատանքներ՝ ուրույն գործեր։
V դ-ում Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց» (հրտ.՝ 1762) աշխատության մեջ գիտականորեն տարբերակում է կենդանի և անկենդան մարմինները, գիտակից և ոչ գիտակից էակներին, անդրադառնում նաև մարդու և կենդանիների բնազդներին, ժառանգականությանը։
Այդ ժամանակների հեղինակների աշխատություններում կենսբ. հարցերը վերլուծվել են տարերային մատերիալիզմի դիրքերից, ներկայացվել պատմ. Հայաստանի կենդ․ և բուս․ կենսաձևերի պատկերը, դրանց ձևաբան., ֆիզիոլոգ․ և սաղմնաբան. հատկանիշները։ Հայ պատմիչներից Ագաթանգեղոսը հիշատակել է բույսերի 67 տեսակ և կարգաբան. սկզբունքով խմբավորել դրանք, իսկ Ղազար Պարպեցին բավական մանրամասնորեն նկարագրել է Արարատյան դաշտի կենդ․ և բուս․ աշխարհները։ Մովսես Խորենացին տեղեկություններ է հաղորդում ոչ միայն Արարատյան դաշտի, այլև պատմ. Հայաստանի այլ շրջանների կաթնասուն կենդանիների մասին։
V-VI դդ-ում Դավիթ Անհաղթն իր «Սահմանք իմաստասիրութեան» աշխատության մեջ արծարծել է բնապատմության, կենսաբանության, բժշկագիտության հարցեր։ Նրա բնափիլ. երկերում մարդու՝ իբրև «ուղիղ քայլող» էակի բնորոշումը միանգամայն մոտ է հոլանդացի մարդաբան Է. Դյուբուայի (XIX դ-ի վերջ) սահմանմանը (Homo sapiens erectus)։ VII դ-ում Անանիա Շիրակացին շարունակել է անտիկ և հայ կենսբ. մտքի լավագույն ավանդույթները։ Նրա աշխատություններում տեղեկություններ կան Հայաստանի բուս. և