կենդ․ աշխարհների բնական հարստությունների վերաբերյալ։
Կյանքի և մահվան դիալեկտիկ․ սկզբունքը Շիրակացին արտահայտել է հետևյալ կերպ՝ «Կյանքը մահվան սկիզբն է, իսկ մահը՝ կյանքի»։
Արաբ․ տիրապետության շրջանում հայկական կենսբ. միտքն անկում է ապրել։ X-XI դդ-ում Գրիգոր Մագիստրոսը որոշ կենսբ. հարցեր վերլուծել է Թեոֆրաստի և Արիստոտելի ոգով։ Անիի բարձրագույն դպրոցի հիմնադիր Հովհաննես Սարկավագը (1045-1129) Ռոջեր Բեկոնից ավելի քան մեկուկես դար առաջ ընդգծել է փորձի՝ որպես բնությունը ճանաչելու հիմնական միջոցի նշանակությունը։
XI դ-ի վերջից բնագիտությունը նոր վերելք է ապրել Կիլիկյան Հայաստանում, առավել բարձր զարգացման են հասել անատոմիան ու ֆիզիոլոգիան։ Մխիթար Հերացու, Գրիգորիսի, Աբու Սաիդի, Իշոխի երկերում ներքին օրգանների կառուցվածքի մանրամասն նկարագրությունների կողքին փորձեր են արվում ֆունկցիոնալ կապ տեսնելու գլխուղեղի և ծայրամասային նյարդ․ համակարգի միջև։ Միջնադարյան մի շարք ձեռագրերում արծարծվել են նաև գյուղատնտեսության վերաբերյալ հարցեր։
XII դ-ում Մխիթար Հերացին լավ ծանոթ է եղել բուս․ և կենդ․ աշխարհներին, հատկապես այն տեսակներին, որոնք օգտագործվել են բժշկ. նպատակներով և որպես սնունդ։ Կարծիք կա, որ Մխիթար Հերացին է թարգմանել «Գիրք վաստակոց» գյուղատնտեսական հանրագիտարանը, որտեղ, ի թիվս այլ առարկաների, ուսումնասիրվել են նաև բնական գիտություններ։ Այդ շրջանում կենսաբանությանն առնչվող հարցեր շոշափվել են Հովհաննես Երզնկացու (1230-1293), Հովհան Որոտնեցու (1315-1386) և Գրիգոր Տաթևացու (1346-1409) աշխատություններում։ «Գիրք հարցմանց»-ում Գրիգոր Տաթևացին տեղեկություններ է տվել բուսաբանության, կենդանաբանության և կենսբ. այլ գիտությունների վերաբերյալ, բույսերը խմբավորել է ըստ պտուղների օգտակարության, թռչունները՝ ըստ թևերի, ձկները՝ ըստ թեփուկների և «թևերի» կառուցվածքի։
Միջնադարյան հայկական կենսբ. մտքի վերջին ականավոր ներկայացուցիչը՝ Ամիրդովլաթ Ամասիացին, մի շարք աշխատություններում տեղեկություններ է տալիս անատոմիայի, ֆիզիոլոգիայի, սաղմնաբանության վերաբերյալ, հիշատակում է դեղագործության մեջ կիրառվող մոտ 1000 բույս, կենդանի և հանքատեսակ։ Լինելով գիտակ դեղագործ՝ նա մանրամասն նկարագրել է դեղաբույսերը, նրանց տարածման շրջանները, բույսերի օրգանների ձևաբանությունը։ Բուսաբուծության ոլորտում Ամիրդովլաթ Ամասիացու ավանդույթները շարունակել են Սեբաստիայի դպրոցի նշանավոր ներկայացուցիչներ Բունիաթ և Ասար Սեբաստացիները (XVI-XVII դդ.)։
XVII դ-ի վերջին և XVIII դ-ի 1-ին կեսին Կոստանդնուպոլսում ապրել և գործել է հայ առաջին կենդանաբան Աբրահամ Պոլսեցին։ Նա իր՝ հիմնականում բանաքաղված աշխատությունը գրել է ժամանակի եվրոպ. գիտության մակարդակով, որտեղ շարադրել է նաև իր սեփական դիտարկումները։ Հետագայում հայ կենսբ. միտքը զարգացել է եվրոպ. գիտության ազդեցությամբ։ Հայաստանում և գաղթավայրերում ստեղծվել են բնագիտական աշխատություններ, որոնք պարունակում են բուսաբանության ու կենդանաբանության բաժիններ, ինչպես նաև զուտ կենսբ. նյութեր և ընդարձակ ձեռնարկներ հայկական դպրոցների համար։ Բուսաբ. և կենդբ. բնույթի տեղեկություններ կան Մատթեոս և Ղուկաս Վանանդեցիների «Դուռն իմաստութեան» (1699), Ստեփանոս վրդ. Աբգարյան Անկյուրացու «Գիրք, որ կոչի սկզբունք բնական գիտութեանց» (1796), Հակոբ վրդ. Ստեփանյանի «Տեսաբան աշխարհի բովանդակիչ բնական եւ բարոյական գիտութեանց» (1870) գրքերում։ Ս. Շեհրիմանյանը Հայաստանի դեղաբույսերը մանրակրկիտ ներկայացրել է ստվարածավալ «Տնկաբանութիւն կամ փղորայ Հայաստանի» (1818) աշխատության մեջ, որտեղ կիրառել է բույսերի դասակարգումը՝ ըստ Կ. Լիննեյի։
Ուշագրավ է Սամվել վրդ. Սամսարյան Կոստանդնուպոլսեցու «Բնական պատմութիւն. կարգ թռչնոց» (1815) գրքույկը, որն արժեքավոր նյութեր է պարունակում հատկապես գիշատիչ թռչունների մասին։
Սկսած XIX դ-ից՝ հայ գիտնականների աշխարհայացքները ձևավորվել են եվրոպ. և ռուս․ տարբեր կենսբ. դպրոցների ազդեցությամբ։
XIX դ-ի կեսերից կենսբ. աշխատանքներով հանդես են եկել Ե. Սիրունյանը, Ս. Երեմյանը, Գ. Կոստանդյանը, Ն. Տաղավարյանը, Մ. Մալաքյանը, Ս. Պալասանյանը, Ե. Պալյանը, Ս. Բալաղյանը և ուրիշներ։ Հայ գիտնականների համար եվրոպ. և ռուս առաջադեմ գիտության հետ հաղորդակցվելու մեծ հնարավորություններ ստեղծվել են Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո։ XIX դ-ում կենսաբանության նվաճումները լուսաբանվել են հայ մամուլի («Բազմավեպ», «Հյուսիսափայլ», «Մշակ», «Մեղու Հայաստանի», «Բյուրակն», «Բյուզանդիոն», «Գիտական շարժում» և այլն) էջերում։
Իր գրվածքներում բազմիցս կենսբ. հարցեր է շոշափել Մ. Նալբանդյանը։ Դարվինիզմի վերաբերյալ հոդվածներով հանդես են եկել հայ մշակույթի գործիչներից Րաֆֆին և Լեոն։ Ղևոնդ Ալիշանը կազմել է «Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն» (1895) գիրքը, որտեղ նկարագրել է ավելի քան 3400 բույս ու ծաղկատեսակ։
XIX դ-ի վերջին և XX դ-ի սկզբին Ռուսաստանում և Եվրոպայում արդեն աշխատել են մի շարք հայ կենսաբաններ՝ կենսաքիմիկոս Հակոբ Հովհաննիսյանը, ֆիզիոլոգ Տիգրան Մուշեղյանը, ագրոքիմիկոս և մանրէաբան Պապա Քալանթարյանը, բուսաբան Հովակիմ Բեդելյանը, բուսաբույծ Միքայել Թումանյանը, կենդանաբան Ավետիք Տեր-Պողոսյանը. Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո նրանք հիմնադրել են ժամանակակից հայկական կենսբ. դպրոցը։