Այս էջը հաստատված է

Հայրենական մեծ պատերազմի (1941-45) տարիներին հանրապետությունում զգալիորեն նպաստել է Ս. Չայլախյանի գործունեությունը։ Հետազոտություններ են կատարվել ԵՊՀ-ում, Գյուղատնտեսական, Բուսաբանության, հետագայում նաև Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության, Երկրագործության ԳՀԻ-ներում։ Առաջին խոշոր տես. աշխատությունը նվիրված է միամյա բույսերի ծերացման ֆիզիոլոգ․ բնույթի պարզաբանմանը։ Նոր պատկերացումների հետագա զարգացման հիման վրա Վ. Ղազարյանը մշակել է բարձրակարգ բույսերի ծերացման ընդհանուր տեսություն, բացահայտել, որ ծառերից դեպի խոտերը էվոլյուցիան ընթացել է արմատատերևային տարածության կրճատման և կենսընթացների ակտիվացման ուղղությամբ։

Էկոֆիզիոլոգիական բնույթի աշխատություններում պարզաբանվել են հանրապետության տարբեր անտառաբուսական շրջաններում վայրի պտղատու, ինչպես նաև ինտրոդուկցված ծառատեսակների կենսընթացների ակտիվությունը և հարմարվողականությունը (Վ. Ղազարյան)։ Բուսաբանության ինստ-ում մշակվել են «Հայաստանի անտառապատման և կանաչապատման գիտական հիմունքները» (1974)։

Ուշագրավ հետազոտություններ են ծավալվել նաև երկրաբուսաբանության և էկոլոգիայի ոլորտներում։ Հ. Մաղաքյանը, Շ. Աղաբաբյանը, Ե. Ղազարյանն ուսումնասիրել են հանրապետության գլխավոր մարգագետնաարոտավայրային զանգվածների բուսականությունը, Գ. Յարոշենկոն, Լ. Մախատաձեն՝ հաճարենու և կաղնու անտառները, Ա. Թախտաջյանը՝ չորասեր բուսականությունը և բուսականության հիմն․ տիպերը, Ա. Բարսեղյանը՝ ջրաճահճային, Ա. Ֆեոդորովը, Ս. Նարինյանը, Վ. Ոսկանյանը, Ս. Բալոյանը, Ա. Զիրոյանը՝ ալպիական, Գ. Ֆայվուշը՝ տափաստանային բուսականությունը։ Կազմվել են Հայաստանի բուս․ ծածկոցի, կերային հանդակների և անտառային բուսականության քարտեզները։ Վերջին տարիներին կարևոր աշխատանքներ են կատարվում հազվագյուտ բուս․ համակեցությունների ուսումնասիրության, ինչպես նաև էկոհամակարգերի վրա կլիմայի գլոբալ փոփոխության ներգործման ու ինվազիվ բույսերի տեսակների տարածման ուղղությամբ (Գ. Ֆայվուշ)։

Հայաստանը հարուստ է նաև երկրբ. տարբեր դարաշրջանների բուսատեսակներով, որոնք ներկայացված են բույսերի տարբեր օրգանների դրոշմներով, մնացորդներով կամ քարացուկներով։ Դրանց ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս վերականգնելու ՀՀ տարածքի հնագույն ֆլորայի պատկերը։

Հնէաբուսաբանության բնագավառում առաջին աշխատանքները կատարել են Ի. Պալիբինը, Ա. Կրիշտոֆովիչը, Ա. Թախտաջյանը, հետագայում՝ Մ. Հարությունյանը, Ն. Գոխթունին, Լ. Մանուկյանը, Ի. Գաբրիելյանը։ Հայտնաբերվել են 350-ից ավելի բրածո բուսատեսակներ, նկարագրված են գիտության համար նոր՝ մոտ 30 բրածո տեսակներ։

Անտառագիտության բնագավառի աշխատանքների նպատակը եղել է հիմնականում հանրապետության անտառային զանգվածների ընդլայնումը։ 1929-ին Վանաձորում հիմնադրվել է Անտառփորձակայան, որտեղ առաջին աշխատանքները նվիրվել են հանրապետության անտառների տիպաբանությանը և հատումներից հետո դրանց վերականգնմանը, կենսբ. և անտառտնտեսական բնութագրմանը։

Հետագայում անտառագիտության նոր կենտրոն է ստեղծվել Բուսաբանության ինստ-ում, որի առաջնահերթ խնդիրը Սևանա լճի ջրերից ազատված տարածքի անտառապատումն է և համապատասխան տեսակաշարի ու ագրոտեխնիկայի մշակումը։ Այդ բաժնի (Պ. Խուրշուդյան և ուրիշներ) երաշխավորությամբ Սևանի ավագանում ստեղծվել են մոտ 7000 հա սոճու տնկարկներ։

Բուս․ պաշարներից առաջինը հետազոտվել են Հայաստանի տարածքի դեղաբույսերը։ Հետագայում Ա. Խրիմլյանն ավելի մանրամասն ուսումնասիրել է առանձին արժեքավոր բուսատեսակներ, օր.՝ եթերայուղատու բույսերը, Զ. Աստվածատրյանը՝ տրագականտային գազերը, Ա. Սեպետճյանը՝ սննդ. բույսերը, Ս. Զոլոտնիցկայան՝ դեղաբույսերը։

Բուսաբ. գիտության կիրառ. խնդիրներից է օգտակար բույսերի ինտրոդուկցիան։ Հանրապետության հողժողկոմը դեռևս 1927-ին Հրազդան գետի ափին հիմնադրել էր առաջին բուսաբ. այգին, 1935-ին մշակվել է նոր այգի՝ ավելի քան 100 հա տարածքում, որը բույսերի ինտրոդուկցիայի հանրապետության առաջին գիտական կենտրոնն է։ Այնուհետև կազմակերպվել են բուսաբ. այգու՝ Վանաձորի (1936) և Սևանի (1944) բաժանմունքները։ Գ. Յարոշենկոն, Հ. Մկրտչյանը, Տ. Չուբարյանը, Լ. Մախատաձեն, Ա. Գրիգորյանը, Ժ. Վարդանյանը, Զ. Աստվածատրյանը և ուրիշներ այգում ու նրա մասնաճյուղերում ստեղծել են տարբեր աշխարհագր. ծագման և տարբեր կարգաբան․ ու կենսաձևերի պատկանող ինտրոդուկցված բույսերի հարուստ հավաքածուներ՝ շուրջ 5000 անուն, այդ թվում՝ ծառերի ու թփերի ավելի քան 1600 տեսակ և սորտ, խոտաբույսերի 1240 տեսակ, այլատեսակ ու պարտիզային ձևեր։ Հրատարակվել է Ժ. Վարդանյանի «Հայաստանի ծառերն ու թփերը բնության մեջ և մշակության պայմաններում» (2003) մենագրությունը։

Ժիրայր Վարդանյան