են բազմաթիվ վտանգված տեսակներ, որոնցից 139-ն ընդգրկվել են «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում» (2010)։
ՀԳԻ-ում զբաղվել են լվիճների կենսաբանության հարցերով։ Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկ. մակաբուծաբանության ինստ-ում պարզաբանվել են մալարիային և ոչ մալարիային մոծակների տեսակային կազմերը, նրանց տարածվածությունն ու կենսաբանությունը։
Հակաժանտախտային կայանում (այժմ՝ ՀՀ ԱՆ հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն) աշխատանքներ են կատարվել լվերի տեսակային կազմի և նրանց կենսաբանության վերաբերյալ։
Ողնաշարավորների ֆաունան ուսումնասիրել են Կենդանաբանության, Բույսերի պաշտպանության ինստ-ներում, Հակաժանտախտային կայանում, ԵՊՀ և Մանկավարժ. ինստ-ի կենդանաբանության ամբիոններում, Սևանի ջրակենսբ. կայանում և Երևանի կենդբ. այգում։ Ֆաունայի հետազոտությունների հիման վրա պարզաբանվել է (Ս. Դալ, Տ. Սոսնին, Ա. Լյայստեր, Ս. Չեռնով, Ա. Գումիլևսկի, Մ. Դադիկյան, Մ. Արամյան, Ն. Մարգարյան, Բ. Մարտիրոսյան, Ս. Պապանյան, U. Աղասյան, Է. Յավրույան, Բ. Գաբրիելյան, Ս. Պիպոյան) ողնաշարավոր կենդանիների տեսակային կազմը, որը ներկայումս ընդգրկում է 535 տեսակ, այդ թվում՝ կաթնասուններ՝ 83, թռչուններ՝ 353, սողուններ՝ 53, երկկենցաղներ՝ 7, ձկներ՝ 39։
ԿԻ-ում բազմակողմանիորեն ուսումնասիրվել են ինչպես վնասակար, այնպես էլ որսարդյունագործ. և այլ կենդանիների՝ պահպանման ենթակա տեսակների էկոլոգ. առանձնահատկություններն ու քանակության շարժը։ Առաջին անգամ Ի. Դարևսկին բացահայտել և Ֆ. Դանիելյանի հետ ուսումնասիրել է ժայռային մողեսի կուսածնության երևույթը։ Սկյուռանմանների, սմբակավորների և կզաքիսների վազքի ու ցատկի կենսամեխանիկայի ուսումնասիրությամբ բացահայտվել են ֆիլոգենետիկ մեծ նշանակություն ունեցող մորֆոֆունկցիոնալ մի շարք օրինաչափություններ և դրանց պատճառները (Պ. Ղամբարյան)։ Կ. Այրումյանն ուսումնասիրել է դաշտամկների ներպոպուլացիոն մեխանիզմների կարգավորման հարցերը։ Ա. Անտոնյանն աշխատանքներ է կատարել հանրապետությունում անհետացման վտանգի տակ հայտնված վայրի ոչխարի (մուֆլոն) և բեզոարյան այծի պահպանության ուղղությամբ։
Ա. Աղասյանը, Ն. Մարգարյանը, Կ. Աղաբաբյանը, Մ. Ղասաբյանը, Է. Յավրույանը, Ֆ. Դանիելյանը կատարել են հանրապետության կենդ․ աշխարհի՝ կաթնասունների, սողունների, երկկենցաղների և ձկների պոպուլացիոն, տեսակային ու լանդշաֆտային բազմազանության գնահատման աշխատանքներ՝ ֆաունայի եզակի և տիպիկ բնական համալիրներն ու օբյեկտները, դրանց գենոֆոնդը պահպանելու նպատակով։ Հրատարակվել է «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրքը» (2010), որը ներառում է ողնաշարավոր կենդանիների 156 վտանգված տեսակներ. յուրաքանչյուրի համար պատրաստվել են բնութագր. ամփոփագրեր, տարածման քարտեզներ, գնահատվել է կարգավիճակը՝ ըստ Բնության պահպանության միջազգային միության չափորոշիչների, տրվել են պահպանությանն ուղղված առաջարկներ։
Վերլուծվել են հանրապետության Բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) վիճակը, սահմանները, ֆաունայի տեսակային կազմը, հազվագյուտ և անհետացող տեսակների թվաքանակը, դրանց կենսաէկոլոգ. առանձնահատկությունները, պահպանության վիճակը, ընդգրկման աստիճանը ԲՀՊՏ-ներում։ Առաջարկություններ են արվել վերանայելու գոյություն ունեցող ԲՀՊՏ-ների սահմանները և ստեղծելու նորերը։
Պարզաբանվել են որոշ կարգաբան․ խմբերի ձևավորման առանձնահատկությունները, ֆիլոգենետիկ կապերը, էվոլյուցիոն և կարգաբան․ մի շարք վիճելի հարցեր։
Ողնաշարավոր կենդանիների ֆաունայի պատմության (պալեոլիթից մինչև միջին դարեր) ուսումնասիրությամբ զբաղվել է Ս. Մեժլումյանը։ Աշխատանքները շարունակել է Ն. Մանասերյանը. ամփոփել է հոլոցենում Հայաստանի կաթնասունների ֆաունայի վերաբերյալ բազմամյա ուսումնասիրությունների արդյունքները և ի մի բերել հետազոտվող տարածքի անտիկ ու միջնադարյան ավելի քան 80 հնագիտական հուշարձանների պեղումներից հայտնաբերված բազմաքանակ (շուրջ 24 հազար) ոսկրային մնացորդների հետազոտությունների արդյունքները, ըստ որի՝ հոլոցենյան ֆաունայում եղել է ողնաշարավոր կենդանիների 67 տեսակ։ Պարզվել է, որ կաթնասունների 25 տեսակից 10-ն անհետացել են բրոնզի դարից մինչև միջնադար ընկած ժամանակահատվածում։
Բույսերի պաշտպանության ինստ-ում ուսումնասիրվել է գյուղատնտեսական վնասատու կրծողների կենսաբանությունը, մշակվել են դրանց դեմ պայքարի միջոցառումներ, Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկ. մակաբուծաբանության ինստ-ում մշակվել են պայքարի միջոցներ մոխրագույն համստերիկի դեմ, պարզաբանվել է վայրի և տնային թռչունների դերն օրնիթոզների տարածման գործում։ ՀՀ ԱՆ-ի հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոնում ուսումնասիրվում է կրծողների ու վայրի ֆաունայի տարբեր տեսակների դերը ժանտախտի և այլ վտանգավոր հիվանդությունների համաճարակաբանության հարցում։