Կենսաքիմիայի զարգացումը հանրապետությունում պայմանավորված է Հ. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ 1923-ին ԵՊՀ բժշկ. ֆակ-ում (1930-ից՝ ԵԲԻ, 1999- ից՝ ԵՊԲՀ) կենսաքիմիայի ամբիոնի (վարիչներ՝ Հ. Հովհաննիսյան՝ 1930-37, Հ. Բունիաթյան՝ 1937-61, Վ. Մխիթարյան՝ 1961-1986, Մ. Աղաջանով՝ 1986-2008, Հ. Վահրադյան՝ 2009-ից) ստեղծմամբ։
1935-ին ստեղծվել է Քիմիայի ինստ-ը՝ կենսաքիմիայի բաժանմունքով, որը 1943-ին ընդգրկվել է Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստ-ի կազմում, իսկ 1958-ից գործել է որպես ինքնուրույն հիմնարկ։ Վերջինիս հիմքի վրա 1961-ին Հ. Բունիաթյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Կենսաքիմիայի ինստ-ը (տնօրեններ՝ Հ. Բունիաթյան՝ 1961-81, Ա. Գալոյան՝ 1981-2006, Գ. Գևորգյան՝ 2006-ից)։
1961-ին կենսաքիմիայի ամբիոն է ստեղծվել նաև ԵՊՀ կենսբ. ֆակ-ում։ Կենսաքիմիական հետազոտություններ սկսել են կատարել նաև ԵՊՀ-ի, ԵՊԲՀ-ի, Անասնաբուծ-անասնաբուժ. ինստ-ի պրոբլեմային լաբորատորիաներում։ Ակադ. Ն. Սիսակյանի ջանքերով հանրապետությունում սկիզբ է դրվել բույսերի կենսաքիմիական հետազոտություններին։
Ինստ-ի գիտական հետազոտությունների հիմն․ ուղղությունը նյարդաքիմիան է։ Հ. Բունիաթյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել են գլխուղեղի ֆունկցիոնալ կենսաքիմիայի հիմնախնդիրներ, որոնց շնորհիվ ինստ-ը վերածվել է նյարդաքիմիայի ԽՍՀՄ առաջատար կենտրոնի, նյարդաքիմիական դպրոցը միջազգային ճանաչում է ստացել։
Այդ ոլորտում առաջին հետազոտությունները (Հ. Հովհաննիսյան, Հ. Բունիաթյան) նվիրվել են վիտամինների կառուցվածքի և նյութափոխանակության հարցերին. պարզվել է, որ C վիտամինն ունի դիֆենոլային կառուցվածք և օժտված է հակաօքսիդանտային հատկությամբ՝ ֆոսֆատիդների, կարոտինոիդների օքսիդացման շարժընթացներում, և հակառակը՝ այդ նյութերը պղնձի և երկաթի առկայությամբ ձեռք են բերում այլ՝ պրոօքսիդանտային հատկություններ։
Ինստ-ում կատարված հետազոտությունների արդյունքում հայտնաբերված ուղեղի կենսբ. ակտիվ պեպտիդների և սպիտակուցների ազդեցության ու քիմիական կառուցվածքների պարզաբանումը խթանել է նյարդակենսաբանության, իմունային համակարգի և բժշկության մի շարք ուղղությունների զարգացումը։ Ակադ. Ա. Գալոյանի ղեկավարությամբ հայտնաբերված ուղեղի ցիտոկինների՝ պրոլինով հարուստ պեպտիդի և GX-NH2 պեպտիդի ազդեցության մեխանիզմերի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ այս նյութերը մեծ նշանակություն ունեն ուռուցքաբանության բնագավառում՝ քիմիաբուժության և ճառագայթաբուժության հետևանքով առաջացած արյունաստեղծման (հեմատոպոեզ) կտրուկ խանգարումները վերացնելու համար։ Այդ միացությունները հաջողությամբ կարելի է կիրառել մարդու և կենդանիների լեյկոզի բուժման, սուր վարակների, հատկապես սիբիրախտի հարուցիչների դեմ բարձր արդյունավետությամբ պայքարելու համար։ Բացահայտվել են բնական և տեխնածին աղետների հետևանքով առաջացած երկարատև ճնշման համախտանիշի (կրաշ-սինդրոմ) ժամանակ սրտամկանի ինֆարկտի առաջացման պատճառներն ու բուժման ուղիները։ Անջատվել և հետազոտվել են ֆերմենտներ, որոնք կիրառելի են տուբերկուլոզի, շաքարային դիաբետի, չարորակ հիվանդությունների ախտորոշման ու բուժման համար։
Ուսումնասիրվել է երկկարբոն ամինաթթուների և գամմա-ամինակարագաթթվի նյութափոխանակության կարգավորումն ուղեղում։ Առաջ է քաշվել գլուտամինից գամմա-ամինակարագաթթվի առաջացման այլընտրանքային ուղին։ Բացահայտվել են ակտիվ թթվածնի նյութափոխանակությունը կարգավորող նոր մետաղապրոտեինների առանձնահատկությունները նորմայում և հիվանդությունների ժամանակ։ Նոր փաստեր և օրինաչափություններ են արձանագրվել ծերության ժամանակ գլխուղեղի ամինաթթուների փոխանակությանը մասնակցող մի շարք կարևոր ֆերմենտների ակտիվության կարգավորման, նյարդ․ համակարգում պրոտեոլիպիդների փոխանակության, մակրոէրգային միացությունների և ֆերմենտների, ինստ-ում հայտնաբերված ուղեղի կարդիոտրոպ հորմոնների վերաբերյալ։ Պարզաբանվել է հեմորֆինների