Այս էջը հաստատված է

վերականգնող. դերը շաքարային դիաբետի, գերհույզի ու քաղցկեղի հետևանքով առաջացած իմուն. և նյարդաներզատ. համակարգերի ֆունկցիոնալ խանգարումների դեպքերում։

Ինստ-ում ստացված ոսկու և արծաթի՝ հակամարմիններով պատված նանոմասնիկները կարող են կիրառվել տարբեր տիպերի հիվանդությունների բացահայտման և, որպես արդյունավետ կրիչներ, օրգանիզմի տարբեր հատվածներ դեղամիջոցների տեղափոխման համար։ Պարզաբանվել է, որ տաուրինը և տաուրետը նոր եղանակներով կարելի է օգտագործել համաճարակային բնույթի դիաբետիկ ռետինոպաթիայի ու մակուլյար էդեմայի, ինչպես նաև անբուժելի համարվող ցանցենու ծերուն. դիստրոֆիայի և ցանցենու պիգմենտոզի բուժման համար։

Ինստ-ում գործում է կենսաքիմիայի, մոլ. և բջջային կենսաբանության մասնագիտություններով աստիճանաշնորհման գիտխորհուրդ, ՌԴ ԳԱ-ն և ՀՀ ԳԱԱ-ն համատեղ հրատարակում են «Նյարդաքիմիա» ամսագիրը (գլխավոր խմբ.՝ ակադ. Ա. Գալոյան)։ Ինստ-ում ստեղծվել է ՀՀ կենսաքիմիկոսների և մոլ. կենսաբանության ընկերակցություն, որը Կենսաքիմիկոսների միջազգ. ընկերության անդամ է։

1950-60-ական թթ-ին ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնում ուսումնասիրվել են մարդու օրգանիզմի վրա քլորոպրենի ազդեցության մեխանիզմները (Վ. Մխիթարյան, Հ. Մատինյան)։ Ամբիոնին կից հիմնախնդիրների լաբորատորիայում կատարված հետազոտություններով հիմնավորվել է տեսություն, որի համաձայն՝ քլորոպրենային տոքսիկոզի խորացման պատճառը լիպիդային գերօքսիդացման ուժեղացումն է։ Մշակվել են քլորոպրենային կաուչուկի գործարանի բանվորների առողջության պահպանության որոշակի գործն․ ցուցումներ։ Այդ հետազոտությունների հիման վրա 1970-ական թթ-ին զարգացել է նոր ուղղություն, որի հիմքում լիպիդային գերօքսիդացման ուժեղացումն է՝ տարբեր ախտաբան. վիճակների, հատկապես այրվածքային հիվանդության (Մ. Աղաջանով), անշարժության և աղմկային գերհույզի (Է. Միքայելյան, Մ. Մելքոնյան), շաքարային դիաբետի (Դ. Գևորգյան) զարգացման ընթացքում։ Այդ ուղղությունը, որ հայտնի է «օքսիդացումային գերհույզ» անվանմամբ, զարգացրել են բոլոր գիտաբժշկ. հիմնարկներում։

1960-70-ական թթ-ին ԵՊԻ կենսաքիմիայի ամբիոնում զբաղվել են գլխուղեղի հետազոտության էներգետիկ, և կենսասինթետիկ հիմունքների մշակման (Գ. Խաչատրյան), ինչպես նաև սիմպատոադրենալ համակարգի հարմարվողասնուցող. ազդեցության կենսաքիմիայի (Է. Մխեյան) հարցերով։

2006-ից ամբիոնում հետազոտություններ են կատարվում Ալցհեյմերի հիվանդության նյարդադեգեներացիայի նյարդաքիմիական հիմունքների մշակման նպատակով (Մ. Աղաջանով)։ Ալցհեյմերի հիվանդության ալյումինային (Հ. Վահրադյան) և բետա-ամիլոիդային մոդելների վրա օգտագործելով մի շարք բնական միացություններ՝ հաջողվել է կանխել նյարդադեգեներացիայի խորացումը, ցույց տալ նյարդածնության (նեյրոգենեզ) խթանման հնարավորությունը ցողունային բջիջների ակտիվացման շնորհիվ (Կ. Ենկոյան)։

Գևորգ Գևորգյան, Հասմիկ Վահրադյան
Գենետիկա

Գենետիկայի բնագավառում հետազոտությունները Հայաստանում սկսվել են 1920-ական թթ-ից ԵՊՀ-ում։ 1930-ական թթ-ին Ն. Վավիլովի ղեկավարած գիտարշավների ընթացքում բացահայտվել են հացահատիկային մշակաբույսերի կազմը, հայտնաբերվել են նրանց վայրի ազգակիցների աճելավայրերը (Մ. Թումանյան, Ա. Արարատյան, Վ. Գուլքանյան)։ 1935-ին ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի Կենսաբանության ինստ-ի համակարգում կազմակերպվել է առաջին գենետիկ. կենտրոնը, 1943-ին՝ Գենետիկայի ինստ-ը, որը 1956-ին ընդգրկվել է Երկրագործության ինստ-ի կազմում։ Այդ տարիներին պարզաբանվել են բույսերի ձևագոյացման շարժընթացների առանձին օրինաչափություններ (Մ. Թումանյան, Գ. Բաբաջանյան)։

Ընտրասերման ոլորտում մշակվել են խաղողի արդյունավետ և ցրտադիմացկուն սորտերի ստացման եղանակներ (Ս. Պողոսյան, Ս. Խաչատրյան, Մ. Մելքոնյան, Կ. Պողոսյան), ցորենի առաջին հիբրիդային