Այս էջը հաստատված է

ախտածնային մեխանիզմներում ուղեղիկի և հիպոկամպի մասնաբաժինը բացահայտելու (Գ․ Նավասարդյան), աուտոբորբոքման և բնական իմուն պատասխանի հարաբերակցության, նրանց մոլ․ մեխանիզմները պարզելու (Ս․ Ավետիսյան) ուղղությամբ։

Սամվել Ավետիսյան

Դատական բժշկագիտություն

Դիակի արտաքին զննման վերաբերյալ տվյալներ Հայաստանում հայտնի են դեռևս IV-V դդ-ից, երբ որոշվել է ոչ միայն մահվան պատճառը, այլև՝ ինչպիսի հարվածից է առաջացել մահը։

XIII դ-ից սկսած՝ մարդու անատոմիան և մահվան պատճառներն ուսումնասիրելու նպատակով կատարել են դիահերձումներ։ Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում, Ներսես Լամբրոնացու քաղաքաց. օրենքներում հատուկ ուշադրություն է դարձվել սխալ բուժմանը, բժշկի անփութությանը և այլ հարցերի։

XIX դ-ում Հայաստանում, հանցագործությունների հետ կապված, պարտադիր են եղել ինչպես կենդանի անձանց, այնպես էլ դիակների հետազոտումները։ Դիահերձումներն ունեցել են դատաբժշկ. նշանակություն, կատարել են քաղաքաց. և զինվորական բժիշկները՝ քննիչի և ընթերակաների մասնակցությամբ, կազմել են համապատասխան դատաբժշկ. փաստաթղթեր։

1846-ին հայ բժիշկների նախաձեռնությամբ Կալթա Սերայի (Թուրքիա) բժշկ. վարժատանն առաջին անգամ հիմնադրվել է «օրինական բժշկության» (դատական բժշկության) ամբիոն, որտեղ որոշվել են նաև քրեական վիժումների, մանկասպանության և այլ հարցեր։ Հայաստանում, սկսած XVIII դ-ի 30-ական թթ-ից, դիահերձումները, հատկապես բռնի մահերի և հանկարծամահությունների դեպքերում, դարձել են պարտադիր։

ՀԽՍՀ-ում 1921-ին ստեղծվել է դատական բժշկագիտության փորձագետի առաջին հաստիքային պաշտոնը։

Դատ․ բժշկությունը գիտ․ հիմքերի վրա է դրվել 1926-ին ԵՊՀ բժշկ. ֆակ-ում նույնանուն ամբիոնի հիմնադրմամբ 1927-39-ին ամբիոնը ղեկավարել է Ե. Շեկ-Հովսեփյանը (1929-ից, միաժամանակ՝ ՀԽՍՀ առժողկոմատի դատաբժշկ. գլխավոր փորձագետ)։ Ամբիոնը և հանրապետական դատաբժշկ. բյուրոն հետագայում ղեկավարել են Ա. Հովսեփյանը՝ 1939-53, Ն. Ավագյանը՝ 1953-89, Շ. Վարդանյանը՝ 1989-ից։

Ամբիոնում հետազոտություններ են կատարվել դատական բժշկության և իրեղեն ապացույցների ուսումնասիրման պատմության (Ե. Մակարյան, Ա. Հովսեփյան), հանկարծամահության հետ մթնոլորտային տարբեր գործոնների կապի (Ն. Ավագյան, Շ. Վարդանյան), մահաբանության (Հ. Թորոսյան), վնասվածքաբանության (Վ. Գրիգորյան, Ռ. Բալայան, Ա. Բաբայան), թունաբանության (Կ. Նազարեթյան, Ա. Գահնապետյան), թմրամոլության (Ռ. Տերտերյան, Ն. Հարությունյան), սեռ. հանցագործությունների (Վ. Մուսայելյան), մահվան ժամկետի որոշման (Մ. Հովհաննիսյան, Ե. Սահակյան), դատական բժշկության մեջ կիրառվող տեխ. միջոցների (Լ. Առաքելյան) վերաբերյալ։

1993-ին ԵՊԲՀ դատական բժշկագիտության ամբիոնի և Հանրապետական դատաբժշկ. բյուրոյի միավորմամբ ստեղծվել է դատական բժշկագիտության գիտագործն. կենտրոն (ղեկ.՝ ՀՀ ԱՆ գլխավոր դատաբժշկ. փորձագետ Շ. Վարդանյան)։ Ներկայումս կենտրոնում զբաղվում են մեծածավալ աղետների ժամանակ անձի ինքնության հաստատման, դատական բժշկության մեջ լազերային տեխնիկայի օգտագործման, գազային և խլացուցիչ հրազենի գործադրումից առաջացած վնասվածքների առանձնահատկությունների պարզաբանման, դատական թունաբանության, ՀՀ-ում բժշկ. իրավախախտումների տարբեր խնդիրներով։

Շոթա Վարդանյան


Դեղաբանություն

1922-ին Գ. Մեդնիկյանի նախաձեռնությամբ ԵՊՀ բժշկ. ֆակ-ում կազմակերպվել է դեղաբանության ամբիոն, որին կից 1965-ին բացվել է սիրտանոթ. համակարգի դեղաբանության պրոբլեմային լաբորատորիա։ 1968-ին համանուն լաբորատորիա է ստեղծվել Սրտաբանության ինստ-ում։ Դեղաբանության զարգացմանը նպաստել է նաև 1963-ին Ս. Դովլաթյանի նախաձեռնությամբ կազմակերպված փորձարար․ թերապիայի և օրգ. սինթեզի լաբորատորիան։

Ուսումնասիրվել են հանքային ջրերի ազդեցության մեխանիզմները ստամոքսաղիք. համակարգի շարժող․ ֆունկցիաների վրա (Գ. Մեդնիկյան, Ս. Միրզոյան)։ Հայրեն. մեծ պատերազմի և հետպատերազմյան տարիներին, մի շարք դեղանյութերի փոխարինողների ստացման անհրաժեշտությունից ելնելով, դեղաբանության ամբիոնը Բուսաբանության ինստ-ի հետ ուսումնասիրել է հանրապետության բուս․ պաշարները և հայտնաբերել ավելի քան 65 ալկալոիդակիր բույսեր (Ս. Միրզոյան, Թ. Թադևոսյան)։ Փորձարար․ հետազոտություններով բացահայտվել են բուս․ ծագման հակաբիոտիկներ, շնչառության և արյան շրջանառության խթանիչներ, արյան ճնշումն իջեցնող, միզամուղ, արյունահոսությունը դադարեցնող դեղանյութեր։ ԵՊԲՀ դեղաբանության ամբիոնը ՆՕՔԻ-ի և Կենսաքիմիայի ինստ-ի հետ մշակել է նյութի կառուցվածքի կապը նրա դեղաբան․ ազդեցության հետ։ Հետազոտվել են ստամոքսաղիք. համակարգի ֆունկցիաների վրա գանգլերոնի և քվատերոնի ազդեցության առանձնահատկությունները։ Կարևոր են նաև հակախոցային նոր դեղանյութերի որոնման և դրանցից առավել ակտիվ պատրաստուկների ազդեցության մեխանիզմների ուսումնասիրությունները (Ս. Միրզոյան, Ա. Թադևոսյան)։ Աշխատանքներ են կատարվել ուղեղային արյան շրջանառության վրա գամմաամինակարագաթթվի (ԳԱԿԹ) ներգործության մեխանիզմների