Այս էջը հաստատված է
ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ընդհանուր հիգիենայի բնագավառում գիտական հետազոտությունները հանրապետությունում սկսվել են 1920-ական թթ-ին։ 1926-ին ԵՊՀ բժշկ. ֆակ-ում Խ. Արխիպյանցի նախաձեռնությամբ հիմնադրվել է ընդհանուր հիգիենայի ամբիոն, իսկ 1930-ին՝ Սանիտարահիգիենային ինստիտուտ (տնօրեն՝ Խ. Արխիպյանց), որտեղ ուսումնասիրվել է վիրուսային և բակտերիային ծագման վարակիչ հիվանդությունների պատճառագիտությունը, և մշակվել են դրանց դեմ պայքարի միջոցառումներ։ Այնուհետև ԵԲԻ ընդհանուր հիգիենայի ամբիոնում հետազոտել են երեխաների և դեռահասների ֆիզիկական զարգացման, սննդի, ճառագայթային հիգիենայի, թափոնների վնասազերծման, ջրամատակարարման և ջրամբարների պահպանության հարցեր (Ա. Ալեքսանյան, Ն. Հակոբյան, Լ. Հարությունյան, Տ. Ասմանգուլյան և ուրիշներ)։ 1962-ից ամբիոնին կից գործել է ճառագայթային հիգիենայի հիմնախնդիրների լաբորատորիա, որտեղ հետազոտվել են երկրի տարբեր շրջաններում ճառագայթման բնական ֆոնի մակարդակները, մարդու և կենդանիների օրգանիզմներում ռադիոակտիվ իզոտոպների փոխանակության հարցերը (Լ. Մկրտչյան)։

1990-2010-ին ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնում ուսումնասիրվել են օրգանիզմի առողջ․ վիճակի վրա կլիմայի հնարավոր ազդեցությունները, առանձնացվել են հանրապետության կլիմայաաշխարհագր. գոտիները։ Ուսումնասիրվել են Արարատյան դաշտի և Երևան քաղաքի եղանակակլիմ. հիգիենային առանձնահատկությունները, տրվել է բնակչության սիրտանոթ. համակարգի հիվանդացության մակարդակի վրա մթնոլորտաախտաբան. (մետիոպաթիկ) հակազդեցությունների գնահատականը (Ա. Քոթանյան)։

Կոմունալ հիգիենայի բնագավառում ԳՀ աշխատանքներ են կատարվել ԵԲԻ (1995-ից՝ ԵՊԲՀ), ԲԿԻ (1997-ից՝ ԱԱԻ) համանուն ամբիոններում և Ընդհանուր հիգիենայի ու մասնագիտական հիվանդությունների ԳՀԻ-ի շրջակա միջավայրի պաշտպանության բաժնում։ Սկզբն. շրջանում ուսումնասիրվել են հանրապետության բնակավայրերի սան. բարեկարգման (ջրամատակարարում, կոյուղացում) հարցեր։ Հետազոտվել են ջրամատակարարման բազմաթիվ աղբյուրներ։ Խմբակային ջրմուղների համակարգով կառուցվել են տնտեսական և հիգիենային մեծ առավելություններ ունեցող բազմաթիվ ջրմուղներ (Ն. Հակոբյան)։ Հետագայում հետազոտվել են Հրազդան, Ողջի, Դեբեդ, Ախուրյան, Որոտան, Արփա գետերն ու Սևանա լիճը (Տ. Ասմանգուլյան, Թ. Հովսեփյան, Լ. Հարությունյան, Ե. Մկրտչյան). արդյունքներն օգտագործվել են համալիր սխեմայում։ Սևանա լճի հետազոտությունների հիման վրա մշակվել են ջրի սան. վիճակի բարելավման և լճի առափնյա տարածքը որպես հանգստյան գոտի օգտագործելու հանձնարարականներ (Գ. Գրիգորյան, Ու. Պողոսյան)։

1950-ական թթ-ից ծավալված հիգիենային նորմավորման աշխատանքների շրջանակներում մշակվել են օդում և ջրամբարներում վնասակար նյութերի սահմանային թույլատրելի քանակությունները (ՍԹՔ), որոնք հաստատվել են որպես միութ. չափորոշիչներ (Մ. Խաչատրյան, Ա. Մնացականյան, Մ. Նիկողոսյան, Կ. Ափոյան)։ Ուսումնասիրվել են Երևան (Մ. Խաչատրյան, Ա. Մնացականյաև, Մ. Նիկողոսյան), Վանաձոր (Ա. Ավոյան), Ալավերդի (Գ. Դերոյան) քաղաքների օդային ավազանների աղտոտման և նրա բացաս. ազդեցության հարցերը։ Մշակվել և ներկայացվել են օդային ավազանների աղտոտման նվազեցման, վնասակար արտադրամասերի փակման (էլեկտրոլիզի արտադրամասը Քանաքեռի ալյումինի գործարանում), քաղաքների (Երևան, Վանաձոր, Ալավերդի) հետագա զարգացման և կանաչապատման հանձնարարականներ։ 1970-ից հետազոտվում են երեխաների օրգանիզմի վրա զանազան նյութերի բացաս. ազդեցությունները (Մ. Նիկողոսյան, Գ. Դերոյան, Թ. Խաչատրյան)։

Բազմաթիվ փորձագիտական եզրակացություններ են տրվել շրջ. հատակագծման նախագծերի, քաղաքների գլխավոր հատակագծերի, ջրամատակարարման, հանգստի գոտիների նախագծերի վերաբերյալ։

Աշխատանքի հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ոլորտում գիտագործն. հետազոտություններն սկսվել են 1923-ից, երբ աշխատանքի