Այս էջը հաստատված է

հիգիենային պահանջների, երեխաների 6-ամյա ուսուցման, մանկ. ազգաբնակչության աճի, զարգացման և առողջ․ վիճակի առանձնահատկությունների, ՀՀ պետական բուհերի ուսանողների կենսակերպի, առողջության և սննդակարգի ուսումնասիրության, արդի փուլում նոր տիպի՝ խորացված ուսուցման դպրոցների հիգիենային խնդիրների բացահայտման ուղղությամբ։ Մշակվել և ներդրվել են բազմաթիվ հանձնարարականներ ու ստանդարտներ՝ ուսումնական գործընթացի և օրվա խելամիտ ռեժիմի սահմանման, մանկ․ ազգաբնակչության առողջության պահպանման ու ամրապնդման վերաբերյալ (Լ. Ավետիսյան, Ս. Քոչարովա, Ա. Հայրապետյան, Ն. Խաչիկյան)։

Սննդի հիգիենայի ոլորտի գիտական հետազոտություններն սկսվել են ԵԲԻ-ում 1942-ին հիմնադրված համապատասխան ամբիոնում։ Սկզբն. շրջանում ուսումնասիրվել են սննդ. թունավորումների կանխարգելման, հասարակական սննդի կազմակերպման, տեղական մի շարք սննդամթերքների քիմիական կազմի և սննդ. արժեքի որոշման, վիտամինային նոր աղբյուրների որոնման հարցեր։ 1960-ական թթ-ից կատարվում են մարսող. համակարգի վրա տարբեր սննդամթերքների ֆիզիոլոգ․ ազդեցության և դրանց մեխանիզմների բացահայտման հետազոտություններ (Լ. Հարությունյան, Պ. Բակալյան)։ ԵԲԻ-ի սննդի հիգիենայի ամբիոնում և Ընդհանուր հիգիենայի ու մասնագիտական հիվանդությունների ԳՀԻ-ի սննդի հիգիենայի բաժնում կատարվել են քիմիական արդ-յան մեջ աշխատող բանվորների կանխարգելիչ սննդի մշակման աշխատանքներ (Պ. Բակալյան, Ա. Ավագյան, Օ. Անտոնյան և ուրիշներ)։

2000-09-ին հետազոտվել է ուսանողների, խորացված ուսուցմամբ սովորող դպրոցականների, հղի կանանց և կերակրող մայրերի, ազգաբնակչության սննդի օրաբաժինը, մշակվել են համապատասխան սննդակարգի հանձնարարականներ (Ա. Աբելյան, Ա. Սիմոնյան, Մ. Հովհաննիսյան, Ն. Խաչատրյան, Ի. Կոջոյան)։

Լարիսա Ավետիսյան
Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում

Հանրային առողջության և առողջապահ-յան կազմակերպման գործի զարգացումը պայմանավորված է ԵՊՀ բժշկ. ֆակ-ում 1926-ին սոցիալական հիգիենայի ամբիոնի հիմնադրմամբ (Ս. Բաղդասարյան)։ Սոցիալական հիմնախնդիրների ոլորտում ուսումնասիրվել են Երևանի բնակչության հիվանդացությունը (Մ. Մելիք-Քարամյան), հանրապետության բնակչության ու նրա առանձին խմբերի առողջության և առողջապահ-յան (Շ. Պապոյան, Ա. Կծոյան, Ռ. Փարսադանյան, Ա. Հարությունյան, Ա. Ավագյան, Մ. Մարդիյան), ամբուլատոր-պոլիկլինիկ. հիմնարկների և հիվանդանոցների միավորման արդյունավետության (Շ. Պապոյան), բուժակամանկաբարձ. կետերի գործունեության կազմակերպման (Մ. Մաթևոսյան), հանրապետության բնակչության վերարտադրության, Երևանում կանանց մանկածնության, մանկ․ մահացության (Ա. Եղիկյան, Վ. Աստվածատրյան), վաղ մանկ․ հասակի երեխաների ֆիզիկական զարգացման (Ռ. Մկրտչյան) հարցերը։ Կազմվել են հանրապետության գյուղ․ առողջապահ-յան ատլասներ (Ա. Հայրիյան, ԽՍՀՄ ԺՏՆՑ ոսկե մեդալ, 1968), ուսումնասիրվել են գյուղ․ ընտանիքների սոցիալ-հիգիենային հարցեր։

1980-ին Արմաշի տեղամասային հիվանդանոցի հիման վրա ստեղծվել է գյուղի սոցիալ-հիգիենային հիմնախնդիրների լաբորատորիա (1985-2005-ը գործել է ԵՊԲՀ-ի կազմում), որտեղ ուսումնասիրվել են գյուղ․ առողջապահ-յան կազմակերպման, բժշկ. աշխարհագրության, սոցիալական բժշկության և էկոլոգիայի հիմնախնդիրներ, մշակվել ու կազմվել են մարդու հիվանդությունների սոցիալ-էկոլոգ. օջախայնության հայեցակարգ (Ա. Հայրիյան, ԽՍՀՄ Պետական մրց․՝ 1985, 1988), կազմվել է Հայաստանի բժշկաէկոլոգ. ատլաս (1998)։ Ուսումնասիրվել և գնահատվել են ՀՀ բնակչության ընդհանուր մահացության մակարդակի և պատճառական կառուցվածքի միտումներն ու առանձնահատկությունները՝ ըստ սեռի, տարիքի, բնակավայրի, վարչական տարածաշրջանների, բժշկաշխարհագր. գոտիների, սոցիալ-էկոլոգ. շրջանների, աղետի գոտու (Ա. Հայրապետյան)։