Այս էջը հաստատված է

համակարգի բջիջների ակտիվացման մեջ (Վ. Շեկոյան)։ Բացահայտվել է ԳԱԿԹ-ի՝ որպես իմունոմոդուլյատորի, նպատակաուղղված օգտագործման հնարավորությունը իմունային շարժընթացների կարգավորման նպատակով՝ նորմայում և տարբեր ախտաբան․ շարժընթացներում (Վ. Շեկոյան, Դ. Մուրադյան Վ. Թովմասյան, Ս. Զալինյան, Ք. Աբգարյան, Գ. Պողոսյան)։

Ամբիոնում ուսումնասիրվել են նաև էլեկտրաստատիկ դաշտի ազդեցությունն առաջնային իմուն պատասխանի և մակրոֆագերի ակտիվության վրա (Վ. Թովմասյան), սրտավիրաբուժ. միջամտությունների ազդեցությունն իմունակարգավորման օղակի վրա և վերջինիս դերը թարախասեպտիկ բարդությունների առաջացման խնդրում (Լ. Մխեյան), անօդակյաց-օդակյաց մանրէների փոխազդեցության միջնորդավորված դերը վերքային վարակների ախտածնության մեջ (Ն. Թարվերդյան), ժամանակակից հրազենային վնասվածքի մանրէաբան․ հատկանիշների փոփոխման դինամիկան (Կ. Բարոյան), երեխաների ու դեռահասների ֆիզ. զարգացման ու սեռ. հասունացման տեմպերի և աղիների բնականոն միկրոկենսահամակեցության վիճակը Երևանում (Մ. Հովհաննիսյան), ռոտավիրուսային ստամոքսաղիքաբորբով հիվանդացությունը ՀՀ-ում (Կ. Մանուկյան), աղիք․ վարակիչ հիվանդություններով հիվանդացության համաճարակաբանությունը ԼՂՀ-ում (Զ. Ասրիյան) և այլն։

Վլադիմիր Շեկոյան


ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ակնաբանություն

Հայաստանում առաջին մասնագիտացված ակնաբուժ. հաստատությունը՝ «Մարի Նուպար» ակնաբուժ. կլինիկան, որը դարձել է ազգային ակնաբուժության հիմնադիր դպրոցը, բացվել է Երևանում 1929-ին՝ բարերար Պողոս Նուպարյանի (Պողոս փաշա Նուպար) նախաձեռնությամբ։

Մինչ այդ՝ 1925-ին Հ. Կանայանի նախաձեռնությամբ ԵՊՀ բժշկ. ֆակ-ում կազմակերպվել էր ակնաբանության ամբիոն, որտեղ սկզբն. շրջանում ուսումնասիրվել են տրախոմայի (Հ. Կանայան) և գարնանային կատառի բուժման հարցերը (Ե. Մեսրոպյան)։ Մշակվել է տրախոմայի բուժման ինքնատիպ եղանակ՝ սուլֆիդինի լուծույթի ներերակային ներարկումներով։

Բ. Մելիք-Մուսյանը և Հ. Դեմիրճօղլյանը ՀԽՍՀ-ում առաջինն են ներդրել (1954) էլեկտրացանցենագրության եղանակը, Ս. Մալայանն ստեղծել է տեսողության սրության որոշման հայերեն աղյուսակների հավաքածու։ Ե. Բլավատսկայայի ղեկավարությամբ աշխատանքներ են կատարվել գլաուկոմայի, տեսողության օրգանի վնասվածքաբանության, աչքի առաջային հատվածի բուժիչ-օպտիկ. վիրահատությունների բնագավառում։ Առաջարկվել է լայնանկյունային գլաուկոմայի համալիր բուժման եղանակ (Ս. Մուրադյան)։ Աչքի թափանցող մեծածավալ վնասվածքների դեպքում մշակվել է ակնագնդի հերմետիկացման և վերականգնման եղանակ՝ պահածոյված ապակենման մարմնի փոխպատվաստմամբ (Մ. Գզգզյան)։ 1960-ական թթ-ից ուսումնասիրվել են աչքի տարբեր հիվանդությունների ժամանակ եղջերապատվաստման հարցերը, առաջին անգամ փոխպատվաստման համար օգտագործվել են նորածնի դիակից վերցրած եղջերաթաղանթ (բրեֆոեղջերաթաղանթ)։ Մշակվել են նաև սպիտապատյանի, ապակենման մարմնի պահածոյման եղանակներ (Տ. Հովսեփյան, Լ. Գալստյան)։ Առաջարկվել են եղջերաթաղանթի փոխպատվաստուկների կիրառման և ամրացման, վիրահատությունների նոր եղանակներ։

1963-ին ԲԿԻ-ում (1997-ից՝ ԱԱԻ) բացվել է աչքի հիվանդությունների ամբիոն, որտեղ փորձարար․ եղանակով մշակվել է (Ե. Բլավատսկայա) աչքի բեկունակության (ռեֆրակցիա) շտկման ինքնատիպ եղանակ՝ բրեֆոեղջերաթաղանթով։ 1970-80-ական թթ-ին աշխատանքներ են կատարվել ցանցաթաղանթի և տեսող. նյարդի տարբեր հիվանդությունների ախտորոշման նպատակով էլեկտրացանցենագրության եղանակի կատարելագործման բնագավառում։