Սևանի, Վարդենիսի լեռնաշղթաներով և Գեղամա լ-վահանով։ Կազմված է Մեծ Սևանից (մինչև մակարդակի արհեստ․ իջեցումը հայելու մակերեսը 1032,4 կմ² էր, խոր.՝ մինչև 58,7 մ) ու Փոքր Սևանից (հայելու մակերեսը՝ 383,6 կմ², խոր.՝ մինչև 98,7 մ), որոնք բաժանվում են Նորատուսի և Արտանիշի հրվանդաններով ու դրանք միացնող ստորջրյա թմբով։ Մինչև Սևան-Հրազդան կասկադի կառուցումը լճի հայելին ծովի մակարդակից բարձր էր 1915,57 մ, մակերեսը՝ 1416 կմ², ջրի ծավալը՝ 58,5 մլրդ մ³։ Լճի երկարություն (Ձկնագետի գետաբերանից մինչև Ծովակ գ) 75 կմ է, միջին լայն.՝ մոտ 19 կմ, առավելագույն լայն.՝ 32 կմ, միջին խոր.՝ 41,3 մ, ջրի թափանցելիությունը՝ 21 մ, ջրհավաք ավազանը՝ 3475 կմ², լճից սկիզբ առնող Հրազդան գետի տարեկան միջին բնական հոսքը (մակերևութային, ստորգետնյա)՝ 60 մլն մ³։ Ջրի պաշարների օգտագործման հետևանքով լճի հայելու մակարդակի բարձրությունը նվազել է մինչև 1896,3 մ, մակերեսը՝ 1236,2 կմ², ջրի ծավալը՝ 32,92 մլրդ մ³ (2005)։ 2001-ին ջրի թափանցելիությունը ձմռանը եղել է 2,5-3,5 մ³, ամռանը՝ 8-8,5 մ։ Լիճը սնում են 28 գետ, 2 խոշոր աղբյուրներ, մթնոլորտային տեղումները և ստորգետնյա ջրերը։
Սելավները։ ՀՀ տարածքի ավելի քան կեսին բնորոշ են սելավները, որոնք առաջանում են գարնանը, ամռանն ու աշնանը, երբ մթնոլորտային տեղումները թափվում են տեղատարափ անձրևների ձևով։ Առավել սելավաբեր են Սևանա լճի արլ. ավազանի, Փամբակ, Դեբեդ, Ողջի ու Մեղրի գետերի ավազանները, Մաստարայի, Գետառի, Ջրվեժի, Չորսելավի, Ողջաբերդի սելավները։
Ճահիճները։ ՀՀ տարածքում ճահիճները շատ չեն. ոչ մեծ արեալներով հանդիպում են Սևանի ավազանում, Լոռու հրաբխային բարձրավանդակում, Վերին Ախուրյանի գոգավորությունում։ Ճահիճների մեծ մասը տիպիկ ճահիճներ չեն, այլ ճահճացած հողեր են, որոնք ամռան 2-րդ կեսին վերածվում են մարգագետինների։
Ջրամբարները։ Գարնան ձնհալի ու անձրևների ջրերը կուտակելու և գետերի հոսքը կարգավորելու նպատակով հանրապետությունում կառուցվել են մի քանի տասնյակ արհեստ․ ջրամբարներ, որտեղ կուտակվում է ավելի քան 1,1 մլն կմ² ոռոգման ջուր։ Առավել խոշոր են Ախուրյանի, Ապարանի, Տոլորսի, Ազատի, Կեչուտի և այլ ջրամբարներ։
ՀՀ ընդերքը հարուստ է արտեզյան անուշահամ ջրերի ավազաններով։