Այս էջը հաստատված է

ՀՈՂԵՐԸ

ՀՀ-ն խիստ սակավահող երկիր է. հողային ֆոնդը 2.974.259 հա է, 1 շնչի հաշվով՝ 0,14 հա։ Այդ ցուցանիշով աշխարհում վերջին տեղերում է։

Գյուղատնտեսական օգտագործելի հողատարածությունը կազմում է երկրի տարածքի 71,3%-ը, իսկ վարելահողերը՝ ընդամենը 15,2 %։ Բնակչության 1 շնչին բաժին է ընկնում 0,657 հա գյուղատնտեսական օգտագործելի հող։

ՀՀ-ում հանդիպում են հողերի ծագումնաբան. 14 տիպ, 27 ենթատիպ, բազմաթիվ սեռեր, տեսակներ և տարատեսակներ։ Այդ 14 հողատիպերից 7-ը գոտիական են, իսկ մյուսները՝ միջգոտիական։

Գոտիական հողատիպերից հիմնականում ձևավորվել են կիսաանապատային գորշ, շագանակագույն, սևահողային, մարգագետնատափաստանային և լեռնամարգագետնային, իսկ Փոքր Կովկասի անտառային մարզում՝ անտառային դարչնագույն, ճմակարբոնատային, անտառային գորշ և մարգագետնատափաստանային հողատիպերը։ Ռելիեֆի բացաս. ձևերում գերխոնավացման և մարդու գործունեության հետևանքով ձևավորվել են ոչ գոտիական մարգագետնային գորշ, ոռոգելի, մարգագետնասևահողային, գետահովտադարավանդային, աղուտալկալիական, հնահիդրոմորֆ ալկալիական, լճամերձ թույլ զարգացած հողեր։

Լեռնամարգագետնային հողերը հիմնականում զբաղեցնում են Լեջան-Լալվարի, Ջավախքի, Արագածի, Գեղամա, Վարդենիսի հրաբխային լ-զանգվածևերի, Զանգեզուրի և Փամբակի լեռնաշղթաների 2200-3700 մ բարձր․ տարածքները (ՀՀ տարածքի 13,2 %-ը). հիմնականում օգտագործում են անասնապահության համար՝ որպես ամառային կերային հենակետ։

Մարգագետնատափաստանային հողերն զբաղեցնում են Հայկական հրաբխային բարձրավանդակի և Փոքր Կովկասի լ-շղթաների 2100-2600 մ բարձր, տարածքները (ՀՀ տարածքի 11,8 %-ը)։

Անտառային գորշ հողերը հիմնականում առաջացել են 1300-2400 մ բարձր-յան համեմատաբար չափավոր տաք և խոնավ կլիմայի, լվացվող ջրային ռեժիմի և բոխու-կաղնու-հաճարենու ծառատեսակների ծածկոցի պայմաններում։ Մեծ զանգվածներով հանդիպում են Խնձորուտ, Տավուշ, Հախում, Աղստև, Դեբեդ գետերի ավազաններում, զբաղեցնում են անտառային հողերի տարածքի գրեթե 21 %-ը (130 հազար հա)։

Ճմակարբոնատային հողերը հիմնականում ձևավորվել են անտառային գորշ և դարչնագույն հողերի փոխանցման գոտում՝ կարբոնատներով հարուստ նստվածքների, հողմահարված ապարների վրա։ Փոքր զանգվածներով հանդիպում են Իջևանի, Շամշադինի, Կապանի ենթաշրջաններում և զբաղեցնում են անտառային հողատիպերի տարածքի միայն 2,1 %-ը (13 հազար հա)։

Անտառային դարչնագույն հողերը մեծ զանգվածներով հանդիպում են Միափորի, Իջևանի, Լեջան-Լալվարի, Գուգարքի, Բազումի, Փամբակի և Զանգեզուրի լեռնաշղթաների 600-1700 մ, իսկ արևահայաց լանջերում՝ մինչև 2300 մ բարձր-ներում։

Լեռնային սևահողերը մեծ զանգվածներով տարածված են Գորիսի, Եռաբլրի, Անգեղակոթ-Գորայքի, Հրազդանի, Ապարանի և Շիրակի սարավանդներում, Լոռու, Սևանի, Փամբակի գոգահովիտներում։ Սևահողերի 37 %-ն օգտագործվում է որպես վարելահող, 30 %-ը՝ արոտավայր և խոտհարք։

Մարգագետնասևահողերը ձևավորվել են սևահողերի տարածքում և առանձին ոչ մեծ զանգվածներով հանդիպում են Լոռու գոգահովտում, Աշոցքի, Շիրակի և Ապարանի սարավանդներում, Սևանի ավազանում։ Զբաղեցնում են ՀՀ տարածքի 0,4 %-ը (13 հզ. հա)։ Օգտագործվում են որպես վարելահող և խոտհարք։

Լեռնաշագանակագույն հողերը հիմնականում տարածված են Արարատյան