Այս էջը հաստատված է

Օրթոդոնտիայի բնագավառում մշակվել են դիմածնոտային համակարգի անկանոնությունների ախտորոշման և համալիր բուժման եղանակներ (Հ. Տեր-Պողոսյան, Պ. Մայիլյան)։ Հայտնաբերվել է ատամնաբնային ելունի՝ ներսից գրգռման ճանապարհով (ինտերստիցիալ եղանակ) ոսկրային հյուսվածքի աճեցման երևույթը, ստեղծվել են ատամնածնոտադիմային անկանոնությունների օրթոդոնտիկ բուժման նոր եղանակներ ու միջոցներ, որոնք զգալիորեն բարձրացնում են բուժման արդյունավետությունը (Պ. Մայիլյան, լավագույն հայտնագործության համար նրան շնորհվել է № 61 դիպլոմը, իսկ առաջարկներն արտոնագրվել են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ռուսաստանում, Չինաստանում և այլուր)։

Ստոմատոլոգիայի զարգացմանը նպաստել է նաև Հայաստանի ստոմատոլոգների ընկերակցությունը (հիմնադիր-նախագահ՝ Վ. Վանցյան, ապա՝ Ա. Գևորգյան)։

Ոլորտի զարգացմանը էապես նպաստել են վերջին տարիներին ՀՀ ԱՆ-ի մշակած նոր օրենքները։

Լազար Եսայան


Սրտաբանություն

Սրտաբանության բնագավառի գիտական հետազոտություններն սկսվել են 1940-50-ական թթ-ից. ուսումնասիրվել են սրտի աղմուկների ծագման (Լ. Հովհաննիսյան), սիրտանոթ. համակարգի գործիքային հետազոտման (Վ. Աղեկյան, Ա. Սիմոնյան, Ա. Ֆարմանյան, Ա. Քաթանյան), սրտամկանի ինֆարկտի, հիպերտոնիկ հիվանդության (Վ. Ավագյան) հարցերը։ Այնուհետև նախադրյալներ են ստեղծվել էլեկտրասրտագրության զարգացման համար (Ռ. Ստամբոլցյան, Զ. Դոլաբչյան)։

Առաջարկվել է էլեկտրասրտագրության քանակ․ վերլուծության մակերեսաչափ. եղանակ (Ռ. Ստամբոլցյան, Լ. Միխայելյանց, «էլեկտրասրտագրի քանակական վերլուծության մակերեսաչափական մեթոդը», ռուս․, 1981), մշակվել է սրտամկանի ինֆարկտի նոր օջախների առաջացման տեսություն։ Ներդրվել է նաև դինամիկ էլեկտրասրտագրության եղանակը, որի կատարելագործման հարցերով զբաղվում է Երևանի տեխնոլոգ․ միկրոէլեկտրոնիկայի ինստ-ի բժշկ. էլեկտրոնիկայի բաժինը, որտեղ մշակվել և ստեղծվել են սրտի գործունեությանը հետևող նոր սարքեր ու համակարգեր։ Դրանով դրվել է սրտաբանության նոր ուղղության՝ մոնիտորահամակարգչային դինամիկ էլեկտրասրտագրության զարգացման հիմքը (Ռ. Ստամբոլցյան, «Կլինիկական էլեկտրասրտագրություն», 1978, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1980)։ Հետազոտվել են սիրտանոթ. համակարգի բնականոն և ախտաբան․ ֆիզիոլոգիայի (Ս. Բադալյան, Ա. Ալեքսանյան, Ա. Ալավերդյան և ուրիշներ), դեղաբանության (Ս. Միրզոյան) հարցեր։

Գ. Բադալյանի ղեկավարությամբ զբաղվել են սրտային գլիկոզիդների ազդեցության ուսումնասիրությամբ՝ սրտային անբավարարության ժամանակ։ Պարզվել է, որ սրտի ձախ փորոքային անբավարարության դեպքում տեղի են ունենում բրոնխային անցանելիության խանգարումներ, բարդանում է արյան փոքր շրջանառությունը, առաջարկվել են բուժման նոր եղանակներ։ Մշակվել են սրտային հեղձուկի բուժման, սրտի իշեմիկ հիվանդության առաջացման և զարգացման ընթացքում ժառանգականության դերի, արևի ակտիվության ու սրտամկանի ինֆարկտի առաջացման միջև կապի հարցերը, արտաքին շնչառության մեկ ցուցանիշ հայտնի է որպես «Բադալյանի ցուցանիշ» (Գ. Բադալյան, «Սրտային ասթմա», 1978, «Բրոնխիալ անցանելիությունը սրտային անբավարարության դեպքում», ռուս․, 1981)։ Կիրառվել են սիրտանոթ. համակարգի ռենտգենաբան․ հետազոտման եղանակներ (Բ. Ֆանարջյան, Տ. Գրիգորյան, Կ. Տիխոնով, Կ. Քյանդարյան, Ա. Ճաղարյան), զբաղվել ճառագայթային հիվանդության ժամանակ սրտի փոփոխությունների հարցերով (Կ. Քյանդարյան, Ս. Պապոյան)։

Սրտաբանության բնագավառի գիտական աշխատանքների հետագա զարգացումը պայմանավորված է 1961-ին Լ. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ Սրտաբանության ԳՀԻ-ի հիմնադրմամբ։ Ուսումնասիրվել են սրտամկանի անբավարարության և դրա հետզարգացման շարժընթացները՝ սրտի իշեմիկ հիվանդության (Կ. Ադամյան, «Սրտի իշեմիկ հիվանդություն»,