Այս էջը հաստատված է

շնչափողի և բրոնխների խուղակների, ուռուցքների, շնչափողահատումներից (տրախեոտոմիա) հետո նեղացումների (ստենոզներ) վերացման (Ա. Վեմյան, Հ. Սարկավագյան, Վ. Ափոյան), ինչպես նաև սրտամկանից էխինոկոկի բշտի հեռացման վիրահատություններ (Ս. Ավդալբեկյան, Վ. Ափոյան)։ Մշակվել են կենդանիների թոքերի փոխպատվաստման եղանակներ (Հ. Սարուխանյան)։

Հանրապետությունում առաջին անգամ ներդրվել է մկանաթուլությամբ, ցրված սկլերոզով (Վ. Ափոյան), բրոնխային հեղձուկով (Վ. Ափոյան, Զ. Տեր-Ավետիքյան) հիվանդների վիրահատ․ բուժումը։ Հաջողությամբ զարգացել է մանկ․ թոքային վիրաբուժությունը (Ա. Վանյան) և տուբերկուլոզով հիվանդների վիրաբուժությունը (Է. Կարապետյան)։

Թոքերի և միջնորմի ախտաբանությամբ հիվանդների վիրաբուժ. օգնությունը հաջողությամբ իրականացվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի, «Արմենիա» ՀԲԿ-ի, «Էրեբունի» ԲԿ-ի, Վիրաբուժության ինստ-ի, Ուռուցքաբանության գիտական կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքներում։

Կատարելագործվել է թոքի քաղցկեղի վիրահատ․ բուժումը՝ կիրառելով բրոնխների և շնչափողի պլաստիկ ու վերականգնող․ միջամտություններ։ Մշակվել են թոքահատումից (պնևմոէկտոմիա) հետո առաջացած բրոնխակրծքամզային խուղակի բուժման սկզբունքները։ Լայնորեն կիրառվում է կրծքահատումը (թորակոտոմիա)՝ որպես կրծքամզի՝ խուղակի հետևանքով առաջացած թարախակալման բուժման հուսալի եղանակ, որի շնորհիվ շեշտակի նվազել է մահացությունը։ Խուղակի փակման համար վերջին 2 տասնամյակի ընթացքում կիրառվել են միայն տրանսստերնալ-տրանսպերիկարդիալ և կոնտրլատերալ եղանակները։

Ռեանիմատոլոգիայի զարգացումը հանրապետությունում հանգեցրել է տևական արհեստ․ շնչառության դեպքում շնչափողի հետինկուբացիոն նեղացմամբ հիվանդների քանակի կտրուկ ավելացման։ Ուսումնասիրվել են վերջինիս պատճառագիտությունը, ախտածնությունը, կանխարգելման և բուժման հարցերը։

Շնչափողի նեղացման վիրահատ․ բուժման համար ներդրվել է շնչափողի մասնահատումը, որը հաջողությամբ կիրառվել է նաև շնչափողի նորագոյացությունների բուժման դեպքում։ Ուսումնասիրվել է թոքալայնանքով (էմֆիզեմա) տառապող հիվանդների վիրահատ. բուժման խնդիրը, ներդրվել է թոքերի ծավալը կրճատող վիրահատություն։ Մշակվել և ներդրվել է հարկրծոսկրային կենսազննման եղանակը, որը բարելավել է միջնորմի նորագոյացությունների հյուսվածաբան. ախտորոշման հնարավորությունները։ Ներդրվել է կրծքադիտ. (թորակոսկոպիկ) վիրաբուժությունը։

Կերակրափողի վիրաբուժություն։ 1950-ական թթ-ին Վ. Մալխասյանը հանրապետությունում առաջինն է կատարել կերակրափողի այրվածքային նեղացումների (ստրիկտուրա) ժամանակ բարակ աղիքից արհեստ․ կերակրափողի ձևավորման վիրահատություն։ Հետագայում Վ Ափոյանը կատարել է կերակրափողի այրվածքների ժամանակ հաստ աղիքից կերակրափողի հետկրծոսկրային պլաստիկայի և կերակրափողի քաղցկեղային ախտահարման ժամանակ վերջինս ստամոքսով փոխարինելու վիրահատություններ։ Աղիք․ փոխպատվաստանյութով կերակրափողի պլաստիկան հաջողությամբ է կատարել նաև Զ. Տեր-Ավետիքյանը։ Ա. Սահակյանի, Գ. Համբարձումյանի գլխավորած կլինիկաներում կազմակերպվում է կերակրափողի տարբեր հիվանդություններով հիվանդների օգնություն։ Ստամոքսամուտքի նեղացման վիրաբուժ. բուժումից բացի՝ «Արմենիա» ՀԲԿ-ում մշակվել է ստամոքսամուտքի լայնացման պահպանող․ բուժման եղանակ (Վ. Ափոյան, Լ. Գևորգյան, Ս. Ստեփանյան)։

Որովայնային վիրաբուժության բնագավառում ուսումնասիրվել են լեղուղիների բորբոքային հիվանդությունները (Ա. Խաչատրյան), «Ջերմուկ» հանք․ ջրի ազդեցությունը ստամոքսի մասնահատումից հետո առաջացող խանգարումների ժամանակ (Ռ. Բալայան)։

Առաջին անգամ վիրահատության փորձ է արվել ենթաստամոքսային գեղձի ուռուցքների, մասնավորապես ինսուլոմայի դեպքում (Վ. Ափոյան, Ա. Նալբանդյան)։

Կլինիկայում, առաջին անգամ հանրապետությունում, դրունքային (պորտալ) հիպերտենզիայի ժամանակ կատարվել են վիրահատություններ՝ միջընդերային երակի և ստորին սիներակի միջև բերանակցում, ակշաերակային բերանակցում՝ պարանոցի վրա, պերիտոնեո-որովայնամզալծերակային շունտավորում, ստամոքսի դևասկուլարացում (Վ. Ափոյան, Տ. Բոխյան)։

Ուսումնասիրվել են ստամոքսաելքի պահպանմամբ մասնահատումների կիրառման հնարավորությունները ստամոքսի խոցային հիվանդության բուժման ժամանակ (Վ. Ափոյան, Ս. Ստեփանյան)։ Առաջարկվել և գործն․ առողջապահ-յան ոլորտում ներդրվել են էխինոկոկոզի հակահելմինթային բուժման սկզբունքներ (Վ. Ափոյան, Դ. Սարգսյան)։

Ուսումնասիրվել և գործնականում կիրառվել է ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցերից արյունահոսությունների դադարեցման ընդերադիտ. եղանակը (Վ. Ափոյան, Ս. Հովհաննիսյան, Ս. Պողոսյան, Գ. Չալթիկյան), որի շնորհիվ հետազոտվել են լյարդի էխինոկոկոզի վիրահատ․ բուժման հնարավորությունները (Ա. Մելիքյան, Ս. Հովհաննիսյան)։ Աշխատանքներ են կատարվել ստամոքսաելքի նեղացման բուժման եղանակների որոնման ուղղությամբ (Վ. Մալխասյան, Վ. Ափոյան, Զ. Տեր-Ավետիքյան, Ա. Սահակյան)։

ՀՀ-ում առաջին անգամ կատարվել է դռներակասիներակային շունտավորում՝ վերին միջընդերային երակի և ստորին սիներակի բերանակցում՝ ներքին լծային երակի փոխպատվաստով (Վ. Ափոյան, Տ. Բոխյան)։

Հետազոտություններ են կատարվել կպումային աղիք․ սուր անանցանելիությունների դեպքերում ընդերադիտման և հակակպումային միջոցների կիրառման հնարավորությունները բացահայտելու համար (Ս. Ստեփանյան, Վ. Ափոյան)։