Այս էջը հաստատված է

կիրառվում են ՏՈՒՌ-ի, օպտիկ․ միզուկահատման (ուրեթրոտոմիա) եղանակները, միզուկաերիկամադիտման (ուրեթրոռենոսկոպիա) նպատակով երիկամների վրա ներմաշկային ճանապարհով (պերկուտան) կատարվել են առաջին փորձերը, որով հիմք է դրվել հայկական ուրոլոգ․ հանրության ինտեգրմանը եվրոպ. և ամերիկյան ուրոլոգ․ ընկերակցություններին։ Ի. Աղաջանյանի ջանքերով 1989-ին քաղաքային № 1 կլինիկ․ հիվանդանոցում գերմ. նորագույն սարքավորումներով ստեղծվել է Հեռակառավարման լիթոտրիպսիայի հանրապետական կենտրոնը (տնօրեն՝ Ա. Բաղդասարյան), որտեղ լայնորեն կիրառվում է միզաքարային հիվանդության բուժման հեռահար և կոնտակտային լիթոտրիպսիայի եղանակը։

1983-2003-ին ԵԲԻ-ի ուրոլոգիայի ամբիոնը և «Արմենիա» ՀԲԿ-ի ամենամեծ ուրոլոգ․ կլինիկան ղեկավարել է Յու. Զոհրաբյանը։ Այդ տարիներին 2 ամբիոններում և լիազոր-ներկայացուցչությունում ուսանել ու մասնագիտական որակավորում է ստացել շուրջ 40 ուրոլոգ։

2003-ին ԵՊԲՀ ուրոլոգիայի ամբիոնը վերակազմավորվել է (վարիչ՝ Ա. Մուրադյան), որտեղ, լայնածավալ բուժ․ աշխատանքներից բացի, կատարվում են նաև արդի պահանջներին համապատասխանող գիտական աշխատանքներ։ Ամբիոնում ստեղծվել են հայերեն առաջին 9 մեթոդ․ ձեռնարկները՝ ուսանողների և լիազոր-ներկայացուցիչների համար։ Ամբիոնում Ա. Ավոյանի, Ռ. Հովհաննիսյանի («Արաբկիր» ՀԲԿ-ի մեծերի ուրոլոգիայի ծառայության ղեկավար), Ա. Գրաբսկու («Սուրբ Ներսես Մեծ» ԳԲԿ-ի ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար), Մ. Սահակյանի, Ա. Զոհրաբյանի, Հ. Շիրիկչյանի և Գ. Երզնկյանի ղեկավարությամբ սովորել են 2 հազար ուսանող և 22 լիազոր-ներկայացուցիչ (2011)։

Ներկայումս ՀՀ-ում ուրոլոգիայի ոլորտում կատարվում են գիտատեխ. հեղաբեկումներ, կլինիկաներում ներդրվում են ախտորոշման նորագույն՝ անդրաձայնային, ռադիոիզոտոպային, համակարգչային ու միջուկամագնիսառեզոնանսային շերտագրության, հետազոտման ընդերադիտ. և այլ եղանակներ։ Կիրառվում են ընդերադիտ., հեռահար և կոնտակտային լիթոտրիպսիայի, միզասեռ. օրգանների ուռուցքների ճառագայթային, քիմիաբուժ. նորագույն եղանակներ։


Քիթկոկորդականջաբանություն

Քիթկոկորդականջաբանության զարգացումը Հայաստանում սկսվել է 1939-ին՝ ԵԲԻ-ում Հ. Հարությունովի, 1961-ին ԲԿԻ-ում (այժմ՝ ԱԱԻ) Ն. Նաջարյանի նախաձեռնությամբ համապատասխան ամբիոնների հիմնադրմամբ։ Սկզբն. շրջանում ուսումնասիրվել են թույլ լսողության ու խլության, անգինայի ու քրոնիկ․ նշիկաբորբի և քիթկոկորդականջի այլ հիվանդությունների պատճառագիտության, կլինիկայի ու բուժման հարցերը։ Ն. Նաջարյանի ղեկավարությամբ զբաղվել են ականջի ֆիզիոլոգիայի և ախտաբանության, լսող․ հաշմանդամության հարցերով, մշակել բուժման եղանակներ։ Ուսումնասիրվել է նախադպրոց. և դպրոց, տարիքի երեխաների լսողության վիճակը (Վ. Մանուկյան), պարզվել են թույլ լսողության տարածվածության աստիճանը, ձայնային վերլուծիչի ախտաբան․ փոփոխություններն ու ձևերը։ 1957-ից հանրապետությունում կատարվում են լսողությունը լավացնող վիրահատություններ՝ թմբկաթաղանթապատվաստում (տիմպանոպլաստիկա), միջին ականջի ասպանդակի հեռացում (ստապեդէկտոմիա) և ասպանդակի փոխպատվաստում (ստապեդոպլաստիկա, Կ. Շուքուրյան, Ի. Ազիզյան)։

Ստացվել են ներարգանդային ականջածին (օտոգեն) բարդությունների կլինիկայի, սուր և քրոնիկ․ թարախային ականջաբորբի վիրահատ․ ու պահպանող. բուժման նոր տվյալներ (Կ. Շուքուրյան, Գ. Ասլանյան, Բ. Դունայվիցեր, Մ. Ավագյան, Ռ. Խանամիրյան)։

Աշխատանքներ են կատարվել խխունջային նյարդաբորբերի պատճառագիտության, ախտածնության, բուժման ու տարբերակիչ ախտորոշման ուղղությամբ։ Պարզվել են մի շարք թունավոր պատրաստուկների բացաս. ազդեցությունը լսողության օրգանի վրա։ Կատարվել են օտոսկլերոզի դասակարգման որոշ ուղղումներ։

1957-ին մշակվել է հայերեն խոսքային լսաչափության (աուդիոմետրիա) եղանակը, կազմվել են բառային արտասան. աղյուսակներ։ Պարզվել է անոթահյուսվածքային թափանցելիության խանգարումների կարևոր դերը նշիկաբորբի ախտածնության հարցում (Կ. Շուքուրյան, Գ. Բաբայան)։ Առաջարկվել են մի շարք կլինիկաֆունկցիոնալ թեստեր՝ ներնշագեղձային ֆլոտրեսցեինային փորձարկում, նշագեղձի ներծծող հատկության ռադիոիզոտոպային հետազոտում, քրոնիկ․ նշիկաբորբի պահպանող․ բուժման եղանակներ։ Ուսումնասիրվել են քրոնիկ․ նշիկաբորբի և դրա հետ կապված հիվանդությունների (ռևմատիզմ, երիկամաբորբ, թոքաբորբ) ժամանակ նշագեղձերի հյուսվածքների ախտաբանահյուսվածքիմիական առանձնահատկությունները։ Հետազոտություններ են կատարվել արյան հիվանդությունների ժամանակ քիթկոկորդականջի, հատկապես ըմպանային ավշային օղակի վիճակը պարզելու ուղղությամբ, որի հիման վրա տարբերակիչ ախտորոշման նպատակով առաջարկվել է նշագեղձի ընդծակում (Ի. Ազիզյան)։ Ուսումնասիրվել են նշագեղձերի հեռացման արդյունավետության հարցերը սուր երիկամաբորբի, սրտի արատների ծանր ձևերի, սրտամկանի ինֆարկտի դեպքերում։ Հետազոտվել են օրգանիզմի ջերմակարգավորման (Ն. Նաջարյան, Ռ.