Այս էջը հաստատված է

դոցենտ․ դասընթացը ղեկավարել են Թ. Բաբայանը (1950-64) և Ե. Ստամբոլցյանը (1964-66)։

1963-ին ԲԿԻ-ում հիմնադրվել է ֆթիզիատրիայի ամբիոն (վարիչներ՝ Թ. Բաբայան, Ա. Կայծակով, Ե. Ստամբոլցյան և ուր․)։

1967-ին տուբերկուլոզի ամբիոն է բացվել ԵԲԻ-ում՝ Գ. Կարապետյանի նախաձեռնությամբ, որը մեծ ավանդ ունի մասնավորապես մեծահասակների ԲՑԺ (հակատուբերկուլոզային վակցինա) պատվաստման բնագավառում։ 1972-93-ին ամբիոնի վարիչ Է. Կարապետյանի ջանքերով ընդլայնվել են կրծքավանդակի վիրաբուժ. միջամտությունների սահմանները (թոքի մասնահատում կամ հեռացում, թոքամզի վիրահատություններ)։

1992-ին Տուբերկուլոզի կենտր․ ԳՀԻ-ում (Մոսկվա) Մ. Սաֆարյանը «Տուբերկուլոզի ընթացքի փոխկապվածությունը ճարպային ու սպիտակուցային փոխանակության հետ և դրա շտկման կլինիկ․ արդյունավետությունը համալիր քիմիաբուժության ընթացքում» թեմայով պաշտպանել է դոկտոր․ ատենախոսություն։ 1994-ից ԵՊԲՀ ֆթիզիոպուլմոնոլոգիայի ամբիոնում (վարիչ՝ Մ. Սաֆարյան) հետազոտվում են տուբերկուլոզի ախտածագման հիմնախնդիրներն ազգաբնակչության խոցելի խմբերում (նաև ՄԻԱՎ-վարակակիրների շրջանում), հիվանդության տարածվածությունը, համաճարակաբանությունը, բուժման արդյունավետությունը, հարուցիչի դեղակայուն ձևերը։ Ուսումնասիրվել են տուբերկուլոզի բուժման արդյունավետությունը դեռահասների շրջանում՝ ճարպերի գերօքսիդացման վիճակի և շտկման տեսանկյունից (Մ. Սարգսյան), թոքերի ինֆիլտրատիվ տուբերկուլոզի զարգացումն ու կլինիկ․ ընթացքը HLA - տարբեր գենոտիպով հայերի շրջանում (Լ. Նիկոլայան), թոքերի տուբերկուլոզի ընթացքի յուրահատկություններն ածխաջրատային փոխանակության սահմանային խանգարումներով հիվանդների շրջանում (Ն. Բեգլարյան)։ Կատարվել են նաև կանանց սեռ. օրգանների տուբերկուլոզի ախտորոշման և բուժման աշխատանքներ (Օ. Սոցկայա)։

1995-ին ՀՀ 6 փորձարար․ շրջաններում ներդրվել է ԱՀԿ-ի մշակած հակատուբերկուլոզային պայքարի ռազմավարությունը (DOTS ծրագիր)։ 2002-ին ՀՀ Կառավարությունն ընդունել է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը», որի բարձր արդյունավետությունը ներկայացվել է տարբեր տարիքային խմբերում կատարված հետազոտություններով և ատենախոսություններով (Գ. Մինասյան, Ա. Գևորգյան)։

Ներկայումս «Տուբերկուլոզի, ՁԻԱՀ-ի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի» շրջանակներում ՀՀ-ում իրականացվում է տուբերկուլոզի հարուցիչի դեղակայուն ձևերով հիվանդների բուժումը 2-րդ շարքի հակատուբերկուլոզային դեղամիջոցներով։

Մարիա Սաֆարյան
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում գյուղատնտեսական գիտությունների սաղմերն առաջացել են վաղ անցյալում, երբ մարդը դիտողականությամբ ձեռք բերած փորձառությունը (սերմեր ծլեցնելը, որսած կենդանու ձագերին ընտելացնելը և այլն) օգտագործել է բույսերի մշակման և կենդանիների ընտելացման համար։ Այդ գիտելիքները, ինչպես նաև բնաշխարհիկ բույսերի և կենդանիների նկարագրությունները, գյուղատնտեսության առանձին ճյուղերի զարգացման մասին տեղեկություններն աստիճանաբար ընդգրկվել են պատմաաշխարհագր. ու եկեղեցափիլ. աշխատություններում (Բարսեղ Կեսարացի, Ղազար Փարպեցի, Մովսես Խորենացի, Գրիգոր Մագիստրոս և ուրիշներ)։ Այդ շրջանում արդեն կուտակված էր այգեպտղաբուծությանը, տեխ. և հացահատիկային բույսերի մշակությանը, անասնապահության որոշ ճյուղերին վերաբերող փորձնական հարուստ նյութ։

XII դ-ի 2-րդ կեսին ժողովրդին հասկանալի աշխարհիկ հայ-ով արաբ․ տարբերակից թարգմանվել է հուն. «Գեոպոնիկա» (հայերեն՝ «Գիրք վաստակոց», հրտ.՝ Վնտ., 1877) հանրագիտական բնույթի տեղեկատուն, որտեղ ընդգրկված են հողագիտության, բուսաբուծության, այգեգործության, բանջարաբուծության, անասնապահության առանձին ճյուղերի վերաբերող բազմաթիվ հարցեր, բույսերի հիվանդությունների և վնասատուների նկարագրություններ, դրանց դեմ պայքարի ձևեր։ 1850-ին Թիֆլիսում հիմնադրված Կովկասյան գյուղատնտեսական ընկերությունն ուսումնասիրել է Արևելյան Հայաստանի գյուղատնտեսության խնդիրները, իսկ Կ. Պոլսում Տուրինի երկրագործ․ ակադ-ի թղթ. անդամ Գրիգոր Աղաթոնը հիմնադրել է Երկրագործ․ ընկերությունը։

XIX դ-ի 2-րդ կեսից երկրագործության, անասնաբուծության և նրա առանձին ճյուղերի տնտեսվարման (Նազարեթ Տաղավարյան), շերամապահության (Գրիգոր Թորգոմյան), խոզաբուծության (Մկրտիչ Ավետիսյան) վերաբերող տարբեր հարցեր լուսաբանվել են «Բազմավեպ», «Գիտական շարժում», «Գյուղատնտես», «Մշակ», «Մուրճ» և այլ հանդեսներում ու թերթերում։

XIX դ-ի վերջին հետազոտվել և նկարագրվել են Կովկասում տարածված գյուղատնտեսական կենդանիների ցեղերը, Այսրկովկասում կազմակերպվել է կաթնատնտեսության գործը (Ալեքսանդր Քալանթարյան) և այլն։

Հայաստանում գյուղատնտեսական գիտությունը նկատելիորեն զարգացել է հատկապես խորհրդային կարգերի հաստատումից հետո, երբ ստեղծվել են բուհեր, ԳՀԻ-ներ և փորձակայաններ։