Այս էջը հաստատված է

գոգահովտի 1250-1700 մ բարձր-ներում. ընդգրկում են Կարմրաշենի, Թալինի, Շամիրամի, Եղվարդի, Կոտայքի սարավանդները և դրանց հարող լանջերը, ինչպես նաև Արփա և Որոտան գետերի միջին հոսանքի ավազանները։ Զբաղեցնում են ՀՀ տարածքի 11,2 %-ը։ Այս հողերի զգալի մասը քարքարոտ է և էրոզացված։ Դրանց միայն 26 %-ն է օգտագործվում որպես բարձրարժեք հողատեսքեր։

Կիսաանապատային գորշ հողերն զբաղեցնում են Կարմրաշենի ու Եղվարդի սարավանդների ցածրադիր հարթությունների, Երանոսի և Ուրծի լեռնաշղթաների ստորին ճյուղավորությունների 800-1250 մ բարձր. տարածքները։ Ունեն հիմնականում սակավ հզորություն, առանձնանում են ագրոարտադրական անբավարար հատկություններով։ Հողբարելավման միջոցառումների կիրառման և ոռոգման պայմաններում դրանք պիտանի են արժեքավոր բույսերի (խաղող, դեղձենի, ծիրանենի և այլն) մշակության համար։

Մարգագետնային գորշ ոռոգելի հողերն զբաղեցնում են Արաքս գետի, Արմավիրի, Ներքին Հրազդանի և Արտաշատի ջրանցքների միջակա Արարատյան դաշտի մինչև 900 մ բարձր. տարածքը՝ շուրջ 61 հազար հա։ Բերրի են, ճիշտ մշակման դեպքում տալիս են բարձր բերք։

Հնահիդրոմորֆ ալկալիական հողերնառաջացել են Երևան քաղաքից հարավ-արլ. ընկած տարածքում՝ 850-1400 մ բարձր-ներում։ Ունեն սակավ հզորություն, 33 %-ն էրոզացված է, մեծ մասը՝ ոչ բարելավված. գյուղատնտեսական նպատակներով հիմնականում անօգտագործելի են։

Գետադարավանդային հողերն զբաղեցնում են Դեբեդ, Աղստև, Գետիկ, Փամբակ, Մասրիկ, Վարդենիս, Գավառագետ, Մարմարիկ, Հրազդան, Արփա, Որոտան և այլ գետերի ցածրադիր դարավանդները, ինչպես նաև Սևանա լճի մերձափնյա թեք հարթությունները։

Ճահճամարգագետնային հողերնզբաղեցնում են Մասրիկ, Ախուրյան, Ձկնագետ, Մեծամոր գետերի ցածրադիր դարավանդները։

Աղուտալկալիական հողերն առաջանում են Արարատյան դաշտում՝ ստորգետնյա ջրերի բարձր մակարդակի (1-2 մ) պայմաններում։

1991-ին հողերի սեփականաշնորհումից հետո գյուղատնտեսության մեջ օգտագործվող հողածածկույթի (1334,8 հազար հա) զգալի մասը չի օգտագործվում։ 2011-ին ՀՀ նախագահի հանձնարարությամբ դրվել է բոլոր մշակովի հողերը գյուղատնտեսական արտադրության մեջ ընդգրկելու խնդիրը։

ՖԻԶԿԱԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ

Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագր. շրջանացման սխեմաների հանդիպում ենք դեռևս վաղ միջնադարի հայ պատմիչների աշխատություններում, որտեղ «աշխարհները» և «գավառները» առանձնացվել են լեռնաշխարհի լեռնագր. առանձնահատկությունների հիման վրա։ XIX դ-ի վերջին և XX դ-ի սկզբին մշակվել են Հայկական լ-աշխարհի բնության առանձին տարրերի՝ ռելիեֆի, կլիմայի, հողերի, բուսականության շրջանացման բազմաթիվ սխեմաներ։

Ներկայումս բնական պայմանների ներքին միասնության և ինքնատիպության հիմքով ՀՀ-ում առանձնացվում է ֆիզիկաաշխարհագր. 7 շրջան՝ Արարատյան, Զանգեզուրի, Լոռու, Շիրակի, Սևանի ավազանի, Վայքի, Տավուշի։

Արարատյան ֆիզիկաաշխարհագրական շրջան

Արարատյան ֆիզիկաաշխարհագր. շրջանն ընդգրկում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերը։ Հս-ում եզրավորված է Արագած լեռնազանգվածով, Փամբակի և Ծաղկունյաց լ-շղթաներով, արլ-ում՝ Գեղամա լ-վահանով ու դրա հվ. շարունակության՝ Երանոսի և Ուրծի, հարավում՝ Հայկական Պար լ-շղթաներով, Մեծ ու Փոքր Մասիսներով, արմ-ում՝ Կարսի սարահարթով։ Ռելիեֆի գլխ․ տարրը Արարատյան գոգավորությունն է, որը ձգվում է Ախուրյանի գետաբերանից մինչև Նախիջևանի դաշտ։ Գոգավորությունը եզրավորող լեռներն ամֆիթատրոնաձև