է Անասնաբուծության և անասնաբուժ. սան. փորձաքննության գիտական պրոբլեմային լաբորատորիան։
Գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդություններ։ 1920-ական թթ-ի վերջերից Բորիս Միխայլովի ղեկավարությամբ ուսումնասիրվել է խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտը։ 1923-ին Աբգար Իսահակյանը հանրապետությունում առաջինն է ախտորոշել կենդանիների բրուցելոզը։ Օլգա Տեր-Օվանեսովան առաջարկել է ոչխարների տուբերկուլոզի ախտորոշման նոր եղանակ, իսկ Վրույր Ղազարյանը և Վազգեն Հայրապետյանը մշակել են կենդանիների պաստերելոզի 2 տարբեր վակցինաներ։ Հարություն Բոյախչյանը, Գ. Ծատուրյանը, Վազգեն Հայրապետյանը, Ա. Խաչատրյանը, Ռաֆիկ Մարտիրոսյանը, Ա. Պողոսյանը մշակել են սիբիրախտի, խոզերի ժանտախտի, թռչունների կեղծ ժանտախտի, աուեսկի հիվանդության կանխման ու վերացման միջոցառումներ։ 1977-ին բացահայտվել է նախկինում անհայտ սիբիրախտի վակցինայի կենսունակ բացիլների արտազատումն իմունացված կենդանիների օրգանիզմներից։ Նույն թվականին Հայաստանում ախտորոշվել է (Սուրեն Գրիգորյան) ոչխարների տեղաճարակային վիժումը։ Հ. Բոյախչյանը և Ս. Գրիգորյանը մշակել են կենդանիների մի շարք վարակիչ հիվանդությունների համալիր և աերոզոլային եղանակներով իմունացման չափորոշիչները, իսկ 1984-ից ԽՍՀՄ-ում կիրառվել է խոշոր եղջերավորների սիբիրախտի աերոզոլային եղանակով իմունացումը։ 2000-08-ին Ս. Գրիգորյանը, Մարտիկ Հովհաննիսյանը և Սերգեյ Եղոյանն ստացել են պաստերելոզի և էմֆիզեմատոզային կարբունկուլի հարուցիչների տեղային շտամները, պատրաստել համապատասխան վակցինաներ և հակապաստերելոզային գերիմունային շիճուկը, Ա. Եղոյանը, Մարիամ Մարզպանը, Արթուր Մկրտչյանն առաջարկել են խոզերի դիզենտերիայի, վարակիչ էնտերոտոքսեմիայի և պաստերելոզի հարուցիչների աճեցման համար սննդ. նոր միջավայր։ Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոնի գիտնականները (Խ. Մարզպան և ուրիշներ) ուսումնասիրել են հանրապետությունում տարածված խոզերի աֆրիկյան ժանտախտի հարուցչի տարատեսակները, պարզել դրանց հակածինային հատկությունները և վարակի համաճարակաբանությունը։
Ճիճվաբանություն և մակաբուծաբանություն։ 1924-27-ին Ն. Պոպովը և Ն. Քալանթարյանն ուսումնասիրել են հանրապետության ընտանի կենդանիների և վայրի կրծողների հելմինթֆաունան։ Էդուարդ Դավթյանը նկարագրել է հորթերի նեոասկարիդոզի հարուցիչը, թոքային ճիճուների 10 տեսակ, ֆասցիոլոզը և այլն։
1994-2011-ին Հովհաննես Նաղաշյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել են Երևանի կենդբ. այգու բոլոր կենդանիների՝ ինվազիոն, թռչունների կնեմիցոկոպտոզ հիվանդությունները, մշակվել կանխարգելիչ միջոցներ։
Գյուղատնտեսական կենդանիների ոչ վարակիչ հիվանդությունների և թերապիայի հարցերով (սիրտանոթ. համակարգի, ստամոքսաղիք. և շնչառ. ուղիների, նյութափոխանակության հիվանդությունների, կերային թունավորումների), բուժկանխարգելիչ միջոցների մշակմամբ զբաղվել են Պարույր Հովհաննիսյանը, Հրանտ Աղաջանյանը, Խաչիկ Ազարյանը և ուրիշներ։ Ուսումնասիրվել են խոշոր եղջերավոր կենդանիների մարսող. և շնչառ. համակարգերի ախտաբանության խնդիրները (Ալբերտ Մանասյան), ստացվել անասնաբուժության ոլորտում օգտագործվող կենսապատրաստուկներ և այլն։
Ծննդագիտություն և արհեստական սերմնավորում։ Ուսումնասիրվել են կենդանիների հղիության, անպտղության հիմն․ պատճառների, սերմնահեղուկի մանրէային աղտոտվածության, սերմնահեղուկի նոսրացման, պահպանման, տեղափոխման, կաթնագեղձի հիվանդության և այլ հարցեր (Ալեքսանդր Մանասյան, Ա. Մանվելյան, Գրիշա Գրիգորյան և ուրիշներ)։
Վիրաբուժության բնագավառում ուսումնասիրվել են վիրաբուժ. ախտաբան, շարժընթացների և կոտրվածքների հարցերը, անասնապահ․ շրջաններում լայնորեն կիրառվել են Սամվել Մելիքսեթյանի ստեղծած նախաստամոքսների վնասվածքների կանխարգելման ու բուժման սարքերի համալիրը (մագնիս, զոնդ, օղակ և մետաղացուցիչ), Արամայիս Բայբուրթյանցի և Բաբկեն Մկրտչյանի առաջարկած ամորձատման եղանակը և այլն։ Ուսումնասիրվել են թարախային վերքերը, այրվածքները, կճղակների հիվանդությունները, մշակվել դրանց բուժման նոր մեթոդներ (Ա. Վարդանյան)։
Գյուղատնտեսական կենդանիների անատոմիայի և հյուսվածքաբանության խնդիրներով զբաղվել են Սեմյոն Սմիրենսկին, Պավել Հարությունյանը, Է. Խոյեցյանը, Ս. Չիթչյանը, Եվգենի Կադիլովը, Ա. Հովսեփյանը, Արշավիր Մեժլումյանը և ուրիշներ։
Գյուղատնտեսական կենդանիների ֆիզիոլոգիա։ Ուսումնասիրվել են ստամոքսահյութի հատկությունները, արյան կենսաքիմիական փոփոխությունները, պարզվել են կենդանիների ստամոքսահյութի բուժիչ և կենսախթանիչ հատկությունները (Հ. Ստեփանյան)։
Կենսաքիմիա։ Հետազոտվել են ամինասպիրտների կենսբ. դերի և հատկությունների առանձին կողմեր, սինթեզվել էթանոլամինի մի շարք ածանցյալներ (Գուրգեն Քամալյան)։
Ախտաբանական ֆիզիոլոգիա և ախտաբանական անատոմիա։ Ուսումնասիրվել են օրգանիզմի վրա ցավի առաջացրած հետևանքների վերացման, ճառագայթային ախտահարման պայմաններում օրգանիզմի կենսագործունեության կարևորագույն ցուցանիշները, միկրոտարրերի ազդեցությունը կենդանիների արյան պատկերի, օրգանիզմի իմունաբան. և ալերգ. հակազդեցությունների, կենսաքիմիական ֆերմենտային համակարգերի վրա և այլ հարցեր (Մարգարիտա Գրիգորյան, Ա. Բրուտյան), կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների ժամանակ կենտրոնական նյարդ․ համակարգի ախտաբան․ ձևաբանության խնդիրները (Տիգրան Մովսիսյան, Էմմա Թուխիկյան)։