Այս էջը հաստատված է

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՏԵԽՆԻԿԱ

1920-ական թթ-ին Հայաստանում սկսված էներգետիկայի բնագավառի ԳՀ աշխատանքներն ու տեխ. մշակումները (Ի. Եղիագարով, Հ. Մելիք-Փաշայան, Հ. Տեր-Աստվածատրյան) մինչև 1960-ական թթ. ընդգրկում էին Սևանա լճի և առավել ջրառատ գետերի ջրային պաշարների համալիր օգտագործման հարցերը, իսկ 1960-ական թթ-ից՝ էլեկտրա- և ջերմաէներգետիկայի, ատոմային էներգետիկայի և մասամբ էներգիայի ոչ ավանդ․ աղբյուրների (արեգակնային, երկրաջերմային, քամու) օգտագործման հիմնախնդիրները։ 1990-ական թթ-ին միջազգային հանրության որդեգրած էներգետիկայի կայուն զարգացման քաղաքականությանը համապատասխան՝ 2004-ին ընդունվել է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքը, որն զգալիորեն նպաստել է էներգախնայողության, էներգիայի վերականգնվող աղբյուրների, կլիմայի փոփոխման և բնապահպան. ոլորտներում գիտատեխ. մշակումների զարգացմանը։


Էլեկտրաէներգետիկա

Հայաստանում էլեկտրաէներգետիկայի զարգացման գիտական խնդիրները լուծվել են էներգետիկայի ԳՀԻ-ի, ԵՊԻ-ի (այժմ՝ ՀՊՃՀ) և էներգետիկայի բնագավառի մի շարք կազմակերպութունների միջոցով։ Մշակվել են էլեկտրահամակարգերի բարդ, անհամաչափ ռեժիմների տեսությունն ու հաշվարկման մեթոդները (Հ. Ադոնց, «Բազմաբևեռ», ռուս․, 1965), բարդ համակարգերի ռեժիմների հաշվարկման դեկոմպոզիցիոն մեթոդը (Վ. Խաչատրյան և ուրիշներ), էներգահամակարգերի էլեկտրամեխանիկական անցումային շարժընթացների հետազոտման մեթոդները։ Մշակվել են նաև հզորությունների մեծ պակասուրդի առաջացման դեպքում անցումային շարժընթացների հաշվարկման մեթոդներ, ստորգետնյա էլեկտրասարքավորումների ու ցանցերի, լեռն. էլեկտրակայանքների ռելեային պաշտպանության միջոցառումներ (Գրիգոր Գիմոյան, «Լեռնային էլեկտրակայանքների ռելեային պաշտպանություն», ռուս․, 1978), նաև բարձրլեռն. էլեկտրահաղորդման գծերի ու կառուցվածքների ամպրոպապարպման ու սառցապատման կանխման տեխ. միջոցառումներ։ Ստեղծվել ու ներդրվել են Սևան-Հրազդան կասկադի գեներատորներն առանց ջրի անվթար գործարկելու տեխնոլոգիաներ (Վ. Բուրգսդորֆ, Գ. Տեր-Ղազարյան, Բ. Տիմոֆեև, Գ. Բակունց, Գ. Տղեշելաշվիլի և ուրիշներ)։ Էլեկտրակայանների գեներատորեների շահագործման բնագավառում ստեղծվել է նոր ուղղություն, որը կրում է «Հիդրո. և տուրբոագրեգատների հատուկ ռեժիմ» անվանումը (Գ. Տեր-Ղազարյան և ուրիշներ)։

1990-ական թթ-ից էներգետիկայի ԳՀԻ-ում մշակվել են էլեկտրացանցերում հոսքաբաշխման և էլեկտրաէներգիայի կորուստների որոշման ու էլեկտրահաշվեկշիռների կազմման նոր մեթոդներ և համակարգչային ծրագրեր (Վ. Սահակով, Լ. Եղիազարյան, Վ. Սաֆարյան), կատարվել են էներգետիկայի երկարաժամկետ զարգացման կանխատեսումներ։ Մշակվել է «ՀՀ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի» ազգային ծրագիր։ Իրականացվել են էլեկտրաէներգետիկ. համակարգի ստատիկ և դինամիկ կայունության հետազոտություններ՝ համակարգի հեռանկարային զարգացման տարբեր սցենարների համար։


Ջրաէներգետիկա

Ճյուղի բուռն զարգացումը (1920-60) Հայաստանի բնակլիմ. պայմաններում կապված է եղել մի շարք բարդ և ուրույն տեխ. լուծումների հետ, որոնց իրագործմամբ 1926-ին շարք է մտել Երևանի ջրէկ-1-ը (ԽՍՀՄ-ում՝ առաջինը), 1932-ին՝ Երևանի ջրէկ-2-ը (ԽՍՀՄ-ում՝ առաջին ինքնաշխատ ջրէկը)։ Ձորագետի ջրէկի 2,6 կմ երկար․ ճնշումային ջրաթեք (դերիվացիոն) թունելը նույնպես առաջինն էր ԽՍՀՄ-ում, իսկ գետը դիմհարող ինքնաշխատ պատվարի կոնստրուկցիան