Այս էջը հաստատված է

այն տարիներին միակն էր աշխարհում։ Սևան-Հրազդան էներգետիկ․ ոռոգման կասկադի 6 ջրէկներից 2-ը՝ Սևանինը և Արզնիինը, ԽՍՀՄ-ում առաջին ստորգետնյա ջրէկներն էին։ Սևանի ստորգետնյա ջրէկի ջրատեխ. բարդ հանգուցի էներգիայի ճնշումային մարիչի և անճնշում կողմնատար թունելի տես. և մոդելային հետազոտությունների (Ա. Ճանիշվիլի, Ա. Տեր-Հովհաննիսյան) հիման վրա մշակվել ու կիրառվել են կառուցվածքների կոնստրուկտիվ նոր լուծումներ։ Կատարվել են նախագծվող ու կառուցվող ջրէկների ջրաբան․ մոդելային հետազոտություններ (Ի. Վ. Եղիազարով, «Հիդրոէլեկտրական ուժային տեղակայանքներ», ռուս․, հ. 1-3, 1934-37), նաև լեռն․ ջրհոսքերի էներգետիկ. կասկադավորման արդյունավետության մշակումներ։ Սևանա լճի մակարդակի իջեցումը կասեցնելու և ջրային պաշարները լրացնելու նպատակով արված հետազոտությունների հիման վրա (Ա. Անանյան և ուրիշներ) մշակվել է Արփա և Որոտան գետերի հոսքերի մի մասը Սևանա լիճ փոխադրելու տեխ. նախագիծը, և կառուցվել են 48,3 կմ երկարություն Արփա-Սևան (1981) ու 21 կմ երկարություն Որոտան-Արփա (2004) թունելները։

Հայաստանում ջրաէներգետիկայի զարգացումը խթանել է ջրաբանության բնագավառի ԳՀ աշխատանքները, որոնք սկզբնավորվել են 1940-ական թթ-ին ԵՊԻ ջրաբանության ամբիոնում և շարունակվել 1943-ին կազմակերպված ՀԽՍՀ ԳԱ-ի հիդրոէլէկտր. լաբորատորիայում, այնուհետև՝ Ջրային պրոբլեմների և ջրատեխնիկայի ինստ-ում։ Կատարվել են ոլորաններում, անցումային մասերում նեղացող և լայնացող խողովակներում հեղուկների շարժման օրինաչափությունների բացահայտման ուսումնասիրություններ (Ա. Անանյան, «Հեղուկի շարժումը ջրատարի ոլորանում», ռուս․, 1957)։ Ինստ-ում մշակվող կարևոր հիմնախնդիրներից են Սևանա լճի մակարդակի պահպանման, լիճ թափվող գետերի ջրերի շարժման և հունակազմության հարցերը (Մ. Վելիկանով և ուրիշներ)։ 1960-ական թթ-ին կատարվել են երկֆազ հեղուկների տես. և փորձարար. (Ա. Անանյան), Հայաստանում կառուցված հիդրոհանգույցների մոդելավորման և սելավային հոսքերի հետազոտություններ։

2000-ական թթ-ից երկրի էներգետիկ․ անկախության մակարդակի բարձրացման ուղիներից է ընդունված փոքր ու միջին հզորության ջրէկների զարգացումը։ Ներկայումս այդ հարցերով զբաղվում են հանրապետությունում գործող փոքր հիդրոէներգետիկայի հետազոտման, նախագծման և կառուցման մասնագիտացված մի շարք ընկերություններ։

Ջերմաէներգետիկա

Բնագավառի առաջին թերմոդինամիկ. հետազոտությունները կատարվել են ԵՊՀ-ում և ԵՊԻ-ում (Ա. Հակոբյան և ուրիշներ)։ Հետազոտվել են ջէկերի ռեժիմների լավարկան հարցեր, մշակվել արտադրվող էլեկտրա- և ջերմային էներգիաների միավորի համար վառելիքի տեսակարար ծախսի նվազեցման միջոցառումներ, վառելիքաէներգետիկ. պաշարների օգտագործման արդյունավետության գնահատման մեթոդ (Լ. Ղուլոյան)։ Էներգետիկայի ԳՀԻ ջերմաէներգետիկայի լաբորատորիայում (Դ. Արշակյան և ուրիշներ) հետազոտվել են ջերմաֆիկացման, կենտրոնացված ջերմամատակարարման, էլեկտր․ և այլ եռակի էներգամատակարարման համակարգերի զարգացման հարցեր։

ԵՊԻ-ում առաջարկվել են սառնասպառման տեսակարար չափաքանակների որոշման և սառնամատակարարման համակարգի հաշվարկի մեթոդներ, մշակվել են սառնա- ու ջերմասառնամատակարարման համակցված համակարգեր (Լ. Ղուլոյան, «Ջերմա. և սառնամատակարարումը տաք կլիմայի պայմաններում», ռուս․, 1973)։ Հետազոտվել է ջրի խորացող սակավության շրջաններում աշխատող ջէկի և ԱԷԿ-ի համար ցածր պոտենցիալ ունեցող լավագույն համալիրի ընտրության հարցը։ Խտացման (կոնդենսացում) հովացնող տեղակայանքների արդյունավետությունը բարձրացնելու և ջերմային թափոններն ագրոտեխնիկայում օգտագործելու նպատակով առաջարկվել են այդ տեղակայանքների վերակառուցման մեթոդներ, որոնք ներդրվել են Հրազդանի ՊՇԷԿ-ում։

ՀՀ-ում էներգետի․ ճգնաժամի տարիներին (1992-95) կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերի արտադրական ծավալները և ջերմամատակարարման աղբյուրների թիվը կրճատվել է մոտ 20 անգամ։ 1995-96-ին ֆրանս. ԲՍԵՕՄ ընկերության և էներգետիկայի ԳՀԻ-ի համատեղ հետազոտություններով բացահայտվել է Երևան և Մասիս քաղաքների ջերմամատակարարման համակարգերի շատ ցածր արդյունավետությունը (համապատասխանաբար՝ 50 և 57 %), որը ջերմային էներգիայի շուկայի ձևավորման պայմաններում կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերը դարձնում էր անմրցունակ։

ՀՀ Կառավարության «ՀՀ բնակավայրերի ջերմամատակարարման բնագավառի բարեփոխումների մասին» 2002-ի որոշմամբ հավանություն է տրվել 4 քաղաքների ջերմամատակարարման ռազմավար․ նախագծին։ Հետազոտվել են շուկայի ջերմամատակարարման տարբեր սխեմաների և տեխնոլոգիաների տնտեսական ու մրցակցային առանձնահատկութունները, բացահայտվել է, որ և՛ կենտրոնացված, և՛ ապակենտրոնացված (անհատ․ կամ խմբային) ջերմամատակարարման համակարգերը կարող են մրցունակ լինել ձևավորվող շուկայական միջավայրում։