Այս էջը հաստատված է

պարունակող կիսահաղորդչային բարակ թաղանթներ, դրանց հիման վրա ստեղծվել են սարքեր (Կ. Ղամբարյան, Ս. Պետրոսյան, Վ. Գևորգյան և ուր.)։ Հետազոտվել են կիսահաղորդչային սարքերում ցածրհաճախային աղմուկների սպեկտրի առանձնահատկությունները և դրանց կիրառության հնարավորությունները զգայունաչափության մեջ (Ֆ. Գասպարյան, Ս. Մելքոնյան, Զ. Մխիթարյան և ուր.)։

ՀՊՃՀ-ում մշակվել է ֆիզ․ նոր սկզբունքով աշխատող բազմանպատակային սպեկտրային վերլուծության փոքրաչափ սարք (ղեկ.՝ Ս. Խուդավերդյան)՝ նախատեսված կենսաօբյեկտներում, խմելու ջրում և օդում վնասակար նյութերի, թմրադեղերի, պայթուցիկ նյութերի դաշտային պայմաններում օպտիկ․ հեռաճանաչման համար։ Իրականացվել է փաթեթների կոմուտացմամբ կորպորատիվ-տեխնոլոգ. ցանցերի համակարգչային մոդելավորում, և դրա հիման վրա մշակվել ցանցերի հետազոտման և օպտիմալացման գործն․ եղանակներ։ Արդյունքները ներդրվել են «Հայռուսգազարդ» ձեռնարկությունում (ղեկ.՝ Վ. Առուստամյան)։

«Վիրաժ Լոջիկ Ինտերնեյշնլ» կորպորացիայի (ԱՄՆ, Կալիֆոռնիա) երևանյան մասնաճյուղում (հիմն.՝ 1999) մշակվել են ներկառուցված թեստավորման և վերականգնման միջոցներ (2010-ին կորպորացիան ներառվել է «Սինոփսիսի» կազմի մեջ)։

2000-ին ստեղծված «Վիասֆեր Տեխնոպարկ» ՓԲԸ-ի (կազմավորվել է «Տրանզիստոր» ԳԱՄ-ի, «Տրանզիստոր-Կերմետ» ՍՊԸ-ի և «Սին-Կրիստալ» ընկերությունների ու նախկին «Աշտարակ» գործարանի հիմքի վրա) գործունեության գերակա ուղղություններն են տեղեկատվ. տեխնոլոգիաները, միկրոէլեկտրոնիկան, ինտեգրալ սխեմաների նախագծումը։

2000-ին Հայաստանում մասնաճյուղեր են ստեղծել ԻՍ-ների նախագծման ամերիկյան առաջատար «Վիրաժ Լոջիկ», «Էյջ Փի Էլ», «Էյ Փի Ջի Լաբս», «Էյ Փի Ջի Տեքնոլոջիս» ընկերությունները։ Մասնավորապես «Լեդա Սիսթեմս»-ի, «Մոնթերեյ Արսեթ»-ի և «Էյջ Փի Էլ»-ի նկատելի հաջողությունները Հայաստանում նախապատրաստել են այդ բնագավառի համաշխ. առաջատար «Սինոփսիս» ընկերության մուտքը Հայաստան։

«Լեդա Սիսթեմս» ընկերությունը (ԱՄՆ, նախագահ՝ Վ. Մուրադյան) Երևանում ստեղծել է իր մասնաճյուղը (գլխավոր տնօրեն՝ Հ. Մուսայելյան), որը 2003-ին վերանվանվել է «Լեդա Դիզայն»-ի և կատարում է հիմն․ թվային ստանդարտ բջիջների և մուտքի-ելքի հանգույցների գրադարանների, թվային, անալոգային և անալոգաթվային «մտավոր սեփականության» հանգույցների, ինչպես նաև ամբողջական ԻՍ-ների մշակման աշխատանքներ։

2001-ին՝ ՀՊՃՀ-ի հետ կնքած համագործակցության պայմանագրով ինստ-ում հիմնադրվել է «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնը (վարիչ՝ Վ. Մելիքյան)։

2004-ին «Սինոփսիսը» Երևանում հիմնադրել է ճարտարագիտական նախագծման «Սինոփսիս Արմենիա» կազմակերպությունը (նախագահ՝ Ռ. Գոլդման, գլխավոր տնօրեն՝ Հ. Մուսայելյան)։ Այն հիմնականում մշակում և սպասարկում է 2 հիմն․ հենքերի՝ նախագծման Galaxy-ի և նախագծերի ստուգման Discovery-ի վրա հիմնված արտադրանքներ, որոնց հենքերը ԻՍ-ների նախագծման և ստուգման ծրագրային գործիքային միջոցների ամբողջական փաթեթ են։

«Սինոփսիսը» համագործակցում է ՀՊՃՀ-ի, ԵՊՀ-ի, Հայ-ռուս․ (Սլավոն.) համալսարանի ու Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստ-ի հետ և նրանց ապահովում իր ծրագրային գործիքներով ու տեխնոլոգիաներով։ Գիտական հետազոտություններ կատարվում են նաև ՀՊՃՀ-ի միջֆակուլտետային ամբիոնում, մասնավորապես՝ ցածր էներգասպառման և բարձր արագագործության ինտեգրալ սխեմաների նախագծման մեթոդների վերաբերյալ (Վ. Մելիքյան, ՀՀ նախագահի մրցանակ, 2010)։

Վազգեն Մելիքյան, Սուրեն Խուդավերդյան
ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԵՎ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Հայաստանում հաշվող․ տեխնիկայի և հաշվող․ համակարգերի բնագավառում գիտական հետազոտությունները և գիտ. մշակումներն սկսվել են 1950-ական թթ-ի կեսերից, երբ Հայաստանի կառավարության և ԳԱ-ի նախաձեռնությամբ հիմնադրվել է ԵՄՄԳՀԻ-ն, որի սկզբն. խնդիրը եղել է էլեկտրոնային հաշվող․ տեխնիկայի միջոցների ստեղծումը։ Ինստ-ը շուտով դարձել է ԽՍՀՄ-ում քաղաքաց. և պաշտպանող․ նշանակության հաշվող․ տեխնիկայի միջոցների ու կառավարման ավտոմատացված համակարգերի (ԿԱՀ) մշակման խոշորագույն կենտրոններից։ Հանրապետությունում ԵՄՄԳՀԻ-ն կատարել է համակարգող կենտրոնի դեր, որի կայացումն ու զարգացումը վճռականորեն անդրադարձել են նաև գիտության ու տեխնիկայի հարակից ուղղությունների զարգացման վրա՝ ԳԱ-ի, բուհերի և ճյուղային գիտության ու արտադրության համակարգերում։

1960-ական թթ-ի սկզբին ձևավորվել են ինստ-ի աշխատանքների հիմն․ ուղղությունները՝ փոքր ու միջին ԷՀՄ-ների, իսկ 1960-ական թթ-ի վերջին՝ հատուկ հաշվող. համալիրների ու հատուկ նշանակության ԿԱՀ-ի ստեղծումը։ Հիմն․ ուղղություններին զուգահեռ զարգացել են էլեկտրոնային ու կոնստրուկտոր․ նախագծման, ծրագրավորման ու թեստային ապահովման, նախագծման ավտոմատացման, էլեկտրասնուցման և հիշողության համակարգերի, տեխնոլոգ․ ապահովման և այլ ստորաբաժանումներ։

ԵՄՄԳՀԻ-ի ստեղծմանն ու կայացմանը մեծապես նպաստել են Վ. Համբարձումյանը, Ա. Իոսիֆյանը, տնօրեններ Ս. Մերգելյանը և Ֆ. Սարգսյանը։

ԷՀՄ-ների և սարքերի փորձն․ խմբաքանակների մշակման համար ԵՄՄԳՀԻ-ին կից ստեղծվել է փորձարար. գործարան, որը մինչև սարքերի զանգվածային արտադրությունն