Այս էջը հաստատված է
Ռադիոտեխնիկա

Ռադիոտեխ. սարքավորումների կիրառման և կատարելագործման աշխատանքները Հայաստանում սկսվել են մինչև Առաջին համաշխ. պատերազմը (1914-18)։ Երևանում, Կարսում և Ալեքսանդրապոլում կառուցվել են առաջին ռադիոհեռագրակայանները, որոնք 1914-ին սպասարկել են գործող բանակի մոտ 30 դաշտային ռադիոկայաններ։ 1919-ին Հայկական տեխ. ընկերությունը Երևանում կառուցել է 4 կՎտ հզորության նոր կայծային ռադիոհեռագրակայան, որի վերակառուցումից հետո (1921-22) հնարավոր է եղել հաղորդումներ ընդունել Մոսկվայից, Խարկովից, ինչպես նաև Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից և այլ երկրներից։ 1926-ին Երևանում տեղակայվել է Նիժեգորոդսկի լաբորատորիայում պատրաստված 1,5 կՎտ հզորության լամպային հաղորդիչներով ռադիոհաղորդման կայան, 1929-ին՝ 4 կՎտ հզորության նոր ռադիոկայան։ Վերջինիս հզորությունը Հայաստանի մասնագետների ուժերով հասցվել է 10 կՎտ-ի, հետագայում՝ 20 կՎտ-ի։ 1946-ին կառուցվել և շահագործման է հանձնվել կարճալիք նոր հաղորդիչ, որը հնարավորություն է ընձեռել կանոնավոր ռադիոհաղորդումներ հեռարձակել սփյուռքահայության համար։

Հայկական հեռուստատեսության զարգացման գործում զգալի ավանդ ունի Հովհաննես Ադամյանը, որն առաջինն է մշակել գունավոր պատկերների հաջորդական օպտիկամեխանիկական փռումով հաղորդման (արտոնագրվել է Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում 1907-08-ին) և լուսահեռագրության (արտոնագրվել է ԽՍՀՄ-ում 1920-ին) սկզբունքները։ 1925-ին Ադամյանը ցուցադրել է գունավոր պատկերների հաղորդումը, 1930-ին իրականացրել սև-սպիտակ պատկերների առաջին հաղորդումը Մոսկվայից Լենինգրադ։ 1951-53-ին ԱՄՆ-ում եթեր արձակված աշխարհում առաջին գունավոր հեռուստատեսային հաղորդումները հիմնված էին Ադամյանի սկզբունքի վրա։ Տատանող. համակարգի և իմպուլսային տեխնիկայի հարցերի հետ կապված ռադիոտեխնիկայի բնագավառի առաջին գիտական հետազոտությունները ՀԽՍՀ-ում սկսվել են 1921-ից՝ ԵՊՀ էլեկտրականության լաբորատորիայում՝ Հարություն Անժուրի (Չեբոտարյան) գլխավորությամբ։

Ռադիոտեխնիկայի կանոնավոր գիտական հետազոտություններն սկսվել են 1950-ական թթ-ին Բյուրականի աստղադիտարանում՝ Վ. Համբարձումյանի նախաձեռնությամբ։ 1950-ին հիմնադրվել է ռադիոաստղագիտության լաբորատորիա, իսկ 1958-ին՝ հետազոտման ռադիոֆիզիկական մեթոդների բաժին, որի հիման վրա 1960-ին Աշտարակում ստեղծվել է Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստ-ը (ՌՖԷԻ)։

Ռադիոտեխնիկայի բնագավառի՝ Բյուրականի աստղադիտարանում ծավալված աշխատանքներն ուղղված էին ռադիոդիտակների, մասնավորապես՝ անտենային համակարգերի և ռադիոչափիչների ստեղծմանը։ 1957-ին կառուցվել են 0,5, 1,5 և 4,2 մ ալիքի երկարության համաֆազ անտենաներով առաջին ռադիոդիտակները։ 1961-ին կառուցվել է 4500 մ² անտենային մակերեսով՝ ԽՍՀՄ-ում խոշորագույն ռադիոինտերֆերոմետրը։ Մշակվել են ազդանշանի բևեռացված բաղադրիչի անջատման մեթոդը (Էմիլ Միրզաբեկյան), մի շարք նոր գերբարձրհաճախային (ԳԲՀ) հանգույցներ, հաշվեկշիռ փոխակերպիչ, լայնաշերտ ֆազաչափ (Պարիս Հերունի) և այլն։ 1958-ին ստեղծվել է 50 սմ ալիքի երկարության փոխադրովի ռադիոդիտակ, որով կատարվել են Արեգակի խավարման ժամանակ ռադիոճառագայթման բևեռացումային դիտումներ ՉԺՀ-ում (Է. Միրզաբեկյան, Պ. Հերունի)։

ՌՖԷԻ-ում մշակվել են ԳԲՀ ազդանշանների կոռելյացիոն, փուլային և ամպլիտուդային բնութագրերի չափման մի շարք ռադիոչափիչներ ու հարմարանքներ։ Ստեղծվել են թողանցման լայնացված շերտով ԳԲՀ տիրույթի քվանտային ուժեղացուցիչներ՝ մազերներ, նաև զմրուխտի բյուրեղների հիմքով (Ա. Պրոխորով, Ռադիկ Մարտիրոսյան և ուրիշներ)։ Առաջին անգամ մշակվել են 4 մմ ալիքի երկարության պարամետր, ուժեղացուցիչներ (Կ. Մոսոյան և ուրիշներ)։ Մշակվել է պլազմայում արգելակային ճառագայթման տեսությունը, լուծվել են ոչ ստացիոնար և անհամասեռ էլեկտրոդինամիկ. համակարգերում ալիքների