սերիաների եռաֆազ համաժամ շարժիչները փոխարինվել են «Ինտերէլեկտրոյի» շրջանակներում մշակված ԱԻ սերիայի մինչև 550 Վտ հզորության, պտտման առանցքի 45, 50, 56 և 63 մմ բարձրության շարժիչներով։
ՈՒԿՀԳՀԻ-ի Երևանի մասնաճյուղի աշխատանքների հիմն․ ուղղություններն էին տիրիստոր. փոխակերպիչների, լյումինեսցենտային լուսակալների, փոքր հզորության էլեկտրաշարժիչների և կենցաղային տեխնիկայի համար փոքրաչափ կոնդենսատորների ստեղծումը, դրանց արտադրության համար հատուկ տեխնոլոգ․ սարքավորումների մշակումն ու ներդրումը, փոքրաչափ ուժային կոնդենսատորների արտադրության տեխնոլոգիայի կատարելագործումը։ Ռիգայի վակուումային պատվածքների հատուկ կոնստրուկտոր․ բյուրոյի հետ մշակվել և ներդրվել է 6-12 մկմ հաստության և 500 մմ լայնության կոնդենսատոր. դիէլեկտրիկների երկկողմ մետաղապատման եզակի սարք, որը մետաղաթաղանթային կոնդենսատորների արտադրության նորագույն տեխնոլոգիայի հիմքն էր։ ԵՊՀ-ի հետ հետազորտվել են ջերմաստիճանային և էլեկտր․ դաշտերի, կոնդենսատորի դիէլեկտրիկի ծակվելուց հետո էլամրության ինքնավերականգնման շարժընթացների, դիէլեկտրիկների երկկողմ մետաղապատման տեխնոլոգիայի հարցեր։
Կիսահաղորդչային տեխնիկայի ՀԿՏԲ-ում (ԿՏՀԿՏԲ) մշակել և թողարկել են էլեկտրաթերմիայի համար կիսահաղորդչային փոխակերպիչներ, 1970-ական թթ-ի վերջերից՝ ուժեղահոսք էլեկտրոնիկայի նոր տարրեր՝ ուժային սիլիցիումային տրանզիստորներ։ 1980-ին արտադրության է հանձնվել հայկական առաջին ՏԿ-40 ուժային տրանզիստորը։ Մշակվել և ներդրվել են 16-500 Ա հոսանքի և 50-1000 Վ լարման ուժային տրանզիստորներ (Ս. Շաբոյան, Գ. Դեմիրճյան և ուրիշներ)։
ՀՊՃՀ-ի էլեկտրամեքենաների և ապարատների ամբիոնում կատարվել են մագնիս․ կախոցով վերգետնյա արագընթաց տրանսպորտի համար գծային էլեկտրաշարժիչների և դրանց կառավարման ու սնման համակարգերի մշակման (Ա. Նազարյան և ուրիշներ), էլեկտր․ մեքենաների արատորոշման միջոցների ստեղծման (Ռ. Հակոբյան և ուրիշներ), անհամաժամացված համաժամ գեներատորների հետազոտման աշխատանքներ։ Հետազոտվել են էլեկտր․ մեքենաների տեսության հատուկ հարցեր (Արեշյան Գ. Լ․, «Փոփոխական հոսանքի էլեկտրական մեքենաների տեսության հատուկ հարցեր», ռուս․, 1999, «Ինդուկտիվ և ունակային տիպերի ընդհանրացված համաժամ մեքենաների դիֆերենցիալ հավասարումներ», ռուս․, 2004)։ Նոր տես. արդյունքներ են ստացվել ՀՊՃՀ-ում՝ դեռևս ԿԷԳՀԻ-ում սկսված էլեկտրամեխանիկական համակարգերի մաթեմատիկական մոդելավորման և նախագծման ավտոմատացման ոլորտում (Թերզյան Հ. Ա., «Ավտոմատացված նախագծման համակարգերի տեսություն», 1995, «Էլեկտրամեխանիկական համակարգերի մոդելավորման թվային մեթոդները և լուծումները», անգլ., 2009)։ Շարունակվել են նաև ԿԷԳՀԻ-ում սկսված հզոր համաժամ մեքենաների իմպուլսային գործարկման համակարգերի հետազոտությունները (Դավիդյան Ժ. Դ․, «Համաժամ հզոր մեքենաների իմպուլսային գործարկման համակարգեր», ռուս․, 2007)։ Գործն․ կարևորություն ունեն հանքաքարի մանրացման շարժընթացում էլեկտրաէներգիայի տնտեսման ուղիների մշակման հետազոտությունները (Բաղդասարյան Մ. Բ., «Հանքաքարի մանրացման տեխնոլոգիական գործընթացի էլեկտրասպառման արդյունավետության մեծացման մեթոդներ», 2005)։ Էլեկտրաապարատների ամբիոնում ուշագրավ զարգացումներ են արձանագրվել ինդուկցիոն տաքացման սկզբունքով աշխատող սարքերի նախագծման և էլեկտր․ ապարատների նոր տեսակների մշակման աշխատանքներով (Վ. Ալեքսեևսկի)։ Էլեկտրաբանեցման ամբիոնում ԳՀ և փորձակոնստրուկտոր. աշխատանքներ են կատարվել էլեկտրամոբիլի ատեղծման ուղղությամբ (Է. Դիլանյան և ուրիշներ)։
Մեխանիզմների և մեքենաների տեսության (ՄՄՏ) ոլորտի հետազոտությունները Հայաստանում սկսվել են 1950-ական թթ-ին ԵՊԻ-ում և ԵՊՀ-ում։ Դրանք նվիրված էին լավագույն ուժային բնութագրերով մեխանիզմների նախագծմանը (Ա. Գազարով) և տարած․ մեխանիզմների կինեմատիկ. սինթեզին (Կ. Շահբազյան)։ Առաջին անգամ տարած․ մեխանիզմների համար կիրառվել է մոտավոր սինթեզի չեբիշևյան մոտեցումը, իսկ թվային հաշվարկներում կիրառվել են առաջին հայկական «Գոհար» համակարգիչները (Մ. Էդիլյան)։
1971-ին կազմակերպվել է միութ. ՄՄՏ-ի մշտ. սեմինարի հայկական մասնաճյուղը։ Միջազգային ճանաչում է ստացել այստեղ սկզբնավորված «Մոտարկումային կինեմատիկական երկրաչափություն» գիտական ուղղությունը (Յու. Սարգսյան), որը տես. հենք է ստեղծել հարթ և տարած․ մեխանիզմների մոտարկումային սինթեզի նոր մեթոդների համար։ Զարգացել են նաև փոփոխ․ կառուցվածքով և երկրաչափ. պարամետրերով բազմագործառույթ մեխանիզմների կոնցեպտուալ նախագծման և մեխանիզմների բազմաչափանիշային դինամիկ․ սինթեզի տես. ապարատը և հաշվող․ մեթոդները, որոնք հաջողությամբ կիրառվել են վերադասավորվող բազմանպատակային սարքերի, խողովակագլոցման սարքավորման, հատուկ նշանակության կառավարման համակարգերի և ավտոմատացման միջոցների նոր փորձանմուշների ստեղծման համար։
1970-ական թթ-ին սկիզբ է առել և ՄՄՏ-ին զուգահեռ ու փոխկապակցված զարգացել է հայկական ռոբոտագիտությունը՝ իր մի շարք ուղղություններով։ Ստեղծվել են ինքնատիպ ստորջրյա մանիպուլյատորներ (Վանաձորի