Այս էջը հաստատված է

«Ավտոմատիկա» ԳԱՄ), թրթռահաղորդակներով և առաձգական հոդակապերով գերճշգրիտ միկրոմանիպուլյատորներ, «Կնճիթ» տիպի բարձր մանևրայնության բազմաշարժուն մոդուլային ռոբոտներ (ԵՊԻ), մշակվել են համընթաց շարժման մանիպուլյատորների կառուցվածքային սինթեզի, էլեկտրամեխանիկական մանիպուլյատորների, մեխատրոնային համակարգերի դինամիկայի և օպտիմալ կառավարման, վերականգնող. կենսամեխատրոնային համակարգերի մոդելավորման ու նախագծման տես. հիմնադրույթներ և արդյունավետ հաշվող․ մեթոդներ (Յու. Սարգսյան, Կ. Ստեփանյան, Մ. Հարությունյան)։

1960-ական թթ-ից Հայաստանում ծավալվել են մեքենաների ու մեքենամասերի ամրության, հուսալիության և երկարակեցության հիմնախնդիրներին նվիրված հետազոտություններ։ Սկիզբ են առել և զարգացել նոր ու հեռանկարային գիտական ուղղություններ՝ մետաղ․ և բաղադրանյութերից պատրաստված մեքենամասերի հոգնածային ամրության և երկարակեցության ուսումնասիրությունն ու հաշվարկային նոր մեթոդների մշակումը՝ քայքայման մեխանիկայի հավանականային մոդելավորման ապարատի կիրառմամբ (Մ. Ստակյան, Ս. Գասպարյան), ծակոտկեն նյութերի պլաստիկության, սողքի ու ամրության տեսությունների մշակումը և փոշենյութերի խտացման ու ձևափոխության տեխնոլոգ․ շարժընթացների վերլուծ. և համակարգչային մեթոդներով մոդելավորումը (Գ. Պետրոսյան), արագընթաց էլեկտր․ մեքենաների առանցքակալային հանգույցների թրթռակայունության ու երկարակեցության բարձրացման մեթոդների մշակումը (Հ. Շեկյան), լեռն․ պայմաններում գործող գյուղատնտեսական մեքենաների ամրության և երկարակեցության բարձրացման խնդիրների ուսումնասիրությունը (Կ. Ալեքսանդրյան)։

Շփագիտությունը և շփատեխնիկան Հայաստանում սկսել են զարգանալ դեռևս 1950-ական թթ-ին՝ կտրող գործիքների մաշակայունության բարձրացման աշխատանքների շնորհիվ (Մ. Կասյան, Ի. Տեր-Ազարև)։ Հետագայում ԵՊԻ-ում ծավալված երկարամյա շփագիտական հետազոտությունների արդյունքում ձևավորվել է միջազգայնորեն ճանաչված ուրույն գիտական ուղղություն՝ բաղադրյալ պոլիմերային նոր նյութերի հիմքով մեքենաների շփահանգույցների և մասերի հեռանկարային նմուշների մշակումն ու հետազոտումը (Ա. Պողոսյան)։ Գործնականորեն առավել կարևոր են էկոլոգիապես մաքուր ասբեստազերծ բաստենիտային նյութերի նոր դասի ստեղծումը և ինքնայուղվող պոլիմերային բաղադրանյութերի ստացումը՝ հայկական հանքանյութերի օգտագործմամբ։ Հայկական շփագիտության զարգացմանն էապես նպաստել է Մաշակայունության և շփման հիմնախնդիրների հայաստանյան կոմիտեն։

ՀՀ անկախացումից հետո երկրում մեքենագիտության զարգացման և միջազգայնացման համար մեծ դեր են խաղացել ՀՀ-ի անդամակցությունը ՄՄՏ միջազգային ֆեդերացիային և նրա Հայաստանյան ազգային կոմիտեի ստեղծումը (1998)։


Մեքենաշինական տեխնոլոգիաներ

Հայաստանում նյութերի մշակման և կտրման բնագավառի առաջին հետազոտությունները կատարվել են տարբեր քարատեսակների (գրանիտ, մարմար, բազալտ և այլն) համար։ Բացահայտվել է կտրման պարամետրերի ու կտրող գործիքի մաշման շարժընթացի կապը, ստացվել են կտրման դինամիկ․ ցուցանիշները և տարբեր քարերի համար կտրման լավագույն արագությունները։ Այդ հետազոտությունների արդյունքները հիմք են ծառայել կտրման տեսության հիմունքների ձևավորման (Մ. Կասյան, Ի. Տեր-Ազարև) և բազային քարաֆրեզիչ հաստոցի ստեղծման համար։ ԵՊԻ-ի մեքենաշինության տեխնոլոգիայի ամբիոնում, այնուհետև Մետաղահատ հաստոցների փորձարար. ԳՀԻ-ի անդրկովկասյան մասնաճյուղում և «Հայմեքշինգիտ» ինստ-ում ծավալվել են նոր տեսակի մետաղահատ հաստոցների, կտրող գործիքների նոր կոնստրուկցիաների մշակման, կտրման լավագույն ռեժիմների ընտրության համալիր հետազոտություններ։

ԵՊԻ-ում, Մետաղահատ հաստոցների փորձարար. ԳՀԻ-ում, «Հայմեքշինգիտ»-ում, ԵՊԻ-ի Վանաձորի և Գյումրիի մասնաճյուղերում կատարված հետազոտությունները հանգեցրել են մրրկապատճենահանման, էլեկտրաքիմիական մշակման, սինթետիկ