Այս էջը հաստատված է

կորունդը որպես կտրող գործիք օգտագործելու հետ կապված նոր տեխնոլոգիաների ստեղծմանը։

ԵՊԻ-ի մեխանիկական ու մեքենաշին. ֆակ-ներում ժամանակին գործող գերձայնային տեխնոլոգիաների և կտրման հոսքաբանության հետազոտ. լաբորատորիաներում ուսումնասիրվել են տարբեր կառուցվածքային նյութերի մեխանիկական մշակման ժամանակ առաջացող երևույթների (Մ. Կասյան, Գ. Մինասյան), տեխնոլոգ. տարբեր միջավայրերում (Հ. Մարգարյան) ու գերձայնային դաշտում (Մ. Վարդանյան) կտրման առանձնահատկությունները, ալմաստային հղկման դեպքում կտրող հատիկների բացման և այլ երևույթներ, որոնք հիմք են դարձել պտտման մարմինների շրջատաշման ու ներտաշման գործողությունների կատարելագործման և նոր կտրող գործիքների ստեղծման համար։ Մշակվել է արտամշակման մեթոդով էլեկտրաշարժիչների իրանների ստացման նոր տեխնոլոգիա (Ռ. Հարությունյան)։

Ներկայումս նյութերի մշակման ասպարեզում ՀՀ-ի առաջատար հետազոտ. կենտրոնը ՀՊՃՀ-ի մեքենաշին. տեխնոլոգիաների հետազոտ. լաբորատորիան է, որի հիմն. գիտական ուղղությունը ժամանակակից տեխնոլոգ. շարժընթացների կատարելագործման հոսքաբան. հիմունքների զարգացումն է։ Ծավալվել են հետազոտություններ՝ նյութերի կտրման նոր տեսության մշակման ուղղությամբ՝ կտրման շարժընթացում առաջացող թերմոդինամիկ. երևույթների հաշվառումով, որը թույլ է տվել մշակել գերձայնային ներգործմամբ կտրման նոր տեխնոլոգիա (Ս. Խրիստաֆորյան)։ Հետազոտությունների մյուս հեռանկարային ուղղությունը բազմասայր կտրող գործիքներով կտրման շարժընթացի ուսումնասիրությունն է՝ գերձայնային դաշտի վերադրմամբ, և գերձայնային տեխնոլոգիաների ու սարքավորման նոր տարատեսակների մշակումը (Բ. Բալասանյան)։

Յուրի Սարգսյան, Միհրան Ստակյան
ԸՆԴԵՐՔԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱ

Հայաստանի տարածքում մետաղագործ. արհեստը հայտնի է դեռևս մ. թ. ա. III-I հազարամյակներից։ Մեծամորի հնագույն հանքամետալուրգ. համալիրում հայտնաբերվել են պղնձի և բրոնզի հալման հորանային վառարաններ, ձուլակաղապարներ ու ձուլագործության մնացուկներ, ինչպես նաև պղնձաքարի և անագաքարի հանքահարստացման պարագաներ։ Մետալուրգ. հնագույն կենտրոններից են նաև Հաղարծինը, Մեղրաձորը, Զանգեզուրը, Գուգարքը ևն։ Սոթքի ոսկու հանքավայրում (մ. թ. ա. 11-1 հազարամյակներ) հայտնաբերվել է 100 մ-ից ավելի երկարությամբ ստորգետնյա լեռն. փորվածքների համակարգ։ Հայտնի են նաև ոսկու հանույթի և մշակման Մեղրաձորի, Համզաչիմանի, Տանձուտի, Տերտերասարի և այլ հանքավայրեր՝ աշխատանքի հնադարյան գործիքներով (քարե հավանգներ, երկանքներ, վաքեր ևն), որոնց մասին հիշատակվում են նաև հայտնի Գեորգ Ագրիկոլայի աշխատություններում։

ՀԽՍՀ-ում հանքարդ-յան և մետալուրգիայի բնագավառի համակարգված ԳՀ աշխատանքներն սկսվել են 1950-ական թթ-ի կեսերից՝ պրոֆ. Հ. Բախչիսարայցևի նախաձեռնությամբ՝ Լեռնամետալուրգ. ԳՀԻ-ի, ապա՝ նաև Գունավոր մետալուրգիայի հայկական ԳՀՆԻ-ի և նախագծային «Հայգունմետգիտնախագիծ» ինստ-ի (1971) հիմնադրմամբ, որոնք անկախացումից հետո միավորվել են «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ում։ 1960-ական թթ-ին ինստ-ի լեռն. աշխատանքների լաբորատորիայում ստեղծվել է (Ռ. Սինանյան, Ց. Աբեղյան) բացահանքերի կողերի և լցակույտերի ռացիոնալ պարամետրերի հետազոտման փորձարար. բազա։ Հետազոտվել են բաց և ստորգետնյա մշակմամբ հանքապարների ֆիզիկամեխանիկական և տեխնոլոգ. հատկությունները՝ ստատիկ. և դինամիկ. բեռնվածքների դեպքում, որոշվել են հանքահորատման օպտիմալ ռեժիմային պարամետրերը, ընտրվել են ռացիոնալ հորատիչ գործիքներ, հետազոտվել ամոնիակային պայթուցիկ նյութերի փոխազդեցությունը սուլֆիդային հանքաքարերի և ստորգետնյա թթվային ջրերի հետ, մշակվել և ներդրվել են հորատապայթեցման աշխատանքների համալիր մեքենայացման հանգույցներ։ Լեռնահանք. ձեռնարկությունների բարդ ռելիեֆային պայմանների համար մշակվել են գետային բարդ տիպի պոչամբարների կառուցման և անվտանգ շահագործման նախագծեր, ինչպես նաև բաց և ստորգետնյա եղանակով մշակման նախագծեր Քաջարանի, Ագարակի, Սոթքի, Կապանի, Դրմբոնի, Թեղուտի ու այլ հանքավայրերի համար, իսկ Քաջարանի բացահանքի համար ստեղծվել է ապարների տեղափոխման ցիկլահոսքային տեխնոլոգիայի փորձն. համալիր։ Մշակվել են կիրճերում և թեք հիմնատակերի վրա կազմավորվող բազմաստիճան լցակույտերի, ինչպես նաև լեռնաբարձունքային բացահանքերի կողերի լարվածային վիճակի հետազոտման և գնահատման մեթոդներ (Լ. Մանուկյան)։ Լեռն. բազմաստիճան լցակույտերի և պոչամբարների հետագա շին-յան համար մշակվել են մակաբացման ապարների ու հանքահարստացման պոչերի համատեղադրման նոր մեթոդներ (Ս. Արզումանյան, Լ. Մանուկյան)։ Բացահայտվել են պոչամբարներում լվացմամբ տեղադրված պոչերի նստվածքների ֆիզիկամեխանիկական հատկությունների՝ ըստ խորության փոփոխության օրինաչափությունները, մշակվել են պոչամբարների հետազոտման նոր մեթոդներ և սարքեր։

Մշակվել և ներդրվել են պղինձ-կապար խտանյութի ընտրության ու ակտիվացրած ածխով թանկարժեք մետաղների սորբման-դեսորբման եղանակներ, կատարելագործվել են հանքաձեռնարկություններում կիրառվող հանքաքարի հարստացման մի շարք սխեմաներ, մշակվել են նորերը (Ա. Սահրադյան, Լ. Գալուստյան)։