Այս էջը հաստատված է

առավել մատչելի միջոցի անհրաժեշտության մտքին՝ դրանով իսկ նպաստելով փիլ. գիտության աշխարհիկ ուղղության վերածնմանը։ Զարգացնելով Անանիա Շիրակացու ուսմունքը՝ Հովհաննես Սարկավագն առաջադրել է 4 տարրերի տեսությունը, որոնք իրենց հակադիր հատկանիշներով հավասարակշռում են միմյանց և բնության մեջ ստեղծում «հակադրությունների ներդաշնակություն»։ Հանդես գալով «առանց փորձի գիտելիքը չի կարող ճշմարիտ համարվել» սկզբունքով՝ Սարկավագը նոր հեռանկար է բացել բնության ուսումնասիրության ասպարեզում։ Նորարար. բնույթ են ունեցել նաև նրա գեղագիտ-փիլ. հայացքները։ «Բան իմաստութեան» քերթվածում Սարկավագը շոշափել է բնության և մարդու, բնության և արվ-ի հարաբերակցության հարցերը։ Սարկավագի կարծիքով՝ մարդկային արվ-ը բնության ներկայացուցչի՝ սարյակի արվ-ի համեմատությամբ անկատար է, որովհետև վերջինս հավատարիմ է մնացել աստվածային-բնական կարգին, իսկ մարդը պատվիրազանցության հետևանքով զրկվել է «բնատուր պարգևից»։

Փիլ. դատողություններ կան նաև XII դ-ի բանաստեղծ, փիլիսոփա Ներսես Շնորհալու երկերում։ Նյութ. գոյին զուգահեռ նա ընդունել է աննյութականի գոյությունը։ Ըստ նրա՝ նյութականը ճանաչվում է զգայարաններով, աննյութականը՝ բանականությամբ։ Նյութ. աշխարհը բաղկացած է 4 տարրերից, որոնք հավիտենական են, իսկ նրանց միավորումից առաջացած եզակի իրերն ու առարկաները՝ վերջավոր։ Մարմինն ու հոգին բնույթով միանգամայն տարբեր են. մեկը տեսանելի է, ժամանակավոր, մյուսը՝ անտեսանելի, հավերժական, սակայն նրանց միավորումից հետո մարդն օժտվում է մեկ բնությամբ։ Շնորհալին մերժել է ինքնանպատակ հավատը և ձգտել է կրոնը ծառայեցնել հասարակության շահերին։ Շնորհալու սկզբունքները Կիլիկիայում պաշտպանել ու զարգացրել է Ներսես Լամբրոնացին։ Ըստ նրա՝ արարված ողջ բնությունը 4 տարրերի միասնությունն է։ Մարդու իմաց. կարողությունը նա կապել է մարմնում հոգու առկայության հետ։ Լամբրոնացու հայացքները որոշակիորեն ներթափանցված են դիալեկտիկ․ մտածողության տարրերով։

XIII դ-ի հայ փիլ-յան խոշորագույն դեմքերից է Վահրամ Րաբունին, որն ապրել ու ստեղծագործել է Կիլիկիայի հայկական պետության հզորացման շրջանում, եղել արքուն. գրասենյակի ատենադպիր։ Տիեզերաբան․ և բնազանց․ հարցեր քննարկելիս Րաբունին հետևել է նախորդ դարերի հայ փիլիսոփաների միաստվածապաշտ. և աստվածակենտրոն վարդապետությանը՝ այն լրացնելով աստիճանակարգված տիեզերքի մասին արեոպագիտյան ուսմունքով։ Հավատի և բանականության, փիլ-յան և աստվածաբանության հարաբերակցության հարցը նա վճռել է հավատի և աստվածաբանության օգտին, սկզբունքորեն մերժել 2 իրար հակասող ճշմարտությունների գոյության հնարավորությունը։ Ունիվերսալիաների հիմնահարցը Րաբունին լուծել է արիստոտելյան և դավիթանհաղթյան ոգով, ընդ որում՝ շեշտել է անհատ գոյացությունների գոյաբան. առաջնությունը սեռերի և տեսակների նկատմամբ, ընդհանուրի գոյությունը պայմանավորել է անհատ իրերի գոյությամբ։

XIII դ-ի հայ փիլ-յան ինքնատիպ դեմքերից է Հովհաննես Երզնկացի Պլուզը, որի փիլ. հայացքներն ունեն մարդասիր. ուղղվածություն։ Բացառիկ է Երզնկացու «Ի տաճկաց իմաստասիրաց գրոց քաղեալ բանք» աշխատությունը՝ հայ-արաբ. փիլ. առնչությունների տեսանկյունից։ Բնափիլ. երկերում Երգնկացին շարունակել է Շիրակացու ուսմունքը, ձգտել է բացահայտել ֆիզիկական երևույթների բնական պատճառները։ Նրա փիլ-յան մեջ կենտրոնական տեղ է զբաղեցում մարդու հիմնախնդիրը։ Տիեզերքում մարդու կարգավիճակի հարցը նա դիտարկել է 2 տեսանկյունից՝ տիեզերաբան-բնապաշտ. և կրոնաբարոյական։ Հոգու և մարմնի հարաբերակցության հարցը շոշափելիս Երզնկացին նախ փորձել է բացահայտել դրանց միավորման բնախոս․ հիմքերը, ապա ձգտել է «արդարության» սկզբունքի տեսանկյունից մեղմել հոգու և մարմնի միջև առկա բնազանց․ հակադրությունը՝ կարևորելով թե՛ մեկի և թե՛ մյուսի դերը մարդու փրկության գործում։ Իմացաբան. լավատեսությունը, գիտության և իմաստության ջատագովությունը Երզնկացու աշխարհայացքի կարևոր կողմերից են։ Նա պաշտպանել է հավատի ու բանականության, տես. ու գործն․ իմաստության միասնության գաղափարը։ Գիտության ճշմարտությունները, ըստ նրա, վերազգային ու վերկրոն. բնույթ ունեն, ուստի չպետք է խորշել օտարազգի և այլադավան մտածողների աշխատությունների ուսումնասիրությունից։ Երզնկացու մարդասիրությունը ցայտունորեն դրսևորվել է նրա քաղաքագիտական ուսմունքում։ Պետությունը պետք է կառավարեն նրանք, ովքեր քաջատեղյակ են կառավարման արվ-ին ու գիտությանը, ովքեր օժտված են կառավարման համար անհրաժեշտ իմացաբան., գործն., բարոյաիրավական փորձով ու գիտելիքներով։ Երզնկացին պաշտպանում է պետության մեջ օրենքների գերակայության մասին միտքը, օրենքը երկրի (քաղաքի) հոգին է։

XIV դ-ում, չնայած Հայաստանի սոցիալ-քաղաքական և տնտեսական ծանր կացությանը, հայ փիլ. միտքը վերելք է ապրել, որին նպաստել են նոր դպրոցների ու համալսարանների հիմնադրումը, Հայ եկեղեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ միավորման կողմնակիցների (միարարականների) և նրանց հակառակորդների միջև գաղափարական պայքարի սրումը, առաքել-քարոզչական նպատակով Հայաստան եկած լատին մտածողների գիտակրթական գործունեությունը և այլն։ Այս շրջանի հայ փիլ. մտքի աշխուժացման ու զարգացման համար հատկապես նշանակալի էր լատին մտածողներ Բարդուղիմեոս Բոլոնիացու (Մարաղացի) և Պետրոս Արագոնացու ավանդը, որոնք կաթոլիկություն ընդունած հայ ուսյալների աջակցությամբ հայերեն են թարգմանել Ժիլբերտ Պոռետացու, Ալբերտ Մեծի, Թովմա Աքվինացու և ուրիշներ փիլ. և աստվածաբան. երկերը, ինչպես նաև հայ-ի են փոխադրել իրենց աշխատությունները։