Դրանք որոշ չափով ընդլայնել են անտիկ և միջնադարյան եվրոպ. փիլ-յան մասին տեղեկությունների շրջանակը, հայ փիլ-յան մեջ են ներմուծել դպրոցային փիլ-յան իմաստասիրման եղանակը, յուրօրինակ ձևով խթանել ազգային փիլ. ավանդույթների վերածնումը։ Այս երևույթներն արտահայտվել են Գլաձոր-Տաթևի փիլ-աստվածաբան. դպրոցի ներկայացուցիչների՝ Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու, Մատթեոս Ջուղայեցու և Առաքել Սյունեցու աշխատություններում։ Ինչպես XIII-XIV դդ-ի արևմտաեվրոպ. դպրոցային (սխոլաստիկ) փիլիսոփաների, այնպես էլ տաթևացիների փիլ-ը համադրական ու հավաքաբան. բնույթ ուներ։ Հայ մտածողների աշխատություններում քննարկվել են Աստծու գոյության, Աստծու և աշխարհի, Աստծու և մարդու, հոգու և մարմնի, հավատի և բանականության, աստվածաբանության և փիլ-յան, տես. և գործն․ փիլ-յան, ունիվերսալիաների (ընդհանուր հասկացություններ), բնության, մարդու կամքի ազատության և ճակատագրի, անհրաժեշտության ու նախախնամության, աշխարհիկ և հոգևոր իշխանությունների հարաբերակցության հարցերը։
Տաթևի համալսարանի հիմնադիր Հովհան Որոտնեցու տես. ժառանգության մեջ առանձնանում են Արիստոտելի «Կատեգորիաների» և «Մեկնութեան մասին» աշխատությունների մեկնությունները, որտեղ հայ մտածողը մանրամասնորեն վերլուծել ու մեկնաբանել է կատեգորիաների և դատողությունների մասին արիստոտելյան ուսմունքը։ Հավատի և բանականության հարաբերակցության հարցը Որոտնեցին վճռել է հավատի օգտին՝ համարելով, որ բանականության պնդումները ճշմարիտ կարող են լինել այնքանով, որքանով համապատասխանում են Հայտնության ճշմարտություններին։ Ելնելով արարչագործության սկզբունքից՝ Որոտնեցին քննադատել է աշխարհի առաջացման վերաբերյալ անտիկ մատերիալիստ. և դուալիստ․ տեսությունները, պաշտպանել այն միտքը, որ Աստծու գոյությունը կարելի է հիմնավորել բանականության միջոցով՝ ապացույցների օգնությամբ՝ «հետևանքներից դեպի պատճառը»։ Նա յուրօրինակ ձևով վերարտադրել է Թովմա Աքվինացու առաջադրած Աստծու գոյության տիեզերաբան․ բնույթի բոլոր ապացույցները։
Որոտնեցին հանգամանորեն անդրադարձել է ունիվերսալիաների բնույթի, անհատի և ընդհանուրի հարաբերակցության հարցին՝ այն դիտարկելով առաջնության, հավասարության և առավելության տեսանկյուններից։ Պաշտպանելով հարցի լուծման Արիստոտելի և Դավիթ Անհաղթի չափավոր ռեալիստ․ տեսակետը՝ նա միաժամանակ շեշտել է ընդհանուրի նկատմամբ անհատ գոյացությունների առավելության ու առաջնության մասին միտքը։
Հովհան Որոտնեցու գաղափարներն ավելի համակարգված ձևով զարգացրել է նրա աշակերտ Գրիգոր Տաթևացին, որի գրչին են պատկանում «Գիրք հարցմանց», «Գիրք քարոզութեան» (Ամարան և Ձմերան հատորներ), «Գիրք որ կոչի Ոսկեփորիկ», «Լուծմունք համառօտ ի տեսութիւնն Դաւթի» և այլ երկեր։ Տաթևացին հստակորեն իրարից սահմանազատել է փիլ-յան (բնական քննություն) և աստվածաբանության (հավատի տեսություն) ուսումնասիրության առարկաները, խնդիրներն ու նպատակները։ Թեև նա հավատը բարձր է դասել բանականությունից, այդուհանդերձ, պնդել է, որ Աստծու գոյությունը կարելի է հիմնավորել ոչ միայն հավատով, այլև բանականությամբ։
Աստվածիմացության դրական և ժխտական մեթոդներից Տաթևացին նախապատվությունը տվել է ժխտականին, քանի որ այն զերծ է մարդակերպության մեկնաբանությունից։ Մարդու կարգավիճակի հարցը դիտարկել է քրիստ. մարդակենտրոնության տեսանկյունից՝ պաշտպանելով մարդու աստվածանմանության, մյուս արարածների նկատմամբ նրա առավելության և գերազանցության միտքը։ Չհակադրվելով մարմնի մասին քրիստ. պատկերացմանը՝ նա փորձել է պաշտպանել մարմնի «բնական իրավունքները»։ Ունիվերսալիաների հարցը քննարկելիս, պաշտպանելով Որոտնեցու տեսակետը, Տաթևացին ընդհանուրի նկատմամբ անհատի գոյաբան. առաջնայնության մասին միտքն օգտագործել է կրոնադավանաբան. պայքարում՝ հիմնավորելու համար առանձին, տվյալ դեպքում՝ Հայոց եկեղեցու առավելությունն ու գերազանցությունը ընդհանուր եկեղեցու՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու նկատմամբ։
Քննարկելով անհրաժեշտության և ազատության հարաբերակցության հարցը՝