Այս էջը հաստատված է

Ուխտանես եպիսկոպոսը (մոտ 935-1000) շարադրել է Հայոց Աբգար թագավորի՝ քրիստոնեություն ընդունելու, Սբ Գրիգոր Լուսավորչի, Սբ Տրդատ Գ Մեծ թագավորի, Սբ Հռիփսիմյաևց կույսերի, Հայ եկեղեցուց Վրաց եկեղեցու պառակտման ու քաղկեդոնականությանը հարելու պատմությունը։

Միաժամանակ ստեղծվել են նշանավոր ավատատիր. տոհմերի տեղական շահերն արտահայտող պատմ. երկեր։ Թովմա Արծրունին (IX դ-ի 2-րդ կես-X դ-ի սկիզբ) և նրան շարունակող Անանուն պատմիչը գրել են Արծրունիների և Վասպուրականի, Մովսես Դասխուրանցին (X դ.)՝ Արցախի և Ուտիքի պատմությունները։

Բագրատունյաց թագավորության հզորացման ժամանակաշրջանում (X դ-ի կես-XI դ-ի 1-ին քառորդ) հայ պատմագրության մեջ վերստին ուժեղացել է համայն Հայաստանի և նույնիսկ հարևան երկրների պատմությունն ընդգրկող երկեր ստեղծելու միտումը, որի վկայությունն է Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի (X դ-ի վերջ-XI դ-ի սկիզբ) «Պատմութիւն Տիեզերականը»։ Արիստակես Լաստիվերցու (XI դ.) «Պատմութիւնը», որն ստեղծվել է սելջուկ թուրքերի ավերիչ արշավանքների ժամանակ, ունի ողբի բնույթ։ Պատմիչն անդրադարձել է նաև երկրում բռնկված սոցիալական շարժումներին։ Ընդհանրապես IX-XIII դդ-ի հայ պատմագրությունը համեմատաբար հաճախ է անդրադարձել երկրի ներքին կյանքին (տնտեսական վիճակ, քաղաքների զարգացում և այլն)։

Սելջուկ թուրքերի տիրապետության հաստատմամբ, սկսված տնտեսական և մշակութ. անկման պայմաններում XII դ-ի հայ պատմագրության մեջ տարածվել է ժամանակագրության ժանրը (Մատթեոս Ուռհայեցի, Սամուել Անեցի, Մխիթար Անեցի և ուրիշներ)։

XIII դ-ում Հայաստանի հյուսիս-արլ. նահանգների ազատագրմամբ և, ի դեմս Զաքարյանների ավատատիր. իշխանապետության, հայ պետականության վերականգնմամբ, հայ պատմագրությունն ապրել է նոր առաջընթաց, որը բնորոշվում է պատմ. հարցերի ավելի խոր ու բազմաբովանդակ ընդգրկումով, աշխարհիկ մտածողությամբ, նյութի մատուցման ավելի պարզ ու դյուրըմբռնելի եղանակով։ Հայ պատմագրության այդ նոր դպրոցի հիմնադիր համարվում է Վանական Վարդապետը, որի «Պատմութիւնը» թեև մեզ չի հասել, բայց մեծ ազդեցություն է թողել նրա հաջորդների՝ Կիրակոս Գանձակեցու, Վարդան Արևելցու, Գրիգոր Ակներցու երկերի վրա։ Կիրակոս Գանձակեցին իր «Պատմութիւն Հայոց»-ում, օգտագործած աղբյուրներին ցուցաբերելով քննական-վերլուծ. մոտեցում, շարադրել է IV-XIII դդ-ի Հայաստանի քաղաքական, տնտեսական, հոգևոր և մշակութային պատմությունը՝ այն կապակցելով հարևան երկրների առավել կարևոր իրադարձությունների հետ։ Ի թիվս այլ իշխան. տների՝ մեծ տեղ է հատկացրել Խաչենի իշխան․ տան պատմությանը։ Վարդան Արևելցին իր «Հաւաքումն պատմութեան» երկում բացահայտում է հայ ժողովրդի նկատմամբ Արևմուտքի երկրների և Հռոմի պապի վարած նենգ քաղաքականությունը և հանգում այն կարևոր եզրակացության, որ քաղաքական կողմնորոշման համար անհրաժեշտ է 2 գործոն՝ դաշնակցի աշխարհայացքային-կրոն. ընդհանրությունը և աշխարհագր. մերձավորությունը։ Ստեփանոս Օրբելյանի (1250-ական թթ.-1305) «Պատմութիւն նահանգին Սիսական» երկը շարադրված է վավերագր. աղբյուրների հմուտ օգտագործմամբ։ Տալով Սյունյաց նահանգի աշխարհագր. նկարագիրը՝ նա պատմությունը կապել է որոշակի տարածքի հետ՝ հաստատելով, որ տարածքից դուրս չկա պատմություն։

Կիլիկյան Հայաստանի պատմագրության խոշոր ներկայացուցիչներն են Սմբատ Սպարապետը և Հեթում պատմիչը։ Վերջինիս «Պատմութիւն թաթարաց» երկը Արևելքի ընդհանուր պատմությունը շարադրելու փորձ է (ներկայացված է ասիական 14 երկրի պատմա-աշխարհագր. տեսությունը)։ Այն միջնադարյան Եվրոպայում օգտագործվել է որպես Արևելքի երկրների աշխարհագրության, տնտեսության և քաղաքական կյանքի տեղեկատու ձեռնարկ։

XIV-XVI դդ-ի հայ պատմագրության անկումը հետևանք էր Հայաստանի նվաճման, նրա տարածքում մղված արյունահեղ պատերազմների և հայկական խոշոր ավատատիր. տների ու իշխանապետությունների վերացման։ Այդ ժամանակաշրջանի պատմագրությունը ներկայացված է հիմնականում մանր ժամանակագրություններով (բացառություն է Թովմա