Այս էջը հաստատված է

Մեծոփեցու «Պատմութիւն Լանկ-Թամուրաեւ յաջորդաց իւրոց» երկը)։

XVII դ-ում՝ ազգապահպանման համար պայքարի զարթոնքի շրջանում, վերելք է ապրել նաև հայ պատմագրությունը։ Պատմությունը կրկին դարձել է ազգային ինքնաճանաչման և արժանապատվության բարձրացման, հայրենիքի ու դավանանքի նկատմամբ սեր ու նվիրվածություն դաստիարակելու միջոց։ Ի տարբերություն նախորդների՝ XVII-XVIII դդ-ի պատմագիրներ Գրիգոր Դարանաղցին, Առաքել Դավրիժեցին, Զաքարիա Սարկավագ Քանաքեռցին, Զաքարիա Ագուլեցին, Աբրահամ Գ Կրետացին, Խաչատուր Ջուղայեցին, Սիմեոն Ա Երևանցին, Երեմիա Չելեպի Քյոմուրճյանը, Ստեփանոս Շահումյանը, Եսայի Հասան-Ջալալյանը, Աբրահամ Երևանցին իրենց երկերում զգալիորեն անդրադարձել են ժողովրդի նիստ ու կացին, ավանդույթներին ու սովորություններին, հայկական գաղթավայրերին, հետևողականորեն զարգացրել լուսավորության, քաղաքական ու մշակութ. վերածնության, ազատության գաղափարը, ներբողել նորն ու առաջավորը։ Հայ պատմագրությունը հարստացել է օրագրության և ուղեգրության ժանրերով (Զաքարիա Ագուլեցի, Երեմիա Չելեպի Քյոմուրճյան)։ Ընդհանուր առմամբ, XVII-XVIII դդ-ի հայ պատմագրությունը կրում է նոր շրջանին բնորոշ զարգացող բուրժ. հարաբերությունների ազդեցությունը, որով էլ պայմանավորված էր նրա աշխարհականացումը։

XVIII-XIX դդ-ում է ստեղծագործել նաև Միքայել Չամչյանը (1738-1823), որի եռահատոր «Պատմութիւն Հայոց...»-ը Հայաստանի և հայ ժողովրդի քննական պատմություն ստեղծելու առաջին փորձն է հայ պատմագրության մեջ։ Այն էականորեն տարբերվում է հայ ավանդ․ պատմ. երկերից՝ իրավամբ համարվելով հայ նոր պատմագիտության նախակարապետը։ Արժեքավոր են նաև Ղուկաս Ինճիճյանի, Հովսեփ Գաթըրճյանի ու մյուս Մխիթարյանների հայագիտական գործերը։

Լևոև Բաբայան
XIX-XX դարերի պատմագիտությունը

XIX դ-ում և XX դ-ի սկզբին հայ պատմագիտությունն աննախընթաց զարգացում է ապրել։ Եվրոպայում և Ռուսաստանում պատմագիտության առաջընթացը, Ռուս․ կայսրությանը միացման հետևանքով Արևելյան Հայաստանում տնտեսական և հասարակական կյանքի տեղաշարժերը, Ռուսաստանում դրական բարեփոխմանը միտված մտավոր հեղաբեկումները և, վերջապես, բուրժ. հարաբերությունների աստիճանական մուտքն արևելահայ իրականություն զգալիորեն նպաստել են անցյալում գերիշխող կղերապահպանող. պատմահայեցողության կաշկանդող մտածելակերպի վերանայմանն ու հաղթահարմանը։

Եթե մինչ այդ Միքայել Չամչյանի պատմահայեցողության սկզբունքներն արտացոլում էին հին ու միջնադարյան Հայաստանի արտադրահարաբերությունների կացությունը, փառաբանում թագավորների, զորավարների, բարձրաստիճան եկեղեցականների, այլևայլ երևելի դեմքերի գործունեությունը, ապա Խաչատուր Աբովյանը (1809-1848), Մեսրոպ Թաղիադյանը (1803-1858) առաջիններն էին, որ ըմբոստացան նշանավոր մարդկանց գործունեությունը ներբողող պատմագրության դեմ և առաջադրեցին գիտական պամագիտություն ստեղծելու պահանջը, որտեղ կենսագործունեության ապահովման գլխավոր դերակատարն ու գործուն ուժը պետք է լինի ժողովուրդը։ Հատկանշական է, որ Շառլ Լուի Մոնտեսքյոյի «Մտորումներ հռոմեացիների մեծության և անկման պատճառների մասին» աշխատությունն ազդակ է եղել որ Խ. Աբովյանը հերքի Անի քաղաքի անկման վերաբերյալ առասպելը։ Խ. Աբովյանի պատմահասարակագիտական հայացքն անդրադարձնում էր անցյալի մի ըմբռնում, ըստ որի՝ կազմավորվում էր նրա քաղաքական առկա կողմնորոշումը։ Անցյալի ռոմանտիկ. ընկալումն ու վերապատկերումը Խ. Աբովյանի և Մ. Թաղիադյանի համար ժողովրդի սրտում ազգային արժանիքի և հպարտության զգացում արթնացնելու միջոցներ էին։ Վերջինիս պատմագիտական հրապարակախոսությունը հիմնականում առնչվում է Հայաստանի զարգացման, հայության համախմբման, տնտեսական, քաղաքական և լուսավոր․ ձեռնարկումներին։ Մ. Թաղիադյանն առաջինն էր, որ «Ճանապարհորդութիւն